Ուկրաինայում արյունահեղությունն անհապաղ դադարեցնելու նախագահ Թրամփի խոստումը նոր շրջադարձ է ստանում։
Սպիտակ տան ղեկավարի բանագնացը հայտարարում է՝ Վաշինգտոնը ցանկանում է, որ Ուկրաինայում նոր ընտրություններ անցկացվեն՝ ցանկալի է այս տարի, հատկապես, եթե կողմերը զինադադարի շուրջ համաձայնության գան։
Քիթ Քելլոգի հայտարարությունը Ուկրաինայում կրքեր է բորբոքել․ Կիևի համար զգայուն թեմայի մասին Կրեմլից բացի, այժմ էլ Վաշինգտոնն է բարձրաձայնում։ Անցած օրերին Reuters-ի հետ զրույցում ամերիկացի բանագնացը մասնավորապես պնդել է, որ Ուկրաինայում «պետք է» ընտրություններ անցկացվեն, և քվեարկությունը կարելի է կազմակերպել հրադադարի համաձայնագրից հետո, ինչը, ըստ նրա, կարող է տեղի ունենալ մի քանի ամսվա ընթացքում։
«Ժողովրդավարական պետություններից շատերն են ընտրություններ անցկացնում պատերազմի ժամանակ: Ես կարծում եմ, որ կարևոր է, որպեսզի նրանք դա անեն»,-Reuters-ին ասել է Քելլոգը և հավելել, - «Հենց դա է իսկական ժողովրդավարության ողջ հմայքը։ Պոտենցիալ թեկնածուն միայն մեկը չէ»։
Թրամփը, որ դեռևս քարոզարշավի ընթացքում էր հավաստիացնում, թե ընտրվելու դեպքում նույնիսկ Սպիտակ տուն ոտք չդրած կարող է ավարտել Ուկրաինայում երեք տարի շարունակվող պատերազմը, երբեք չի հստակեցրել՝ ինչպես է հասնելու դրան, միայն ասել է, որ մտադիր է կիրառել մտրակի և բլիթի քաղաքականություն ինչպես Կիևի, այնպես էլ Մոսկվայի նկատմամբ՝ ստիպելու նրանց նստել նույն սեղանի շուրջ։
Ռուս-ուկրաինական հակամարտության հարցերով փորձագետ, Սան Դիեգոյի պետհամալսարանի քաղաքագետ Միխայիլ Ալեքսեևը նշում է, որ Թրամփի վարչակազմը, ըստ ամենայնի, ընտրությունների հարցը բարձրացրել է բանակցային գործընթացը դյուրացնելու հույսով։ Փորձագետը կարծում է՝ դա ձեռնտու է միայն Ռուսաստանին։
Պուտինը բազմիցս է հայտարարել, որ Մոսկվան բաց է բանակցությունների համար։ Միաժամանակ կասկածներ կան, որ Կրեմլի ղեկավարը բարեխիղճ չի գործի և կօգտագործի ցանկացած բանակցություն՝ հանդես գալու իբրև կառուցողական խաղացող, մյուս կողմից՝ ժամանակ շահելու Ուկրաինայում ռուսական զորքի դիրքերը բարելավելու համար։ Երեք տարին բոլորող պատերազմի ընթացքում Մոսկվան արդեն շեշտակի ձեռքբերումներ է ունեցել Ուկրաինայում, բայց մարդկային կյանքի հսկայական գնով:
«Եթե Պուտինին հաջողվի ԱՄՆ-ի վարչակազմին ստիպել մի քանի ամիս էլ ոտքը կախ քցել, կկարողանա ավելի շատ նվաճումների հասնել ռազմաճակատում»,- նշում է Ալեքսեևը։
Ռուսաստանի իշխանությունները, այդ թվում՝ նախագահ Պուտինը, վերջին ամիսներին բազմիցս պնդել են, որ Զելենսկին իրավասու չէ ստորագրել խաղաղության համաձայնագիրը, նա լեգիտիմ չէ, քանի որ իր պաշտոնավարման հնգամյա ժամկետն ավարտվել է անցած մայիսին, և դրանից հետո երկիրը նախագահական նոր ընտրություններ չի կազմակերպել։ Ուկրաինայի Սահմանադրությունն է արգելում Զելենսկուն քվեարկություն կազմակերպել ռազմական դրության պայմաններում։
