Մատչելիության հղումներ

Օրբան․ «ԵՄ-ն կորցրել է իրականության զգացումը»


«Բրյուսելում կրկին կորցրել են տեղի ունեցողի թելը»,- այսօր X-ի իր օգտահաշվում գրել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ մեկնաբանելով Ուկրաինայում խաղաղություն հաստատելուն ուղղված ամերիկյան ծրագրի վերաբերյալ ԵՄ ղեկավարների առաջին արձագանքները։

«Մինչ Վաշինգտոնը խաղաղության շուրջ բանակցություններ է վարում, Եվրահանձնաժողովի նախագահը փորձում է հասկանալ թե ինչպես կարելի է հավելյալ գումարներ հայթայթել Ուկրաինայում պատերազմը շարունակելու համար»,- նշել է Հունգարիայի վարչապետը։ Օրբանը նաև կանխատեսել է, որ առաջիկա մի քանի շաբաթները «որոշիչ կլինեն Ուկրաինայում խաղաղության հաստատման ամերիկյան ծրագրի համար»։

ԵՄ արտգործնախարար Կայա Կալլասն այսօր հայտարարել է՝ Եվրամիությունը կաջակցի Ուկրաինայի համար ցանկացած խաղաղության ծրագրի, եթե այն երկարատև և արդար խաղաղություն կբերի, և եթե այն ներառում է Ուկրաինան և ԵՄ-ն:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախօրեին ԱՄՆ բանակի բարձրաստիճան պաշտոնյայի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ պատրաստ է Վաշինգտոնի հետ համագործակցել Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ծրագրի շուրջ և առաջիկա օրերին այն քննարկելու է նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

«Ուկրաինային խաղաղություն է պետք… Արժանապատիվ խաղաղություն, որպեսզի մեր անկախության, մեր ինքնիշխանության և ուկրաինացի ժողովրդի արժանապատվության նկատմամբ հարգանքի հիման վրա լինեն պայմանները», - Կիևում ԱՄՆ բանակի նախարար Դանիել Դրիսկոլի գլխավորած պատվիրակության հետ հանդիպումից հետո հայտարարել է Զելենսկին:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG