Էսկալացիայի հավանականության տրամաբանության մեջ «մշտապես ենք աշխատում 2020 թվականից սկսած», այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:
Ըստ նրա՝ ադրբեջանական կողմի կեցվածքը խիստ մտահոգիչ է:
«Ասենք՝ մի քանի մեքենա ենք գնել, իրենք միլիարդներով զենք են գնում՝ մի քանի մեծ երկրների հետ պատերազմելու բավարար և մեզ մեղադրում են մի քանի զրահապատ մեքենա գնելու մեջ», - ասաց Ալեն Սիմոնյանը:
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն այսօր կրկին մեղադրել է Հայաստանին սպառազինություններ ձեռք բերելու մեջ: Երեկ էլ արտգործնախարար Բայրամովն էր դժգոհել Հայաստանի զինվելուց ու Սահմանադրությունից:
ԱԺ նախագահն այսօր հիշեցրեց, որ Հայաստանը ամիսներ առաջ խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ առաջարկների փաթեթ է ներկայացրել Ադրբեջանին և մինչև օրս պատասխան չի ստացել:
Սիմոնյանը չբացառեց, որ միգուցե դա կապ ունենա Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների սրման հետ. «Տարածաշրջանում որևէ իրադարձություն տեղի չի ունենում առանց մեծ խաղացողների դրական կամ բացասական միջնորդությունների և միջամտությունների փորձերի առնվազն: Ես կարծում եմ, որ Ադրբեջանի և Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունները բավականին մեծ դեր են խաղում և խաղացել վերջին ժամանակների բոլոր գործողությունների մեջ: Մի օրինակ բերեմ՝ Ադրբեջանի բանակցելու պատրաստակամությունը կոնկրետ ինչ-որ տեղերում և կոնկրետ ինչ-որ տեղերում դրանից հրաժարումը և այլն»:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ իր հոդվածում հակադարձել է Բաքվի մեղադրանքներին, հայտարարելով՝ տարածաշրջանում էսկալացիայի համար ոչ մի նախադրյալ չկա, ավելին՝ խաղաղության համար բոլոր նախադրյալները ստեղծված են:
«Հարկավոր է հրաժարվել բեմականացված գործողություններից և էսկալացիաների բեմականացման քաղաքականությունից ու հաստատել ինստիտուցիոնալ խաղաղություն: Հայաստանը ոչ միայն պատրաստ է սրան, այլև չի հրաժարվելու այս ճանապարհից», - նշել է վարչապետը:
Ադրբեջանի արտգործնախարարությունը այսօր հերքել է վարչապետի հայտարարությունները, որ Ադրբեջանում Հայաստանի անվտանգության դեմ իրական սպառնալիքներ են գեներացվում:
Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի շուրջ դեմ առ դեմ բանակցություններ չորրորդ ամիսն է՝ չկան: Բաքուն այս ընթացքում պայմանագրի ստորագրման համար նախապայամաններից չի հրաժարվում, ավելացնում է նաև պահանջները: