Մատչելիության հղումներ

«Կա պաշտոնավարման ու բացակայելու արգելքի մասին որոշում». փաստաբանները պահանջում են ազատ արձակել Գյումրիի քաղաքապետին


Մեկ գիշեր հիվանդանոցում պահվելուց հետո Գյումրիի քաղաքապետը տեղափոխվել է հետ՝ բանտ:

«Միջամտությունը կատարել են, գիշերը հանգիստ է եղել: Առավոտը բժիշկները պետք է որոշում կայացնեին՝ շարունակում են հետազոտությունները, թե ինչ են անում», - ասում է Ղուկասյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանը:

Շաքարային դիաբետ, սրտի խնդիր ունեցող 65-ամյա Վարդան Ղուկասյանը 24 ժամ էլ չի մնացել հիվանդանոցում, ահազանգում է փաստաբանը: Զարուհի Փոստանջյանի խոսքով՝ այսօր առավոտյան քրեակատարողականի աշխատողները մուտք են գործել հիվանդանոց, մահճակալից իջեցրել Ղուկասյանին ու տարել: Փաստաբանն անհանգստացած է՝ հետազոտությունները կիսատ են մնացել. «Ես իրեն հանդիպեցի, դեղերը ըստ ցուցումի ընդունում է, բայց նորից դժգոհում էր, ասում էր՝ ականջներիս մեջ խշշոց կա, գլուխը չի հետազոտվել, այլ հետազոտություններ նույնպես, կարծում եմ, պետք է կատարվեր, բայց չեն կատարվել»:

Փաստաբանը կարծում է, որ երեկվա հետազոտություններից հետո պաշտպանյալը կարիք ունի բժշկի հսկողության, այնինչ բանտում դժվար է դա կազմակերպելը: Մինչ Փոստանջյանը գոհ է բժշկական կենտրոնից ու մեղավոր է համարում քրեակատարողական ծառայությանը, Առողջապահության նախարարության Քրեակատարողական բժշկության կենտրոնի տնօրենը հակադարձում է՝ այն, ինչ ցուցվել է, կատարվել է: Նույնը նաև փոխանցեցին հիվանդանոցից: Քրեակատարողական բժշկության Կենտրոնի տնօրեն Կամո Մանուկյանն ասաց՝ Ղուկասյանի կյանքին վտանգ չի սպառնում, գտնվում է հսկողության տակ, երեկ նրան հիվանդանոց էին տեղափոխել՝ հետազոտությունների. «Գտնվում է հսկողության տակ, անհրաժեշտության դեպքում ստանում է համապատասխան բժշկական օգնություն», - շեշտեց Մանուկյանը:

Կաշառք ստանալու, իշխանությունը զավթելու կոչի հոդվածներով ճաղերից այն կողմ հայտնված Վարդան Ղուկասյանը չի ընդունում մեղքը: Փաստաբանի խոսքով. «Այդպիսի մի հրահանգ է եղել, ինչո՞ւ են պահում, ո՞րն է հիմքը: Մենք ակնհայտ հասկանում ենք, որ քաղաքական դրդապատճառներն են հիմքը: Ինչուի պատասխանն է»:

Մոտ մեկ ամիս կալանքի տակ գտնվող Ղուկասյանին ազատ արձակելու համար փաստաբանները դիմել են դատարան: Եվ մինչ դատարանը կքննի ու որոշում կկայացնի,Ղուկասյանի դեպքում, ըստ փաստաբանների, տեղի է ունեցել աճպարարություն:

«Իրենք զբաղվում են աճպարարությամբ: Պարզվում է, որ դրանից հետո իրենք որոշել են, որ ոչ, առկա է հնարավորություն այլ խափանման միջոց կիրառելու», - ասում է փաստաբան Զարուհի Փոստանջյանը:

Մինչ Հակակոռուպցիոնը պնդում է, որ Գյումրիի քաղաքապետի վերաբերյալ մեկ խափանման միջոց կա՝ դատարանի ընտրած երկամսյա կալանքը, «Ազատության» տրամադրության տակ է հայտնվել փաստաբանների մատնանշած որոշման պատճենը:

Ըստ դրա, Հակակոռուպցիոն կոմիտեի հանրային ծառայության շահերի դեմ ուղղված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալը հոկտեմբերի 21-ին որոշել է կիրառել այլընտրանքային խափանման միջոց՝ պաշտոնավարման կասեցում: Բայց իր որոշումից առաջ այն հիմնավորելիս եզրափակիչ մասում գրել է՝ «անհրաժեշտ է մեղադրյալ Վարդան Ղուկասյանի նկատմամբ բացակայելու արգելք խափանման միջոցի հետ համակցված ընտրել նաև պաշտոնավարման կասեցումը»:

Այս որոշումը հաստատել է հսկող դատախազ Գորիկ Հովակիմյանը: Այն, փաստաբանների պնդմամբ, իրենց ուշ է տրամադրվել՝ Ղուկասյանին կալանավորելու որոշումից օրեր անց:


XS
SM
MD
LG