Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հինգշաբթի օրը ԱՄՆ բանակի բարձրաստիճան պաշտոնյայի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ պատրաստ է Վաշինգտոնի հետ համագործակցել Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ծրագրի շուրջ և առաջիկա օրերին այն քննարկելու է նախագահ Դոնալդ Թրամփի հետ։
Եվրոպական երկրները դեմ են ԱՄՆ-ի կողմից առաջարկվող ծրագրին, որն, ըստ աղբյուրների, պահանջում է, որ Կիևը հրաժարվի ավելի շատ տարածքներից և մասնակիորեն զինաթափվի, պայմաններ, որոնք Ուկրաինայի դաշնակիցները համարում են կապիտուլյացիային համարժեք։
Սակայն Զելենսկին, որի գրասենյակը հայտնել է, որ ստացել է ծրագրի նախագիծը, Կիևում ԱՄՆ բանակի նախարար Դանիել Դրիսկոլի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Ուկրաինան և Միացյալ Նահանգները համատեղ կաշխատեն ծրագրի տարրերի վրա։
«Ուկրաինային խաղաղություն է պետք… Արժանապատիվ խաղաղություն, որպեսզի մեր անկախության, մեր ինքնիշխանության և ուկրաինացի ժողովրդի արժանապատվության նկատմամբ հարգանքի հիման վրա լինեն պայմանները», - Կիևում ԱՄՆ բանակի նախարար Դանիել Դրիսկոլի գլխավորած պատվիրակության հետ հանդիպումից հետո հայտարարել է Զելենսկին:
Կիևը պատրաստ է «կառուցողական» աշխատանքների
«Մեր թիմերը՝ Ուկրաինան և ԱՄՆ-ն, կաշխատեն պատերազմը դադարեցնելու ծրագրի կետերի վրա», - Telegram-ում գրել է Զելենսկին, - «Մենք պատրաստ ենք կառուցողական, ազնիվ և արագ աշխատանքի»։
«Առաջիկա օրերին Ուկրաինայի նախագահը նախատեսում է նախագահ Թրամփի հետ քննարկել առկա դիվանագիտական հնարավորությունները և խաղաղության հասնելու համար անհրաժեշտ հիմնական կետերը», - ասված է նախագահի գրասենյակի հաղորդագրության մեջ։
Սպիտակ տունը հայտարարել է, որ Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները անցյալ շաբաթ հանդիպել են ուկրաինացի պաշտոնյաների հետ՝ ծրագիրը քննարկելու համար։
Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևվիթը լրագրողներին հայտնել է, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը մասնակցել են հանդիպումներին, և որ Վաշինգտոնը լավ զրույցներ է ունեցել երկու կողմերի հետ՝ պատերազմն ավարտելու վերաբերյալ։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն x-ում գրել էր, որ Ուկրաինան և Ռուսաստանը պետք է համաձայնեն «դժվար, բայց անհրաժեշտ» զիջումների՝ խաղաղության հասնելու համար:
«Նման բարդ և մահաբեր պատերազմի ավարտը պահանջում է լուրջ և իրատեսական գաղափարների քննարկում: Երկարատև խաղաղության հասնելը կպահանջի, որ երկու կողմերն էլ համաձայնեն դժվարին, բայց անհրաժեշտ զիջումների»,- գրել է պետդեպարտամենտրի ղեկավարը, հավելելով՝ այդ պատճառով ենք մենք մշակում և կշարունակենք մշակել այս պատերազմը ավարտելու հնարավոր գաղափարների ցանկ՝ հիմնվելով հակամարտության երկու կողմերի կարծիքների վրա»:
Այլ մանրամամասներ Ռուբիոն չի հայտնել։