Մատչելիության հղումներ

«Ի՞նչը հերքեմ». 6 միլիոն դրամի պահանջ Արթուր Չախոյանին


Ակտիվիստ Արթուր Չախոյան, արխիվ
Ակտիվիստ Արթուր Չախոյան, արխիվ

«Ի՞նչը հերքեմ», - հարցնում է Նոր Նորքի թիվ 105 մանկապարտեզի թերություններն արձանագրած ակտիվիստ Արթուր Չախոյանը, որին զրպարտության համար դատի է տվել շինարարությունն իրականացրած «Լիլանարմ» ընկերությունը: Այս ընկերության գործադիր տնօրենը Նարեկ Պողոյանն է, որի 2023-ի ավագանու ընտրություններին իշխող «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակում էր:

«Հա, դե որ ցույց ենք տալի, բան ենք անում, և այլն, և այլն, բայց ըտեղ որպես այդպիսին՝ զրպարտություն, խոսք չկա: Ցույց ենք տվել ինչը կա, նույնիսկ ասֆալտը, որ ասենք բիտում չկա», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց Չախյանը, - «Տեսեք, իրանց լցած ցեխը պոկում եմ, մեջից հանում եմ: Սա իհարկե այսպես պետք ա չլիներ, սա արդեն ազդակ ա, որ աշխատանքները նորմալ չեն արել»:

«Լիլանարմ» ընկերությունը նույն պահանջը ներկայացրել է նաև Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանին: Նա և Չախոյանն էին մի քանի տեսանյութերում ցույց տվել շինարարության թերությունները: Ընկերությունը երկուսից էլ պահանջում է սոցիալական էջերից հեռացնել մանկապարտեզի թերությունները ցույց տվող տեսանյութերը, հերքել «ընկերության վերաբերյալ զրպարտություն համարվող փաստացի տվյալները» և երկուսով որպես փոխհատուցում վճարել 12 միլիոն դրամ:

«Ես էդ ամեն ինչին քաղաքական գնահատական եմ տալի՝ «հետևյալ զրպարտությունը տարածելու համար», որ իբրև հանրային կարծիքը այլ կողմ շեղեն, որ «տեսեք՝ Չախոյանը ստախոս ա, զրպարտություն ա տարածել», դրա համար էլ 6 միլիոն դրամ էդ պահանջով դատարան են մտել: 6 միլիոն դրամը իրանք ուռցրել են, որ ավելի նյութը հնչեղ լինի», - ասաց ակտիվիստը:

Մանկապարտեզի թերությունները ցուցադրելուց հետո կռիվ էր ընկել ակտիվիստի, ավագանու ընդդիմադիր անդամի ու Նոր Նորքի՝ այժմ արդեն նախկին թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի միջև: Փոխադարձ հայհոյանքներից հետո բանը հասավ նրան, որ թաղապետն ու ենթակաները տեսախցիկների առջև ծեծեցին Չախոյանին, ինչից հետո քրեական գործ հարուցվեց խուլիգանության և մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության հոդվածներով: Այժմ երեքն էլ մեղադրյալի աթոռին են, Տեր-Մարգարյանն էլ աղմկահարույց դեպքից 20 օր հետո հրաժարական տվեց

«Վստահաբար ունենք էդ խնդիրը տվյալ մանկապարտեզում, 2023 թվականին քաղաքապետ նշանակվելուց հետո էդ մանկապարտեզներում՝ 2-3 մանկապարտեզներում աշխատանքները դադարեցվել են, որովհետև կային մի շարք խնդիրներ՝ որակի հետ կապված, փաստաթղթերի հետ կապված, երկուսի հետ կապված կար քրեական գործեր», - վերջերս հայտարարել էր Երևանի քաղաքապետը:

Չնայած Տիգրան Ավինյանն ընդունել էր, որ Չախոյանի հայտնաբերած թերություններն իսկապես կան, բայց այսօր հեքիաթ է որակել ակտիվիստի պնդումը, թե այս ամենը կոռուպցիա է. - «Էդ հեքիաթները խնդրում եմ գնացեք ուրիշ տեղեր պատմեք, կոռուպցիայի մասին ոչ մեկ չէր բարձրաձայնում: Դե իրանք են պատմում, սուտ են ասում, սուտ են ասում, եթե նրանք ասում են, որ էդտեղ կոռուպցիա ա եղել, էդտեղ սուտ են ասում»:

Իր հերթին, Չախոյանը շարունակում է պնդել՝ ասֆալտն արել են առանց բիտումի և, առհասարակ, նյութեր են խնայել. - «Ակնհայտ արդեն իսկ կոռուպցիոն ռիսկերը կայանում ա նրանում, որ մանկապարտեզը արդեն իսկ պետք է շահագործման հանձնված լիներ և շահագործման չի հանձնվել: Տեսեք ինչքան թույլ ա, ամրություն չկա, որ տակից բուսականություն ա աճում, խոտ ա աճում, ծառ ա աճել, հենա՝ ծառ ա աճել արդեն մեջը: Սենց ո՞նց կարելի է: Սա ակնհայտ, ակնհայտ պետական միջոցների վատնում ա: Տեսեք՝ երևի, իմ կարծիքով, հողը ավելի ամուր ա, քան էս ասֆալտը»:

Մանկապարտեզի նորոգումը համայնքային բյուջեի համար այս պահին արժեցել է ավելի քան 222 միլիոն դրամ: Սա գումարի մի մասն է, մյուս մասը՝ 57 միլիոն դրամը, քաղաքապետարանը չի վճարում, մինչև թերությունները չշտկվեն:

«Լիլանարմ»-ն ավելի վաղ հայտարարել էր, թե Չախոյանն ու Մանուկյանն արատավորել են ընկերության բարի համբավը, և որ մանկապարտեզի նորոգման աշխատանքներն ավարտված չեն, դադարեցված են և կշարունակվեն ֆինանսական միջոցների հատկացման համաձայնագիր կնքվելու պահից։ Ավելին, ըստ ընկերության, տեսանյութում նկարահանված քանդվող ցանկապատը, չնորոգված կոյուղին և կոնկրետ ասֆալտն առհասարակ նախատեսված չեն պայմանագրի նախագծա-նախահաշվային աշխատանքների մեջ։

Մինչ դատարանում կողմերը կպաշտպանեն իրենց դիրքորոշումները, արդեն երեք տարի քաղաքային խնդիրները բարձրաձայնող Չախոյանը պնդում է՝ քաղաքապետարանում այնպես են անում, որ շինարարության մրցույթներին հաղթի հենց «Լիլանարմ»-ը: Օրինակն էլ, ըստ նրա, «Կվալիտ շին» ընկերության տնօրեն Վիգեն Ուրուշանյանի դեպքն է: Չախոյանն այսօր հրապարակել է նրա հետ զրույցը, որտեղ գործարարը պատմում է, որ ինքն է շահել մանկապարտեզներից մեկի նորոգման մրցույթը, բայց կանչել են քաղաքապետարան ու ճնշելով հորդորել հրաժարվել. - «Տարբեր պատրվակներ ասեց, էս ասեց, էն ասեց, «չես հասցնի, չես կարա», մի խոսքով, ասի չեմ հրաժարվում»:

Երևանի քաղաքապետարանից այսօր չմեկնաբանեցին այս տեղեկությունը, Վիգեն Ուրուշանյանի հետ կապ հաստատել «Ազատությանը» չհաջողվեց, հեռախոսահամարն անհասանելի էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG