Մատչելիության հղումներ

«Ազատության» տրամադրության տակ է հայտնվել Ուկրաինայում խաղաղության ամերիկյան նոր ծրագիրը. ինչ է այն ենթադրում


Նախագահ Զելենսկին առաջիկայում Դոնալդ Թրամփի հետ կքննարկի ամերիկյան խաղաղության պլանը, հայտնում է Կիևը:

Նախագծով, որը հայտնվել է «Ազատության» տրամադրության տակ, ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ է տալիս Ուկրաինային, բայց որոշ պայմաններով, թե ինչ՝ չի նշվում։ Ուկրաինան պարտավորվում է չդառնալ միջուկային պետություն:

Ղրիմը, Դոնեցկը և Լուգանսկը անցնում են Ռուսաստանին և դե ֆակտո ճանաչվում ռուսական, Խերսոնում և Զապորոժիեում շփման գիծը սառեցվում է, տարածքների մի մասը դառնում է ապառազմականացված բուֆերային գոտի՝ դե ֆակտո Ռուսաստանի վերահսկողության տակ։ Կողմերը պարտավորվում են սահմաններն ուժով չփոխել։

Ուկրաինան նաև պարտավորվում է չմիանալ ՆԱՏՕ-ին, կրճատել զինված ուժերի թիվը: ՆԱՏՕ-ն պարտավորվում է զորք չտեղակայել Ուկրաինայում, Ռուսաստանն էլ՝ չհարձակվել Ուկրաինայի և Եվրոպայի վրա: ԱՄՆ-ն և Եվրոպան Ուկրաինայի վերակառուցման խոշոր ներդրումային փաթեթ կպատրաստեն, որին ռուսական սառեցված ակտիվներից 100 միլիարդ դոլար կհատկացվի, Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն աստիճանաբար կվերացվեն:

Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ բանակի նախարար Դանիել Դրիսկոլի հետ քննարկել է խաղաղության նոր ծրագրի շուրջ Վաշինգտոնի հետ համագործակցելու ուղիները։ Երեկոյան ուղերձում էլ բավական զուսպ է արտահայտվել նոր պլանի մասին, հայտնել է, որ ամերիկյան կողմին բացատրել է, թե ինչն է սկզբունքորեն կարևոր Ուկրաինայի համար, ապա նշել՝ պատրաստ են աշխատել նոր պլանի վրա:

«Ուկրաինային խաղաղություն է անհրաժեշտ, իրական խաղաղություն, որը չի խախտվի երրորդ ներխուժմամբ, արժանապատիվ խաղաղություն՝ այնպիսի պայմաններով, որոնք հարգում են մեր անկախությունը, ինքնիշխանությունը և ուկրաինացիների արժանապատվությունը։ Եվ հենց այս պայմաններն են, որ պետք է ապահովենք», - հայտարարել է Ուկրաիանայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

Կան հստակ կարմիր գծեր, որոնք չպետք է հատվեն. ՄԱԿ-ում Ուկրաինայի փոխդեսպան

Ի տարբերություն Զելենսկու՝ ՄԱԿ-ում Ուկրաինայի փոխդեսպանը Անվտանգության խորհրդում կոշտ է արտահայտվել ծրագրի մասին խոսելիս: Ուկրաինան պատրաստ է իմաստալից բանակցությունների, սակայն կան հստակ կարմիր գծեր, որոնք չպետք է հատվեն, զգուշացրել է Խրիստինա Հայովիշը և հավելել՝ Կիևը երբեք չի ճանաչի Ռուսաստանի օկուպացրած ուկրաինական տարածքները՝ դրանք չեն վաճառվում:

«Ուկրաինան չի ընդունի ինքնապաշտպանվելու իր իրավունքի կամ մեր զինված ուժերի թվի և կարողությունների որևէ սահմանափակում, նաև չի հանդուրժի մեր ինքնիշխանության որևէ խախտում, այդ թվում՝ մեր ինքնիշխան իրավունքի՝ ընտրելու այն դաշինքները, որոնց ցանկանում ենք միանալ», - շեշտել է ՄԱԿ-ում Ուկրաինայի փոխդեսպանը:

Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարը հայտարարել է, որ հիմա ուսումնասիրում են ամերիկյան առաջարկները և ակնկալում են, որ մյուս կողմերը կհարգեն Կիևի դիրքորոշումը: Ինքնիշխանությունը, ժողովրդի անվտանգությունը և արդար խաղաղությունն անփոփոխ սկզբունքներ են Ուկրաինայի համար, ասել է Ռուստեմ Ումերովը:

ԵՄ արտգործնախարարը հայտարարել է, որ ԵՄ-ն աջակցում է խաղաղության ցանկացած ծրագրի, որը տևական և արդար խաղաղություն կբերի, ընդգծել է. «Մենք միշտ ասել ենք, որ խաղաղության ցանկացած ծրագիր պետք է իրականացվի Ուկրաինայի և եվրոպացիների մասնակցությամբ»:

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն իր հերթին հայտարարել է, որ կշարունակեն աջակցել Ուկրաինային: Գերմանիայի արտգործնախարարի խոսքով էլ՝ սա վերջնական պլան չէ, այլ առաջարկների ցանկ, որը պետք է քննարկվի:

«Մենք ցանկանում ենք ապահովել, որ Ուկրաինան կարողանա այս կետերը քննարկել ուժի դիրքերից։ Եվ հենց Ուկրաինան պետք է որոշի, թե ինչ փոխզիջումների գնալ, ինչպես որ Ռուսաստանը պետք է իր մասով նման որոշումներ կայացնի», - ասել է Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլը:

Մոսկվան դեռ չի տեղեկացվել, որ Ուկրաինան պատրաստ է բանակցել ծրագրի շուրջ, ասել է Կրեմլի խոսնակը:

Ու մինչ Ուկրաինան ուսումնասիրում է նոր պլանը, Ռուսաստանի նախագահը զինվորական համազգեստով երեկ ռուսական զորքի «Արևմուտք» խմբավորման հրամանատարական կետում հանդիպել է բարձրաստիճան զինվորականների հետ։ Գլխավոր շտաբի պետը զեկուցել է, որ գրավել են Խարկովի շրջանի Կուպյանսկ քաղաքը, վերահսկողության տակ վերցրել Պոկրովսկի 70%-ը և Վովչանսկի ավելի քան 80%-ը։ Վլադիմիր Պուտինը Վալերի Գերասիմովին կարգադրել է շրջափակման մեջ հայտնված ուկրաինացի զինվորներին հանձնվելու հնարավորություն տալ:

Ուկրաինան հերքել է, թե ռուսական զինուժը գրավել է Կուպյանսկը՝ նշելով, որ շարունակվում են քաղաք ներթափանցած ռուսական դիվերսիոն և հետախուզական խմբերին հայտնաբերելու և չեզոքացնելու գործողությունները: Նաև հերքել է Վովչանսկի և Պոկրովսկի մեծ մասը գրավելու մասին Մոսկվայի հայտարարությունները:

Ռուսական զինուժը նաև հայտնել է, որ չորս գյուղ է վերցրել Դոնեցկում:

XS
SM
MD
LG