Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին դուրս շպրտելու վարչապետի սպառնալիքից հետո Գյումրիի ընդդիմադիր ղեկավարը հիշեցնում է՝ իրեն ժողովուրդն է ընտրել:
«Ժողովրդի ընտրյալին ՀՀ վարչապետը, եթե ասում է՝ դուրս շպրտվի ՀՀ վարչապետը 6 անգամ քաղաքապետ, 2 անգամ ԱԺ պատգամավոր ընտրված մարդուն, թիվ մեկ ամբիոնից նմանատիպ խոսք է ասում, ես ուղղակի ուզում եմ ասել հայ ժողովրդին՝ տեսեք, թե մենք ում ենք ընտրել ՀՀ վարչապետ», - ասաց Ղուկասյանը:
Երեկ խորհրդարանի ամբիոնից վարչապետը Գյումրիի քաղաքապետին հեռացնելու ոչ մեթոդը, ոչ էլ ժամկետները նշեց: Բայց կարծիք հայտնեց, թե «տեղի ունեցած թյուրիմացությունը շտկվելու է»:
Ղուկասյանն այս կապակցությամբ հարց ունի Նիկոլ Փաշինյանին. «Ինքը շատ բան ասաց: Եթե ես չեմ ընտրվել, բա ո՞վ է ընտրվել»:
«Ազատության» հարցին, թե ի՞նչ սցենար է կանխատեսում, ինչպե՞ս կարող են իրեն իշխանությունները պաշտոնանկ անել, երեկ ուշ երեկոյան ասուլիս հրավիրած քաղաքապետը պատասխանեց. «Ես կոֆե նայող չեմ, բաժակ նայող չեմ, կապրենք, կտեսնենք: Ուրեմն, մենք ամեն ինչի պատրաստ ենք, մեզ մոտ վախ հասկացողությունը վերացած է, մենք վախենում ենք Բարձրյալն Աստծուց, պստկուց այդպես եկել ենք, այդպես էլ կմահանանք: Ոչ թե մենք դուխով ենք, մարդու հետ պիտի ծնվի այդ դուխը»:
Ղուկասյանն ասաց՝ մի պայմանով կհեռանա. «2026-ին եթե սրանք ընտրվեցին, ինձ պես տղերքն այս քաղաքում էլ անելու բան չունեն, այս երկրում, հաջողություն, մեզ պես տղերքը դուրս են գալիս»:
Վարդան Ղուկասյանը ՔՊ-ականների քննադատության թիրախում հերթական անգամ հայտնվեց իր ռուսամետ հայտարարությունից հետո: Վերջինս պնդում է՝ Հայաստանը Ռուսասատանի հետ պետք է միություն կազմի, ու չգիտի, թե ինչու ՔՊ-ականներն իրեն չեն հասկանում:
«Հայոց պետականությունը պահելու համար, այո, մենք պետք է մտնենք որևիցէ մի միության մեջ, ոչ այն սկզբունքով, որ դառնանք գուբեռնյա: Ով իմ խոսքերին հակադարձի, ու ինձ քոմենթ գրողները ինձ, մեզ վատ բան ասի, այո, սրիկա շան որդի են և թուրքահպատակ: Այո, նմանատիպ խոսքին ես հակադարձում եմ՝ ով ինձ ՀՀ անկախությունը, պետականությունը պաշտպանելու կապակցությամբ հակադարձի, մի վատ բան գրի ու ասի, նա թուրքահպատակ շան տղա է, ես դա եմ ասել», - երեկ ասաց Ղուկասյանը:
Իր քննադատներին շան տղա անվանելուն ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն է արձագանքել ֆեյսբուքյան իր էջում. «2026 թվականին Հայաստանի անկախության դեմ պայքարող բոլոր ուժերին պետք է ուղարկենք գրողի ծոցը: Իսկ «շան տղա» արտահայտությունը չարաշահողներին, թերևս, դնչկալ հագցնելու ժամանակն է եկել»:
Ղուկասյանի համար ակնհայտ է, թե ինչու են իշխանությունները բան ու գործ թողած իրեն թիրախավորում, ասաց՝ հաջորդ տարվա ընտրությունների համար մտավախություն ունեն, որ Գյումրիում կպարտվեն. «Գիտեն, որ դիմացը եթե ընտրություններ լինեն, իրենք վերջից առաջին տեղը կընկնեն»:
Գյումրիի ընդդիմադիր քաղաքապետը մի քանի անգամ հայտարարել է, որ եթե պետք լինի, նաև վարչապետի թեկնածու կառաջադրվի, բայց միևնույն ժամանակ հավելեց՝ ցանկություն չունի:
«Եթե Հայաստանը տեսնում եմ, որ թուրքացման են տանում, ես ոչ թե վարչապետ կդառնամ, ես վիկինգ էլ կդառնամ», - ասաց նա:
2021-ի ՏԻՄ ընտրություններում մի քանի համայնքներում պարտված «Քաղաքացիական պայմանագիրը» մի քանի սցենարներով կարողացել է վերադարձնել իշխանությունը: Ինչ սցենարով Ղուկասյանին պաշտոնանկ կանեն՝ դեռ պարզ չէ, բայց արդեն մամուլում լուրեր կան որ գործընթացը մեկնարկել է: Ղուկասյանը քրեական գործով մեղադրյալ է: