Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության գյումրեցի պատգամավոր Կարեն Սարուխանյանն այսօր Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, որ իրեն մտահոգում է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի վարքը, մտավախություն ունի, թե, իր խոսքով, «կլանի ղեկավար Վարդանիկն» ամեն ինչ անում է, որ քաղաքում շինաշխատանքներն իրեն վերագրվեն, ու խնդրեց, որ վարչապետը դրան գնահատական տա: Սարուխանյանը մտահոգված է նաև, որ Ղուկասյանն իր ռուսամետ հայտարարություններով սասանում է Հայաստանի ինքնիշխանությունը:
Նիկոլ Փաշինյանը հարցին արձագանքեց. - «Հատուկ հանձնարարական եմ տվել տարածքային կառավարման նախարարին, որ Գյումրիում ծրագրերը շարունակվեն: Ինչ վերաբերում է հայտարարություններին, կարծում եմ՝ գյումրեցիները պետք է գնահատական տան, շատ կարևոր է, և երկրորդը՝ մյուսները ևս պետք է գնահատական տան, մենք բոլորս նույնպես»:
«Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ հայտարարություններ անողներին մենք պետք է դուրս շպրտենք քաղաքական ու հանրային դաշտից: Քաղաքական մեթոդներով ու էն մեթոդներով, որ կիրառելի են ժողովրդավարական երկրում, ես համոզված եմ, որ դա տեղի կունենա», - շարունակեց վարչապետը:
«Կարծում եմ՝ ընտրությունների արդյունքների հետ կապված էլ խնդիր ունենք, մենք գիտենք, որ էնտեղ ընտրակաշառք է բաժանվել, և մենք պետք է մեխանիզմներ ունենանք հետագայում նման դեպքերը բացառելու համար: Եվ վերջում էլ թյուրիմացաբար հասնեն այդ կարգավիճակին, ես կարծում եմ՝ թյուրիմացություն է, որ հընթացս կշտկվի՝ և՛ երևույթը, և՛ հայտարարությունը, և՛ հեղինակը», - հայտարարեց Փաշինյանը: