Մատչելիության հղումներ

Երևանն ապաշրջափակման հարցով իր առաջարկները Բաքվին է ուղարկել կազանյան բանակցություններից հետո


Պաշտոնական Երևանն ապաշրջափակման հարցով իր առաջարկները Բաքվին է ուղարկել Փաշինյան-Ալիև կազանյան բանակցություններից հետո։

Ադրբեջանին փոխանցված փաթեթը բխում է «Խաղաղության խաչմերուկ» նախագծից, հիմքում էլ ինքնիշխանության և իրավազորության սկզբունքներն են, թեև առաջարկների բովանդակությունը չի գաղտնազերծվում՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը որոշ մանրամասներ պատմեց:

«Առաջարկն ուղարկվել է Ադրբեջան, մինչ այս պահը գրավոր արձագանք, իմ իմացությամբ, չկա», - ասաց Խանդանյանը:

«Ազատության» հարցին՝ հնարավո՞ր է, որ խոսքը ճանապարհների վերահսկողությունը պահնորդական ընկերությանը պատվիրակելու մասին է, Խանդանյանը պատասխանեց՝ «որքան գիտեմ, դրա մասին խոսք չկա»:

Երկու օր առաջ խորհրդարանում վարչապետ Փաշինյանն էր առաջինը հայտնել՝ տրանսպորտային հաղորդակցությունների բացման համար Բաքվին փոխանցված գրավոր առաջարկների մասին, միաժամանակ կարծիք հայտնել, որ այս հարցում Հայաստանն ու Ադրբեջանը կարող են փոխադարձ ընդունելի լուծում ունենալ:

Առանց Բաքվի պատասխանի՝ ինչպես է վարչապետը խոսում փոխադարձ ընդունելի լուծման մասին, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն ասաց. - «Այն խոսակցությունից, որը տեղի է ունեցել Կազանում ու որոշակի դետալներ, ենթադրում եմ, քննարկվել են, դրանից հետո հնարավոր է լինի փոխընդունելի լուծում: Երբ արձագանք ստանաք, այդ «հնարավոր է»-ն ավելի նյութական կդառնա»:

Այսօր արձագանքելով վարչապետ Փաշինյանին՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ոչ թե Երևանի «Խաղաղության խաչմերուկ»-ից է խոսել, այլ կրկին հիշեցրել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Հայաստանի ստանձնած պարտավորությունները՝ չանդրադառնալով Երևանի առաջարկի բովանդակությանը։

«Երեքուկես տարվա քննարկումներից հետո «համաձայնություն է ձեռք բերվել» արտահայտությունը համարում ենք ուշացած։ Այդ պայմանավորվածությունը պետք է վաղուց ձեռք բերված լիներ։ Եթե այս հարցում դեռ պաշտոնական փաստաթուղթ չկա, եթե Հայաստանն այս ուղղությամբ աշխատանքներ չի սկսել, ուրեմն դեռ բաց հարցեր կան», - նշել է Բայրամովն՝ ընդգծելով, որ Ադրբեջանում «արագ տեմպերով աշխատանքներ են ընթանում տրանսպորտային ենթակառուցվածքների ստեղծման ուղղությամբ, և այն շուտով կհասնի Հայաստանի հետ սահմանին»:

Արդեն չորս տարի է՝ Երևանն ու Բաքուն բանակցում են ճանապարհների ապաշրջափակման հարցով, բայց առանց որևէ արդյունքի: Ադրբեջանն այս տարիներին, կիրառելով «Զանգեզուրի միջանցք» տերմինը, առանց ստուգումների անցում է պահանջում Սյունիքով դեպի իր էքսկլավ Նախիջևան, իսկ հայկական կողմը կտրուկ մերժում է՝ դա համարելով կարմիր գիծ: Հենց այդ տարաձայնությունների պատճառով էլ ամիսներ առաջ հաղորդվեց, թե կողմերը որոշել են հարցը հանել խաղաղության պայմանագրից՝ հետագայում քննարկելու համար:

Արդյոք այս օրակարգին վերադառնալը նշանակո՞ւմ է, որ Բաքուն հրաժարվել է միջանցքի իր պահանջից, իշխանության ներկայացուցիչն արձագանքեց. - «Մենք պետք է սպասենք ավելի նյութական արձագանքին Ադրբեջանի, հետո եզրահանգումներ անենք»:


XS
SM
MD
LG