Մատչելիության հղումներ

Անձնական բժիշկը երկու օր է՝ չի կարողանում տեսակցել Գյումրիի քաղաքապետին. փաստաբան


Գյումրիի կալանավորված քաղաքապետի փաստաբանները հայտարարում են՝ Վարդան Ղուկասյանին բուժող բժշկին շաբաթ օրվանից թույլ չեն տալիս մտնել կալանավայր:

«Հիմա մենք արդեն ունենք 22 օր կալանավորված Գյումրիի քաղաքապետ, ով հնարավորություն չունի օգտվել իր իրավունքից և ընդհանրապես բժիշկների կողմից ստանալ բուժօգնություն», - հայտարարում է փաստաբան Զարուհի Փոստանջյանը:

Փաստաբանն ահազանգում է, որ շաքարային դիաբետ, սրտի խնդիր ունեցող 65-ամյա պաշտպանյալի հրավիրած բժիշկը երեկ չի կարողացել մուտք գործել բանտ: Քրեակատարողական բժշկության Կենտրոնի տնօրեն Կամո Մանուկյանն «Ազատությանը» փոխանցեց՝ փաստաբանները սահմանված կարգով չեն դիմել իրենց, դիմեին, մերժում չէին ստանա: Բայց մյուս փաստաբան Արամայիս Հայրապետյանի խոսքով, հենց սահմանված կարգով են դիմել:

«Մի քանի անգամ տիկին Փոստանջյանն է դիմել, այսօր նաև հերթական անգամ ես եմ դիմել՝ կցելով բժշկի անձնագրի պատճեն, դիպլոմը, որը ցույց է տալիս, որ ունի սրտաբանի որակավորում: Եվս մեկ անգամ խնդրել ենք, որ անձը ստուգի, զննի պարոն Ղուկասյանին», - ասում է փաստաբանը:

Հայրապետյանն այսօր «Ազատությանը» փոխանցեց՝ այսօր առավոտյան է «Երևան կենտրոն» Քրեակատարողականի պետին դիմում ուղարկել, բայց դեռ պատասխան չունի: Մինչդեռ, այս հարցը հրատապ լուծման կարիք ունի,- ասում է ու ընդգծում՝ յուրաքանչյուր կալանավոր իրավունք ունի ստանալու հենց իր բժշկի օգնությունը:

«Լավ, չի դիմել, հիմա դիմել եմ ես՝ կցելով համապատասխան փաստաթղթերը, ընդ որում, այդ զննությունն այնպես չէ, որ՝ «սպասեք, մի ամիս հետո կպատասխանենք», դա անհապաղ կատարվող գործողություն է, մենք փաստացի չենք վստահում Քրեակատարողական հիմնարկի ապահովված բժշկական օգնությանը, որովհետև, ես շաբաթ օրը եղել եմ պարոն Ղուկասյանի մոտ, ինքը նույն առողջական խնդիրներն ուներ», - շեշտում է Արամայիս Հայրապետյանը:

Փաստաբան Զարուհի Փոստանջյանը երեկ մի խումբ քաղաքացիների հետ գնացել էր ԱԱԾ շենքում տեղակայված «Երևան կենտրոն» Քրեակատարողական հիմնարկ, տեսակցել պաշտպանյալի հետ, Փոստանջյանի խոսքով.- «Հարցերն էին ինձ համար շատ կարևոր. արդյոք նրան այցելել է բժիշկ, պարզվեց՝ ոչ, արդյոք նրան այցելել է սրտաբան, պարզվեց՝ ոչ, արդյոք այդ պահին այնտեղ կա հերթապահ բժիշկ, պարզվեց՝ ոչ»:

Մինչդեռ Քրեակատարողական բժշկության Կենտրոնի տնօրենը հակադարձում է՝ ցուցում չկա որևէ մասնագետ լինի, իրենք բոլոր մասնագետներն էլ ունեն, շտապ կուղարկեն բանտ: Պաշտոնյայի խոսքով, Ղուկասյանի առողջական վիճակն այս պահին կայուն է:

Կաշառք ստանալու, իշխանությունը զավթելու կոչի հոդվածներով ճաղերից այն կողմ հայտնված Վարդան Ղուկասյանը չի ընդունում մեղքը: Մոտ մեկ ամիս բանտում գտնվող Ղուկասյանի առողջական վիճակը վատացել էր անցած շաբաթավերջին: Նրան բանտից տեղափոխել էին Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, մեկ գիշեր պահել, հետազոտություններ անցկացնելուց հետո հետ ուղարկել բանտ: Մինչ փաստաբանը հայտարարում է, որ հետազոտությունները կիսատ էին թողել, քանի որ Քրեակատարողականի աշխատակիցները հասել էին հիվանդանոց ու Ղուկասյանին հետ տարել, Մանուկյանը նորից պնդում է՝ արվել է այն, ինչ ցուցված է եղել:

Փաստաբանները, սակայն, ասում են՝ պաշտպանյալը մշտական բժշկական հսկողության կարիք ունի. «Հիմա գոնե բժիշկը չմտնի՞ տեսնի՝ այդ մարդու վիճակն ինչպես է, ընդ որում, ես հարցում եմ կատարել, թե լավ, հետազոտության եք ենթարկել, արդյունքները հայտնեք, տեսնենք մենք՝ ի վերջո ի՞նչ է այս մարդու մոտ, միչև օրս պատասխան չկա, արդյունքներն ինչո՞ւ եք գաղտնի պահում», - հարցնում է Գյումրիի քաղաքապետի փաստաբան Արամայիս Հայրապետյանը:

Ինչո՞ւ է այս վիճակը. փաստաբանի կարծիքով թիրախավորված անօրինականություն է, հիշեցնում է վարչապետ Փաշինյանի խոսքը՝ Ղուկասյանին քաղաքականությունից դուրս շպրտելու համար:

«Ամբիոնից կատարված հայտարարություն, որը կրկին մենք ասեցինք, որ հանրային դաշտից դուրս շպրտելու կոչը դա միայն ֆիզիկապես է հնարավոր և հիմա առողջական վիճակի հետ կապված խնդիր և խոչընդոտում, որպեսզի անձը կարողանա այդ առողջական վիճակի հետ կապված պատշաճ արձագանք ստանա, զուտ ողջամիտ վարկածի մակարդակում այս մտահոգությունը կյանքի իրավունք ունի, փարատեք մեր մտահոգությունները, թույլ տվեք լիարժեք տեղեկանալ՝ անձի հետ ինչ է կատարվում, և ապահովեք, որպեսզի այդ մարդը պատշաճ բժշկական օգնություն ստանա», - ընդգծում է փաստաբանը:

Գյումրիի քաղաքապետի փաստաբանները շարունակում են պնդել՝ այս ամենից բացի, խցային պայմանները չեն համապատասպանում չափանիշներին: Քրեակատարողական ծառայությունից չեն պատասխանում հարցին՝ ինչո՞ւ փաստաբանի դիմումին դեռ պատասխան չեն տվել, և ի՞նչ պայմաններ են Ղուկասյանի խցում: Խնդրեցին գրավոր դիմել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG