Մատչելիության հղումներ

Չախոյանն ահազանգում է «հերթական կոռուպցիոն գործարքի» մասին, քաղաքապետարանում դա զրպարտություն են որակում

Լրացված

Ակտիվիստ Արթուր Չախոյան, արխիվ
Ակտիվիստ Արթուր Չախոյան, արխիվ

«Ուղիղ 500 քառակուսի համայնքից հող են գողացել»: Հերթական բռնությունը ակտիվիստ Արթուր Չախոյանի նկատմամբ, այս անգամ՝ Նոր նորքի թաղապետարանից ոչ շատ հեռու կառուցվող գյուղմթերքի շուկայի շինարարության պատճառով:

«Հինգ հոգով հարձակվեցին վրաս», - դատաբժշկի մոտ վնասվածքներն արձանագրելուց հետո այսօր «Ազատությանը» փոխանցեց մայրաքաղաքի խնդիրները բարձրաձայնող ակտիվիստը, - «Տարածքի սեփականատերերն էին, հարձակվեցին, հեռախոսս գողացան՝ հենց էդ տարածքի հարակից տարածքում, հանրային տարածքում»:

Երեկվա ծեծից հետո Քննչականը վարույթ է նախաձեռնել, ձերբակալել մեկ հոգու: Ենթադրվում է՝ ճաղերից այն կողմ է հենց կառուցվող շուկայի տերը, թե ով է նա, իրավապահները չեն բացահայտում:

«Իրականում պետք ա չորս հոգին ձերբակալվեին, հինգ հոգին, էլի, ամբոջովին», - պնդում է ակտիվիստը:

Բռնությամբ ավարտված այս պատմությունը սկսվել է Մասիվի Բաղյան փողոցից: Չախոյանն էր իր ֆեյսբուքյան էջում ահազանգել, որ թաղապետարանի քթի տակ առանց շինթույլտվության մեծ շուկա են կառուցում: Ընդ որում, այդ տարածքի մի մասը՝ 500 քառակուսին, պատկանում է մայրաքաղաքին, և չկա թույլտվություն:

«560 հազար դոլարի կոռուպցիա, անցած տարվանից այստեղ, որը կրում ա Բաղյան փողոց 2/5 հասցեն, կառուցվում էր այս ավելի մեծ գյուղամթերքի շուկան՝ առանց շինթույլտվության», - հայտարարում է Չախոյանը:

Գնացել, նկարահանել էր տարածքը, պնդել, որ համայնքին պատկանող մոտ 360 հազար դոլար արժողությամբ 500 քմ հողը պարզապես գողացել են, իսկ այս ամենի վրա Երևանի քաղաքապետարանն աչք է փակում. - «Ո՞նց կարա լինի էլի տենց, եթե Երևանի քաղաքապետարանը միայն շուկայի հատվածում ա եզրաքարերը փոխարինում: Այսինքն՝ պարզ ա չէ՞, ինչ-որ մեկի ծանոթն ա, որ նման էդ ամեն ինչին հովանավորչություն են տալիս, այսինքն՝ թույլ են տալի հող զավթի, թույլ են տալի առանց շինթույլտվության էս ահռելի մեծ շուկան կառուցի, և իր փոխարեն իր քանդած գույքը վերականգնում ա Երևանի քաղաքապետարանը՝ ժողովրդի հարկերով»:

Ըստ Չախոյանի՝ բացի այն հանգամանքից, որ մասնավորը հենց համայնքին պատկանող հողի վրա է շուկան կառուցում, քաղաքապետարանն էլ, իր հերթին, համայնքի միջոցներով վերականգնել է նորաստեղծ շուկայի քանդած եզրաքարերը՝ այն դեպքում, երբ ամբողջ Բաղյան փողոցի վրա նորմալ եզրաքար չկա: Սա թույլ է տալիս ակտիվիստին կասկածել կոռուպցիոն գործարքի մասին:

«Եթե դուք կոռուպցիայի հովանավորչության հետ կապ չունեք, այս ամենի հետ, ձեր խոսքերին հավատարիմ էղեք և արեք, համայնքից ապօրինի 500 քառակուսի զավթած հողատարածքի վրա կառուցված գյուղամթերքի շուկան ապամոնտաժեք: Հակառակ դեպքում, եթե դուք էդ ամենը չանեք, էս ամենը արդեն առհասարակ կդառնա անհերքելի փաստ», - ասում է ակտիվիստը:

Իր ֆեյսբուքյան տեսագրության մեջ ակտիվիստը նաև քաղաքապետի տեսագրություններից մեկն էր տեղադրել. - «Էն ո՞նց էր Տիգրան Ավինյանը ասում. - «Փողի գողը գող ա, հողի գողը գող չի՞: Հողի գողն էլ ա գող, և առհասարակ համայնքային հողի վրա կառուցված որևէ շինություն ամենակոշտ ձևի քանդվելու է»:

Ի՞նչ հողատարածքի մասին է այս անգամ ահազանգում ակտիվիստ Չախոյանը, արդյո՞ք համայնքային հողի վրա առանց թույլտվության շինարարություն է կատարվում: Երևանի քաղաքապետարանից «Ազատության» հարցմանն ի պատասխան հաստատեցին, որ տվյալ տարածքում շինարարություն իրականացնողը չունի շինթույլտվություն: Միաժամանակ, քաղաքապետարանում զրպարտություն որակեցին ակտիվիստի՝ հարյուր հազարավոր դոլարների կոռուպցիայի մասին պնդումը և փոխանցեցին, որ դրա համար քաղաքապետը դատի կտա Չախոյանին:

Արթուր Չախոյանն արդեն երրորդ անգամ է հայտնվում նման պատմության կիզակետում: Մայրաքաղաքի մանկապարտեզներից մեկի նորոգման թերությունները բացահայտելուց հետո նա ծեծի էր ենթարկվել Նոր Նորքի թաղապետարանում, ինչից հետո թաղապետն ազատվեց աշխատանքից ու հայտնվեց մեղադրյալի աթոռին: Նույն՝ խուլիգանության հոդվածով մեղադրյալի աթոռին է նաև Չախոյանը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG