Մատչելիության հղումներ

ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի օրինագծի քվեարկությունը հետաձգվեց


ԱԺ Եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արման Եղոյան, արխիվ
ԱԺ Եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արման Եղոյան, արխիվ

Եվրամիության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին նախագծի քվեարկությունը հետաձգվեց: Որոշման մասին տեղեկացրեց Ազգային ժողովի Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։

«Առաջարկում եմ քվեարկության փուլում հետաձգել նախագծի քննարկումը և արդեն քննարկել ևս մեկ անգամ արդեն հաջորդ քառօրյային կամ արտահերթ նիստում», - մանրամասնեց Եղոյանը։

Հանձնաժողովի նախագահը պարզաբանեց՝ քանի որ քննարկումն ու քվեարկությունը պետք է ավարտեին մինչև այսօր ժամը 12-ը, որպեսզի ներառվեր խորհրդի օրակարգ, իսկ իրենք դա չեն հասցրել անել, ուստի նախագիծը հանձնաժողովում կքննարկեն կա՛մ այս շաբաթվա վերջում, կա՛մ հաջորդ շաբաթ։

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից պատգամավոր Էլինար Վարդանյանն առաջարկեց հստակեցնել՝ խոսքն ԱԺ կանոնակարգ օրենքով նախատեսված մինչև երկու ամիս ժամկետով երկարաձգելու ընթացակարգի մասի՞ն է: Արման Եղոյանը դրական պատասխան տվեց՝ միևնույն ժամանակ շեշտելով, որ քննարկումն առաջիկա օրերին կկազմակերպվի և կընդգրկվի արդեն հաջորդ լիագումարի օրակարգ։

Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին նախագիծը, որն Ազգային ժողով է հասել «Եվրաքվե» նախաձեռնության միջոցով, խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է փետրվարի 12-ին:

Օրինագիծը դեռ պետք է անցնի երկրորդ ընթերցում, որից առաջ պետք է քննարկվի գլխադասային հանձնաժողովում: Նախագահի ստորագրելուց ու վերջնական հաստատումից հետո օրենքի ընդունումը չի նշանակում Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ հանրաքվեի անցկացում, այլ, ինչպես նշում են իշխող ուժի ներկայացուցիչները, այն «քաղաքական կամքի մասին է»:

Առավել մանրամասն տե՛ս այստեղ

XS
SM
MD
LG