Չնայած դրան՝ թեման սուր քննարկումներ է հարուցել նաև երկրի ներսում։
Ամերիկացի սենատոր Լինդսի Գրեհեմը՝ Թրամփի հանրապետական դաշնակիցը, անցած տարվա մայիսին Կիևում Զելենսկու հետ հանդիպմանը հորդորեց չշեղվել ժամանակացույցից և նոր ընտրություններ կազմակերպել։ Այս պահանջը հնչում էր Ուկրաինային աջակցություն տրամադրելու հարցում հանրապետականների կոշտ դիմադրության ֆոնին, որն ամիսներ տևեց։ Ամերիկյան սպառազինությունից կախված Կիևը հայտարարում էր, որ Վաշինգտոնի աջակցության հապաղումը կարող է հանգեցնել նոր տարածքային կորուստների։
Բայց այդ ժամանակ Ուկրաինայում շատերն ընդդիմացան պատերազմի պայմաններում նոր ընտրություններ անցկացնելու գաղափարին՝ մտավախություն ունենալով, որ ընտրապայքարը կարող է պառակտում մտցնել հանրության շրջանում երկրի համար ճակատագրական պահին։ Բազմաթիվ են խնդիրները, որոնց Ուկրաինան կարող է բախվել պատերազմի ընթացքում նոր ընտրությունների դեպքում կամ նույնիսկ հրադադարից անմիջապես հետո։
Ռազմական հարձակումները 6 միլիոն մարդու ստիպել է լքել երկիրը, մոտ 4 միլիոնը ներքին տեղահանված են, ևս 1 միլիոնը ծառայում են զինված ուժերում։ Այս թվերը միասին կազմում են երկրի բնակչության մոտ մեկ քառորդը։
«Ընտրություններն ու լայնամասշտաբ պատերազմն անհամատեղելի են: Այս գաղափարը չափազանց վտանգավոր է և կհանգեցնի թե՛ գործընթացի, թե՛ ընտրված մարմինների լեգիտիմության կորստի, իսկ մեծ հավանականությամբ կհանգեցնի շեշտակի ապակայունացման ընդհանուր առմամբ պետությունում։ Եթեպատերազմի պայմաններում մրցակցային քաղաքական պայքար հնարավոր չէ, ապա ընտրությունները միանշանակ ազատ լինել չեն կարող»,- դեռևս 2023 թվականի սեպտեմբերին համատեղ հայտարարությամբ պնդել են ուկրաինական քաղհասարության տասնյակ խմբեր:
«Իրավիճակը լայնորեն ընդունելի է, ուստի պնդել, որ Զելենսկին լեգիտիմ իշխանություն չէ, բացարձակ անհեթեթություն է»,- շեշտում է Ալեքսեևը։
Հունվարի 2-ին Զելենսկին չի բացառել ընթացիկ տարում նոր ընտրությունների անցկացումը, բայց ինչպես ընդգծել է, միայն հրադադարից հետո։
Իսկ Ուկրաինայի հարցով ամերիկացի բանագնացի հայտարարությունից հետո Զելենսկու օգնականը Reuters-ին ասել է, որ «եթե նրա ծրագիրը պարզապես զինադադար է և ընտրություններ, ապա դա ձախողված պլան է, Պուտինին դրանցով չես վախեցնի»։
Զելենսկին ու նրա կառավարությունը ցանկացած զինադադարի կամ խաղաղության համաձայնագրի համար Ուկրաինայի համար անվտանգության հզոր երաշխիքներ են պահանջում։
