Առանց Կիևի մասնակցության պատերազմը դադարեցնելու մասին ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև բանակցությունները սպառնալիք են, Associated Press-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Նրանք կարող են ունենալ իրենց սեփական հարաբերությունները, բայց առանց մեզ Ուկրաինայի մասին խոսելը վտանգավոր է բոլորի համար»,-ընդգծել է Զելենսկին:
Բացի այդ, Ուկրաինայի նախագահի խոսքով, բանակցություններին, բացի ԱՄՆ-ից, Ռուսաստանից և Ուկրաինայից, պետք է մասնակցեն Եվրամիության ներկայացուցիչները:
Զելենսկին հավելել է, որ իր թիմը ընդհանուր մակարդակով կապ է պահպանում Թրամփի շրջապատի հետ, և առաջիկայում սպասվում են անձնական հանդիպումներ՝ մանրամասները քննարկելու համար:
Օրեր առաջ տեսակապով դիմելով Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի մասնակիցներին՝ ԱՄՆ նախագահն ասել էր, որ կցանկանար հանդիպել ՌԴ նախագահի հետ՝ Ուկրաինայում պատերազմին վերջ տալու համար։ Թրամփը Ռուսաստանին կոչ է արել բանակցել՝ սպառնալով «հարկեր, տուրքեր և պատժամիջոցներ» սահմանել ռուսական ապրանքների վրա, եթե դա չանի։
Վլադիմիր Պուտինն էլ հայտարարել է Թրամփին հանդիպելու ցանկության մասին՝ «հանգիստ քննարկելու» փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերը։
Ուկրաինայի առաջնորդը կարծում է, որ Թրամփը կարող է ստիպել Պուտինին նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ ուժեղացնելով պատժամիջոցները Ռուսաստանի Էներգետիկայի և բանկային հատվածի դեմ, ինչպես նաև շարունակելով ռազմական աջակցությունը Կիևին: