Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարներին ու մյուսներին ազատ արձակելու ուղղությամբ միջազգային հանրությունը ոչինչ չի անելու, քանի դեռ Հայաստանի իշխանությունները այդպիսի հստակ պահանջ չեն ներկայացրել. Բաքվում 16 հայերի դատավարության մեկնարկին զուգահեռ հայտարարում են Երևանում կրկին բողոքի ակցիայի դուրս եկած քաղաքացիները:
«Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ բանակցային գործընթացում մշտապես անդրադառնում են այդ հարցին, բայց ինչպես նախկինում եմ նշել, այս անգամ էլ կկրկնեմ, որ առնվազն այդ ջանքերը տեսանելի չեն», - ասաց Արցախի նախկին ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:
«Միջազգային ճնշման բազմաթիվ գործիքներ կան, որոնցից որևէ մեկն Ադրբեջանի նկատմամբ կիրառված չէ»
Միայն Հայաստանի իշխանությունների քայլերից, թեման միջազգային կառույցների օրակարգ մտցնելուց հետո է հնարավոր Ադրբեջանի նկատմամբ ճնշման աճ ակնկալել, ընդգծում է Արցախի նախկին ՄԻՊ-ը:
«Միջազգային ճնշման բազմաթիվ եղանակներ, միջոցներ ու գործիքներ կան, որոնցից որևէ մեկն այս պահի դրությամբ Ադրբեջանի նկատմամբ կիրառված չէ», - ընդգծեց Ստեփանյանը:
Նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի և մյուսների դատավարությունը փակ է, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործն առանձին է քննվելու, Բաքվի զինվորական դատարանի նույն դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ:
Կեղծ դատավարություններ են, պահվող անձանց տարրական իրավունքների կապտագույն խախտումներով, Արցախից հայերի բռնի տեղահանումից հետո արդեն 1.5 տարի աղաղակում են պարբերաբար նման ցույցեր անցկացնող քաղաքացիները, քաղաքական դեմքերն ու իրավապաշտապնները:
«Իսկ այլ ի՞նչ գործիք ունենք էդ մարդկանց իրավունքները պաշտպանելու, սա է ամենակարևոր հարցը, երբ որ ռացիոնալ փորձում ես մտածել, ինչպես օգնել այնտեղ գտնվող մարդկանց և փորձում ես կիրառության մեջ դնել բոլոր գործիքները, այդ թվում նաև միջազգային հարթակներում կամ Հայաստանի Հանրապետության ներսում նրանց իրավունքների մասին պարբերաբար բարձրացնելը», - նշեց Գեղամ Ստեփանյանը:
Արտակ Բեգլարյանը Բաքվում մեկնարկող գործընթացը շոու է որակում
Բաքվում մեկնարկող գործընթացը շոու է որակում Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը. ասում է՝ անհիմն ու նվաստացուցիչ դատավարություն է սպասվում:
«Այս շոուն միտված է բոլորիս արժանապատվությունը նվաստացնելու, ամբողջ հայ ժողովրդին, նաև ադրբեջանական հասարակությանը կերակրելու իրենց հայատյաց տրամադրությունները», - ասաց նա:
Արտակ Բեգլարյանի կարծիքով՝ լավ է, որ Ռուբեն Վարդանյանին հաջողվեց իր իրավունքների կոպիտ խախտումների ու կեղծիքների մասին ընտանիքի միջոցով բարձրաձայնել։ Այն Բաքվի նկատմամբ ճնշումն ավելացնելու լրացուցիչ իրավական հիմքեր է տալիս. - «Բայց կրկին, այդ ճնշումը կմեծանա, եթե Հայաստանի քաղաքական իշխանությունները դրա քաղաքական կամքն ունենան, որովհետև միջազգային կառույցները, տարբեր կառավարություններ շատ ուղիղ ասում են՝ եթե Հայաստանի օրակարգում այս հարցը չկա, դուք ի՞նչ եք մեզնից ուզում»:
Բողոքի ցույցն այսօր մեկնարկեց ՄԱԿ գրասենյակի առջև, այնտեղ նամակ ընթերցեցին՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարից, անդամ պետություններից պահանջելով առավելագույն ճնշում գործադրել Ալիևի ռեժիմի վրա Բաքվում պահվող հայ պատանդներին անհապաղ ազատ արձակելու համար: Ապա երթով շարժվեցին Արտաքին գործերի նախարարություն:
Հայաստանի իշխանություններին ակցիայի մասնակիցները կոչ արեցին հստակ քայլեր ձեռնարկել ադրբեջանական բանտերում ծանր մեղադրանքներով պահվող հայերի վերադարձի համար։
Գերիների հնարավոր վերադարձի համար արվում է ամենօրյա աշխատանք, տարբեր առիթներով հավաստիացրել են իշխանությունները, բայց առանց հստակ մանրամասների։