Բաքվում այսօր տեղի է ունեցել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով նախնական դատական նիստը, որի մասին որոշ մանրամասներ է հայտնում ադրբեջանական APA գործակալությունը։ Աղբյուրի համաձայն՝ նիստն անցել է «բաց ռեժիմով»։
Լրատվամիջոցը լուսանկարներ է հրապարակել, դրանցում պատկերված են Վարդանյանը և ադրբեջանական բանտերում պահվող Արցախի մյուս գերեվարված նախկին պաշտոնյաները։
APA-ն գրում է, որ այսօրվա նիստի ընթացքում, որը տեղի է ունեցել Բաքվի Դատական համալիրում գտնվող զինվորական դատարանի նոր վարչական շենքում, պարզվել են Ռուբեն Վարդանյանի անձնական տվյալները։
«Ազատության» ադրբեջանական ծառայության փոխանցմամբ՝ թեև հայտարարվել է, որ դատն անցում է «բաց ռեժիմով», այսօրվա լսումներն անցել են փակ դռների ետևում, նիստերին թույլատրել են մասնակցել միայն Ադրբեջանի երկու պաշտոնական լրատվամիջոցների՝ AzTV-ի և Azertac-ի աշխատակիցներին։
Արցախի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանը դատվում է միայնակ։ Այս դատավարության ընթացքում մեղադրանքը պաշտպանելու են վեց դատախազներ, որոնցից երկուսը գլխավոր դատախազ Քեմրան Ալիևի օգնականներն են։
Ըստ «Ազատության» ադրբեջանական ծառայության՝ հունվարի 17-ին նախապատրաստական դատական նիստում տրամադրվել են փաստաբաններ և թարգմանիչներ։ Նիստում հայտնի է դարձել, որ դատարանը պատրաստվում է հարցաքննել տուժող ճանաչված հարյուրավոր մարդկանց, որոնք ըստ ադրբեջանական ծառայության՝ «Ղարաբաղում սպանվածների ընտանիքի անդամներն ու հարյուրավոր վիրավորներ են»։
Նախապատրաստական դատական նիստում պարզվել են մեղադրյալների անձնական տվյալները, բացատրվել նրանց իրավունքներն ու պարտականությունները։
Արայիկ Հարությունյանի և մյուսների գործով նախապատրաստական դատական նիստը կշարունակվի հունվարի 21-ին։
Ադրբեջանական բանտերում դեռ 23 հայ է պահվում, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից Արցախի վրա 2023-ին սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակման հետևանքով գերեվարված 16 անձինք։ Գերեվարվածների շարքում են արցախցի 8 պաշտոնյաները՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը:
Բաքուն Արցախի նախկին պաշտոնյաներին ծանր մեղադրանքներ է առաջադրել՝ ահաբեկչությունից մինչև ապօրինի զինված խմբավորումների կազմավորում։