Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 90 օր ուսումնասիրեց ու եզրակացրեց՝ շահերի բախում է այն, որ Գյումրիի քաղաքապետը փեսային իր առաջին տեղակալ է նշանակել: Հանձնաժողովը նաև փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանի մասով է խախտում արձանագրել, որ Հանրային ծառայության մասին օրենքով ազգակցական ու խնամիական կապ ունեցողները չեն կարող ղեկավար ու ենթակա լինել: Արդյոք հանձնաժողովի եզրակացությունը հիմք է իրավական գործընթացի կամ կարող է հանգեցնել պաշտոնանկության, այս հանձնաժողովը նախկինում ղեկավարած իրավաբան Սիրանուշ Սահակյանն ասում է՝ ոչ ու պարզաբանում:
«Եթե խոսքը վարքագծի ու շահերի բախմանն է առնչվում՝ ոչ, եթե այլ բնույթի խախտումներ լինեին, որոնք կարող էին նաև ֆինանսական հանցագործություններ բացահայտել, միգուցե այս կապերը և համագործակցությունը տեսանելի կլիներ: Բայց վարքագծային կանոնների խախտումը ուղղակիորեն և անհրաժեշտորեն չի հանգեցնում հանցագործությունների կատարման, և արարքի քրեաիրավական գնահատականը ինքնուրույն է և գտնվում է իրավապահ մարմինների տիրույթում», - շեշտում է Սահակյանը։
Ըստ հանձնաժողովի՝ Վարդան Ղուկասյանի շահերի բախման իրավիճակում գործողություն կատարելը կամ որոշում ընդունելն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն: Բայց հանրային ծառայողի մասին օրենքով՝ կարգապահական պատասխանատվության վերաբերյալ դրույթները կիրառելի չեն քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ: Իսկ համայնքի ղեկավարը քաղաքական պաշտոն է, նույնը նաև առաջին տեղակալի պարագայում է, ում նշանակում են ավագանու կազմից:
«Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ հետ կանչ պաշտոնյաների ընտրովի նախատեսված չէ, և հիմնականում խնդիրները մնում են հանրային պարսավանքի դատապարտման և հետագա ընտրական գործընթացների տիրույթում, երբ հասարակությունը իրազեկվելով նաև հանձնաժողովի համանման եզրակացությունների վերաբերյալ, պետք է որոշում կայացնի, թե ում է ցանկանում տալ իր քվեն, սակայն ուղղակի ներազդման այլ մեխանիզմներ, որոնք կհանգեցնեն կոնկրետ հետևանքների, օրինակ՝ կարգապահական պատասխանատվության, լիազորությունների դադարեցման և այլն, գոյություն չունեն», - ասաց իրավաբան Սիրանուշ Սահակյանը:
Պաշտոնյաները պարտավոր են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունների վերաբերյալ պարզաբանում ներկայացնել:
Գյումրիի համայնքապետարանի կայքում փոխքաղաքապետի հայտարարությունը տարածվեց. «Ավետիս Առաքելյանը 2025 թվականի մայիսի 2-ին ընտրվել է համայնքի ղեկավարի առաջին տեղակալ հանրությունից առաջնային մանդատ ստացած Գյումրիի ավագանու կողմից՝ ժողովրդավարական ընտրությունների անցկացման արդյունքում՝ պահպանելով գյումրեցիների քվեն ստացած ընտրացուցակի հաջորդականությունը՝ հաստատված Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից։ Ավետիս Առաքելյանը քաղաքական-ներկայացուցչական պաշտոն է զբաղեցնում՝ շարունակելով հաշվետու լինել Գյումրիի ավագանուն»։
Գյումրիում շարունակվում են Վարդան Ղուկասյանի կալանավորմանը հաջորդած ներքաղաքական զարգացումները
Գյումրիի ավագանիում Կոմկուս խմբակացության 2 անդամ ու համայնքապետը կալանավորված են: Ղուկասյանի եղբոր թոռը և ավագանու մյուս անդամը՝ Սեդրակ Սահակյանը, մանդատից հրաժարվել են: Նրանց կփոխարինեն ընտրացուցակի հաջորդական համարները: Ի դեպ, նրանցից մեկը՝ Տիգրան Ավագյանը, ևս 2 օր առաջ կալանավորվել է զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով, եթե ցուցակից դուրս գալու դիմում չներկայանցնի, ապա մանդատը նրան կտրամադրվի:
Քննչական կոմիտեի վերջին տվյալներով՝ Գյումրիում Ղուկասյանի ձերբակալության օրը քաղաքապետի աջակիցների ու ոստիկանների միջև բախման գործով 43 մեղադրյալ կա, 26-ը կալանքի տակ են:
Գյումրիի ընդդիմադիր քաղաքապետը, որ 10 օր է անազատության մեջ է, հերքում է իրեն առաջադրված կոռուպցիոն մեղադրանքը: Օրերս նրան մի մեղադրանք էլ առաջադրվեց իշխանության զավթման կոչի հոդվածով, որի առիթը Ղուկասյանի այն դիրքորոշումն է, թե Հայաստանը պետք է Ռուսաստանի հետ մի միությունում լինի: Նրա փաստաբանները հարցնում են՝ եթե դա քրեական հանցանք է, ապա ինչո՞ւ քրեական գործեր չեն հարուցվում այն անձանց նկատմամբ, ովքեր կոչ են անում Հայաստանին անդամակցել Եվրամիությանը:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր հիշեցրեց, որ ինքը մի քանի ամիս առաջ էր պնդել, որ Վարդան Ղուկասյանի տեղը բանտում է: Երկաթե մանդատը ուշացումով, բայց սկսել է գործել՝ ըստ Սիմոնյանի:
«Իսկ ինչ վերաբերում է այն մարդկանց, ովքեր բանտերում են, ասեմ ավելին, մենք ուշացրել ենք դա, մենք ուշացրել ենք, երբ որ «երկաթե մանդատ» արտահայտությունն ասում ենք, ժողովուրդը մեզ մեղադրում էր, և դուք մեզ նաև հարց էիք տալիս, ասում էիք՝ բա ո՞ւր է «երկաթե մանդատը», խի՞ չի գործում «երկաթե մանդատը»։ Այսինքն՝ էն մարդիկ, ովքեր որ հանցագործություն են անում, հետո թեկնածություն են դնում, պետք է, այնուամենայնիվ, չպատժվե՞ն», - լրագրողների հետ զրույցում ասաց խորհրդարանի խոսնակը։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» չի թաքցնում, որ նպատակ ունի քաղաքապետի պաշտոնից հեռացնել Վարդան Ղուկասյանին, բայց թե ինչ սցենարով, արդեն մեկ ամիս է՝ չեն բացահայտում:
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
