Մատչելիության հղումներ

Միրզոյանը Ադրբեջանում հայերի դեմ դատավարությունները կեղծ է անվանել


Արտգործնախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունենում ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում, 24-ը փետրվարի, 2025թ.
Արտգործնախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունենում ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում, 24-ը փետրվարի, 2025թ.

Հենց այս պահին Ադրբեջանում ընթանում են կեղծ դատավարություններ 23 հայ անձանց նկատմամբ, ովքեր կամայականորեն են ազատազրկված, հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում ունեցած ելույթում նախարարը նշել է, որ այդ դատավարություններում անտեսվում են պատշաճ դատավարության համար անհրաժեշտ մարդու իրավունքների չափանիշները։

Ադրբեջանական բանտերում դեռ 23 հայ է պահվում, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից Արցախի վրա 2023-ի սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակման հետևանքով գերեվարված 16 անձինք։ Գերեվարվածների շարքում են արցախցի ութ նախկին պաշտոնյաները:

Հայտարարելով, որ հարևան Ադրբեջանից հնչող հայտարարությունները շարունակում են կասկածի տակ դնել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, Արարատ Միրզոյանն իր ելույթում միաժամանակ վերահաստատել է Երևանի հավատարմությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման իր օրակարգին: Նա հիշեցրել է, որ ՀՀ-ն մի քանի առաջարկներ է արել ադրբեջանական կողմին, այդ թվում՝ Խաղաղության պայմանագրի, տրանսպորտային ենթակառուցվածքների բացման, սպառազինությունների փոխադարձ վերահսկման և վերիֆիկացիայի մեխանիզմի և այլ համատեքստում։

«Կցանկանայի ևս մեկ անգամ վերահաստատել հայկական կողմի պատրաստակամությունը՝ թշնամանքի էջը շրջելու և ինստիտուցիոնալիզացված խաղաղություն հաստատելու հարցում։ Մենք ոչ միայն պատրաստ ենք դրան, այլև չենք շեղվելու այդ ուղուց», - ասել է Միրզոյանը:

XS
SM
MD
LG