Ուկրաինան վերադարձրել է Ռուսաստանի կողմից «բռնի կերպով տեղափոխված 12 երեխաների», երկուշաբթի ուշ երեկոյան հայտնել Է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը:
Երմակի խոսքով՝ վերադարձված երեխաների թվում են 16-ամյա մի աղջիկ, որը կորցրել է մորը, 17-ամյա մի դեռահաս, որին հանձնվել է ռուսական բանակում ծառայելու ծանուցագիրը:
Ռուսաստանից մեկնաբանություններ դեռ չկան:
Պատերազմի սկզբից ի վեր Մոսկվան և Կիևը երեխաների մի քանի փոխանակումներ են իրականացրել՝ ընտանիքների հետ վերամիավորելու համար:
Ուկրաինան հայտարարում է, որ պատերազմի սկսվելուց ի վեր ավելի քան 19 հազար 500 երեխա բռնի տեղափոխվել է Ռուսաստան կամ նրա կողմից օկուպացված տարածք՝ առանց ընտանիքների կամ խնամակալների համաձայնության՝ դա անվանելով ռազմական հանցագործություն:
Ռուսաստանը պնդել է, որ մարդկանց կամավոր տարհանում է պատերազմական գոտուց՝ խոցելի երեխաներին պաշտպանելու համար:
2023 թվականի մարտին Հաագայի միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և երեխաների իրավունքների պաշտպան Մարիա Լվովա-Բելովային ձերբակալելու միջազգային օրդեր է տվել։ Նրանք կասկածվում են ուկրաինացի երեխաների անօրինական դեպորտացիայի մեջ։