«Այն տեղեկությունները, որ մենք իմացանք և տեսանք այն տեսարանները, դրանք իհարկե մտահոգիչ են, բայց նաև պետք է արձանագրենք, որ այս իրավիճակին մոտենում ենք չվնասելու տրամաբանությամբ, և՛ մեր դիվանագիտական շփումներում, և՛ օրակարգում այդ հարցը մշտապես ներկա է», - խորհրդարանում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր Լիլիթ Գալստյանի հարցին, թե ինչո՞ւ է պաշտոնական Երևանը լուռ, երբ Բաքվի բանտերում կեղեքման և խոշտանգումների են ենթարկվում Հայաստանի քաղաքացիները։
«Մենք շարունակելու ենք այդ ուղղությամբ մեր ջանքերը, որպեսզի հասնենք արդյունքի։ Էլի եմ ասում՝ մեր խնդիրը առաջին հերթին չվնասելն է: Ես հիմա կարող եմ հայտարարություններ անել, որ ձեր հայրենասիրական էմոցիաները բավարարող հայտարարություն լինի, բայց այդ հայտարարության հետևանքները և ազդեցությունն էդ մարդիկ զգալու են բանտում՝ իրենց մաշկի վրա։ Սա մենք հասկանո՞ւմ ենք, թե՞ չենք հասկանում», - նշեց վարչապետը։
Ադրբեջանական բանտերում դեռ 23 հայ է պահվում, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից Արցախի վրա 2023-ին սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակման հետևանքով գերեվարված 16 անձինք։ Գերեվարվածների շարքում են արցախցի 8 պաշտոնյաները՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը:
Բաքուն Արցախի նախկին պաշտոնյաներին ծանր մեղադրանքներ է առաջադրել՝ ահաբեկչությունից մինչև ապօրինի զինված խմբավորումների կազմավորում։