Մատչելիության հղումներ

ԱԺ-ում հետաձգվեց ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի օրինագծի քվեարկությունը


Եվրամիության և Հայաստանի դրոշները Բրյուսելում Եվրահանձնաժողովի շենքի դիմաց, արխիվ
Եվրամիության և Հայաստանի դրոշները Բրյուսելում Եվրահանձնաժողովի շենքի դիմաց, արխիվ

Խորհրդարանում այսօր հետաձգվեց Եվրամիությանը Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին նախագծի քվեարկությունը:

Երկրորդ ընթերցումից առաջ հարցն այսօր քննարկվում էր գլխադասային՝ Եվրաինտեգրման հանձնաժողովում, բայց հերթը քվեարկությանը չհասավ:

«Քանի որ մեր քննարկումը տևեց ավելի երկար, քան օրենքով սահմանված վերջնաժամկետն է ա՛յս քառօրյայում օրենքի նախագիծը ընդգրկելու համար, ես առաջարկում եմ նախագծի քննարկումը քվեարկության փուլում հետաձգել և արդեն քննարկել ևս մեկ անգամ՝ արդեն հաջորդ քառօրյային կամ արտահերթ նիստով դիտարկելու համար: Այս քառօրյային ԱԺ կանոնակարգ օրենքով մենք այլևս չենք հասցնի», - հայտարարեց հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը:

Եղոյանը մինչ քվեարկությունը առաջարկեց կես ժամ ընդմիջում վերցնել, որպեսզի նախաձեռնության հեղինակի հետ քննարկեն Կառավարության առաջարկները: Բայց քննարկումը տևեց ոչ թե կես, այլ՝ մոտ երկու ժամ:

Որպեսզի նախագիծն ընդգրկվեր վաղը սպասվող քառօրյայի օրակարգ, ըստ ԱԺ կանոնակարգի, եզրակացությունը պետք է տրվեր մինչև կեսօր: Բայց հանձնաժովի անդամները չհասցրին սահմանված ժամում կազմակերպել քվեարկությունը:

«ԱԺ կանոնակարգ օրենքով մենք այլևս չենք հասցնի, տեխնիկապես էլ չենք հասցնի նախագիծը ընդգրկել», - հայտարարեց Եղոյանը:

Կառավարությունն առաջարկում էր հանել նախագծի նախաբանը, բովանդակային մասը համարակալել ըստ հոդվածների, ինչպես նաև նախատեսել եզրափակիչ մաս՝ սահմանելով օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը: Առաջարկները, սակայն, նախաձեռնության հեղինակի սրտով չէին:

«Պատկերացնո՞ւմ եք՝ նախաբանը հանենք, միայն «Հայաստանի Հանրապետությունը հայտարարում է» հոդված և անցումային դրույթներ մտնում է ուժի մեջ: Մենք կարծում ենք, որ Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքը և այն առաջարկությունները, որոնք արել են, այս օրենքի նկատմամբ կիրառելի չեն», - ասաց Արտակ Զեյնալյանը:

Հենց այս հարցերի շուրջ մոտ երկու ժամ տևած քննարկումից հետո Զեյնալյանը հայտարարեց՝ վերջնական համաձայնություն չկա, մանրամասներից կխոսեն առաջիկա օրերին սպասվող հանձնաժողովի նիստում:

Նախաձեռնության հեղինակները կասկածներ ունե՞ն, որ նախագծի քվեարկությունը հետաձգելու իրական պատճառն աշխարհաքաղաքական զարգացումներն են: Այս հարցին Զեյնալյանը բացասական պատասխան տվեց. - «Որոշումը ընդունվելու է, որոշումը ընդունված է, խնդիրը այստեղ տեխնիկական և տեխնոլոգիական հարցերին է վերաբերում»:

Հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական Արման Եղոյանը վստահեցրեց, թե նախագծի ընդունման ուղղությամբ իշխող ուժի տեսակետը չի փոխվել, կրկնեց՝ խնդիրը տեխնիկական է, և սեղմ ժամկետներում քվեարկությունը կկազմակերպեն: Չհամաձայնեց լրագրողի դիտարկմանը, որ գուցե հետաձգելու հարցում որոշիչ են աշխարհաքաղաքական զարգացումները:

«Աշխարհաքաղաքական իրադարձությունները դժվար թե առաջիկա մի քանի օրվա ընթացքում զարգանան ու ավարտվեն: Եթե աշխարհաքաղաքական իրադարձություններին սպասելու մտադրությունը լիներ, ոչ թե օրերի, այլ պիտի ամիսների, եթե ոչ՝ տարիների մասին խոսեինք», - ընդգծեց Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահը:

Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին նախագիծը, որն Ազգային ժողով է հասել «Եվրաքվե» նախաձեռնության միջոցով, խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է փետրվարի 12-ին՝ բացառապես իշխանության ձայներով: Այսօր Կառավարության ներկայացուցիչ, փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը վերստին ընդգծեց՝ նախագիծը քաղաքական ուղերձ է, ոչ թե անդամակցության հայտ Եվրամիությանը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG