Մատչելիության հղումներ

Արայիկ Հարությունյանը ցուցմունք է տվել՝ ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների


Դատարան Բաքվում, արխիվ
Դատարան Բաքվում, արխիվ

Բաքվում այսօր շարունակվել է այնտեղ պահվող հայերի դատավարությունը: Դատից մանրամասներ են հաղորդում միայն պետական լրատվամիջոցները, այն էլ ուշ երեկոյան:

Պետական ԱՊԱ գործակալությունը գրում է, որ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր շարունակել է ցուցմունք տալ: Անկախ լրատվամիջոցների ու միջազգային կառույցների բացակայությամբ ընթացող դատական նիստին, ըստ ԱՊԱ-ի՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում իբր «ցանկացել է նամակ ուղարկել» Ադրբեջանի նախագահին պատերազմը դադարեցնելու մասին, սակայն Հայաստանի վարչապետը չի տվել այդ հնարավորությունը:

Հայաստանի արտգործնախարարությունը օրերս հայտարարեց, որ ՀՀ կառավարությունը շարունակում է Բաքվում հայազգի ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց նկատմամբ արգելված միջոցների կիրառման մասին տեղեկություններ ստանալ, հիշեցնելով Բաքվին՝ հայազգի ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց կալանավորումն ու հետապնդումը հանդիսանում է միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու հիմնարար իրավունքների կոպիտ խախտում։

Հունվարի վերջին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ «հետախուզական տեղեկություններ ունենք, որ այդ մարդկանց նկատմամբ հոգեներգործուն արգելված միջոցներ են կիրառում, որպեսզի տարածաշրջանային էսկալացիաները հրահրելուն ուղղված խոսույթներ, ցուցմունքներ կորզվեն նրանցից»։

Դատական պրոցեսները համարելով բեմականացում՝ պաշտոնական Երևանը հայտարարության մեջ պնդել էր՝ Ադրբեջանի իշխանությունները դա օգտագործում են որպես Հայաստանի Հանրապետության վրա քաղաքական ճնշումների և հասարակության շրջանում մանիպուլյացիայի գործիք՝ հաշվի առնելով խնդրի զգայունությունը յուրաքանչյուր ընտանիքի անդամի և ողջ հասարակության համար։

Ադրբեջանական բանտերում 23 հայ է պահվում, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից Արցախի վրա 2023-ին սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակման հետևանքով գերեվարված 16 անձինք։ Գերեվարվածների շարքում են արցախցի ութ նախկին պաշտոնյաները:

Բաքուն Արցախի նախկին պաշտոնյաներին ծանր մեղադրանքներ է առաջադրել՝ ահաբեկչությունից մինչև ապօրինի զինված խմբավորումների կազմավորում։

XS
SM
MD
LG