Մատչելիության հղումներ

Բաքվում ԼՂ նախկին ղեկավարների «շոու» դատավարությունն Ալիևի անձնական վրեժխնդրությունն է․ Զատուլին


Բակո Սահակյան, Արայիկ Հարությունյան, Լևոն Մնացականյան, Դավիթ Մանուկյան, Դավիթ Իշխանյան, Դավիթ Բաբայան
Բակո Սահակյան, Արայիկ Հարությունյան, Լևոն Մնացականյան, Դավիթ Մանուկյան, Դավիթ Իշխանյան, Դավիթ Բաբայան

«Բաքվում սկսվել է «շոու» դատավարությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին ղեկավարների և մի քանի հայրենակիցների նկատմամբ», - հայտարարել է Ռուսաստանի Պետական դումայի ԱՊՀ գործերով և հայրենակիցների հետ կապերի գծով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինն ՝ այն համարելով Ադրբեջանի նախագահի անձնական վրեժխնդրություն։

Ընդգծելով, որ հարուցված 1389 քրեական գործերով մեղադրյալների մեջ են նաև իր ընկերները՝ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը՝ Զատուլինը նկատել է՝ Լեռնային Ղարաբաղի ողջ հայ բնակչությունն՝ ավելի քան 100 հազար մարդ, լքել են իրենց տները, եկեղեցիներն ու պապենական գերեզմանները և փախել Հայաստան, և դատելով նրանից, թե ինչ է այսօր կատարվում Բաքվում, ըստ Զատուլինի, փախստականները միանգամայն իրավացի էին։

«Սա 21-րդ դարի խայտառակությունն է՝ թեկուզ ավելի փոքր մասշտաբով կրկնելով 20-րդ դարասկզբի հայերի կոտորածի սարսափները», - հայտարարել է Ռուսաստանի Պետական դումայի պատգամավորը՝ նշելով, որ ռուս-հայկական «Լազարևսկի ակումբի» խորհուրդը հայտարարություն է պատրաստում Բաքվի դատավարության վերաբերյալ։

Բաքվի զինվորական դատարանում հունվարի 17-ին մեկնարկել է Ադրբեջանում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս գերիների դատավարությունը։ Ծանր մեղադրանքներ են առաջադրվել Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանին, Բակո Սահակյաին, Արկադի Ղուկասյանին, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, բարձրաստիճան զինվորականներ Լևոն Մնացականյանին, Դավիթ Մանուկյանին, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանին:

Ռուբեն Վարդանյանի գործն առանձնացվել է մյուս պաշտոնյաների գործից: Նա արդեն բարձրաձայնել է՝ իրեն ցմահ ազատազրկում է սպառնում: Հայ ռազմագերիների շահերը Բաքվի դատարանում ներկայացնում են ադրբեջանցի հանրային պաշտպամնները:

XS
SM
MD
LG