Անցյալ շաբաթ Փարիզ կատարած այցի ժամանակ Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն, որը 2019 թվականի ընտրություններում պարտվել է Զելենսկիին և ապագա մրցապայքարում նրա հավանական մրցակիցն է, մերժել է պատերազմի պայմաններում ընտրությունների անցկացման գաղափարը՝ ենթադրելով, որ նման քվեարկության միակ «հաղթողը» Պուտինը կլինի։
Պորոշենկոն մտավախություն ունի, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ Պուտինը կարող է քարոզչական հնարքներ կիրառել, «հինգերորդ շարասյունը» գործի դնել՝ տապալելու Ուկրաինան:
Ինդիանայի Բոլ Սթեյթ համալսարանի պրոֆեսոր Սերգեյ Ժուկը կիսում է Պորոշենկոյի մտահոգությունները: «Ազատություն» հետ զրույցում Ժուկն ասում է՝ Կրեմլը կարող է օգտագործել իր հզոր քարոզչական մեքենան և Ուկրաինայի ներսում ռուսամետ տարրերին՝ ընտրությունների ժամանակ երկիրը ապակայունացնելու համար։
«Ես վախենում եմ, որ ապագա ընտրություններում ռուսական ամբողջ ապատեղեկատվությունով, որը շատ արդյունավետ է, նրանք հակազելենսկի քարոզարշավ կկազմակերպեն և կհաղթեն։ Դա կլինի վրացական հակահեղափոխության երկրորդ տարբերակը», - ասել է պրոֆեսորը: Նա նկատի ունի Վրաստանում ռուսամետ կառավարության վերելքը Կրեմլի հետ տարիների թշնամական հարաբերություններից հետո:
Ժուկի համոզմամբ՝ Պուտինի թշնամանքը Զելենսկու նկատմամբ անձնական է, որն էլ ավելի խորացավ, երբ նախկին կատագերկակը գլխավորեց իր երկրի պաշտպանությունը ավելի մեծ, ավելի հագեցված ռուս զինվորականների դեմ՝ շահելով աշխարհի մեծ մասի հարգանքը և խայտառակելով Կրեմլի առաջնորդին, որն ակնկալում էր, որ ներխուժելով Ուկրաինա ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում Զելենսկիին կհեռացնի իշխանությունից և ծնկի կբերի այդ երկիրը:
Երկրի ներսում էլ Զելենսկու հեղինակությունը կտրուկ բարելլավեց, երբ զինված ուժերը վերադարձրին Ռուսաստանի վերահսկողությանն անցած տարածքների մի մասը։ Բայց, քանի որ լայնածավալ պատերազմը մի քանի շաբաթից կթևակոխի չորրորդ տարին, Ռուսաստանն էլ առաջ է ընթանում դեպի արևելք, Զելենսկիի ժողովրդականությունը հետզհետե նվազում է:
Ժուկը և Ալեքսեևը գեներալ Վալերի Զալուժնիին են համարում Զելենսկու գլխավոր մրցակից։ Բարձրաստիճան զինվորականը, որը ղեկավարում էր Ուկրաինայի պաշտպանությունը ներխուժման առաջին երկու տարիներին, պաշտոնանկ արվեց անցած տարի նախագահի հետ ունեցած տարաձայնությունների ֆոնին։
Ուկրաինական աղբյուրների համաձայն՝ Զելենսկին այժմ անհանգստացած է հայտնի հրամանատարի հնարավոր քաղաքական հավակնություններով։
Ալեքսեևի կարծիքով՝ նոր ընտրություններ պահանջող Պուտինի համար Զալուժնիի նախագահ դառնալն ամենևին էլ հաղթանակ չի լինի. «Դա չի նվազեցնի դիմակայելու Ուկրաինայի կամքը»,- ընդգծում է փորձագետը։