Ռուսաստանյան իշխանությունները Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման հնարավոր վայր են դիտարկում Սաուդյան Արաբիան կամ Արաբական Միացյալ Էմիրությունները, գրում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ռուսաստանյան իր աղբյուրները։
Թրամփը բազմիցս հայտարարել է, որ ցանկանում է վերջ տալ Ուկրաինայում պատերազմին և այդ նպատակին հասնելու համար պատրաստ է թե՛ հեռախոսազրույց ունենալ, թե՛ հանդիպել Պուտինի հետ։ Կրեմլը ևս հայտարարել է Թրամփի հետ շփումների պատրաստակամության մասին։
Նախօրեին Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ը «բավական լավ» «քննարկումներ է վարում» և՛ Ուկրաինայի, և՛ Ռուսաստանի հետ: Սպիտակ տան ղեկավարը, սակայն, չի հստակեցրել, թե ովքեր են մասնակցում քննարկումներին, և ինչ է քննարկվում։ Թրամփի խոսքով՝ բանակցություններ տարբեր կողմերի, այդ թվում՝ Ուկրաինայի և Ռուսաստանի հետ արդեն ծրագրված են հանդիպումներ։
Reuters-ը նշում է, որ վերջերս ռուս պաշտոնյաներ են այցելել Սաուդյան Արաբիա և ԱՄԷ։ Գործակալության աղբյուրները նշում են, որ Ռուսաստանի ղեկավարությունը փորձում է հասկանալ, թե որքանով են այդ պետությունները հարմար որպես բանակցությունների վայր՝ հաշվի առնելով անվտանգության ոլորտում ԱՄՆ-ի հետ սերտ համագործակցությունը։ Reuters-ը գրում է նաև, որ արաբական երկու երկրների ղեկավարները ջերմ հարաբերություններ են պահպանում ինչպես Թրամփի, այնպես էլ Պուտինի հետ, բացի այդ երկու երկրներն էլ չեզոք դիրքորոշում ունեն Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի հարցում ու պատժամիջոցներ չեն կիրառել Ռուսաստանի դեմ։
ԱՄԷ-ն որպես միջնորդ է հանդես եկել պատերազմող կողմերի միջև գերիների փոխանակման գործում, Սաուդյան Արաբիան էլ անցյալ տարի ներգրավված էր Ռուսաստանի և արևմտյան երկրների միջև գերիների փոխանակման հիմնական գործընթացի նախապատրաստման մեջ:
Ո՛չ Կրեմլը, ո՛չ Վաշինգտոնը դեռևս չեն մեկնաբանել Reuters-ի հրապարակումը։