Երևանի քաղաքապետարանի երկու պաշտոնյա է կալանավորվել՝ հասարակական կարգի պահպանության ղեկավար Արամ Գյուլզադյանն ու հողի վերահսկողության վարչության պետի տեղակալ Միքայել Ղիմոյանը: Գյուլզադյանն, ի դեպ, նախկինում ղեկավարել է ոստիկանության «քրեական հեղինակությունների» դեմ պայքարի բաժինը: Երկու տարի առաջ քաղաքապետ Ավինյանը նրան հուշամեդալով էր պարգևատրել:
Հակակոռուպցիոն կոմիտեից փոխանցեցին՝ քրեական վարույթի շրջանակում մեղադրանք է ներկայացվել 11 անձի: Նրանցից չորսը, այդ թվում՝ քաղաքապետարանի երկու պաշտոնյաները, կալանավորված են: Մյուսները գրավով կամ չհեռանալու ստորագրությամբ ազատության մեջ են: Քրեական վարույթն առնչվում է կաշառք տալուն և ստանալուն, բայց թե կոնկրետ ինչ գործի մասին է խոսքը, Հակակոռուպցիոնից չեն մանրամասնում:
Քաղաքացիական ակտիվիստ Արթուր Չախոյանը վստահ չէ՝ արդյոք այս ձերբակալությունները կապ ունեն իր բողոքի հետ, բայց պնդում է՝ Գյուլզադյանն իր բարձրաձայնած խնդիրներից մեկը պետք է լուծեր, որովհետև հենց այդ ծառայությունն է զբաղվում զանցանքների բացահայտմամբ և պետք է համապատասխան միջոցառումներ իրականացներ հետևանքները վերացնելու ուղղությամբ:
Չախոյանն «Ազատությանը» պատմեց՝ այս տարեսկզբին դիմում է գրել վարչապետին՝ ընդգծելով, որ Դավիթաշենում տեղի է ունեցել անօրինական ծառահատում և հողազավթում: Հետո նամակը մակագրվել է քաղաքապետարան, որտեղ թեև ընթացք են տվել, բայց, ըստ ակտիվիստի, դա «ծածկադմփոց էր»:
«Այսինքն՝ գնացել են ձևական դարպասը ապամոնտաժել են և պատերը, բայց ծածկը և թեքահարթակը, աստիճանը առաջ տված էլի համայնքային հողի մեջ, այսինքն՝ կարևոր բուն հողազավթման միտքը իրենք չեն կասեցրել: Ուսումնասիրելով այդ տարածքը՝ տեսա մի փոքր այն կողմ նույն հողազավթման դեպքը տեղի է ունենում: Կրկին գրում եմ դիմում վարչապետի աշխատակազմ, մակագրվում է Երևանի քաղաքապետարան և Հակակոռուպցիոն կոմիտե», - պատմեց քաղաքացիական ակտիվիստը:
Իսկ Հակակոռուպցիոն կոմիտեն Չախոյանի բողոքի հիման վրա քրեական գործ չի հարուցել՝ համարելով, որ ենթադրյալ հանցավոր արարքի վերաբերյալ նյութեր ու փաստեր չկան: Կոմիտեն եզրահանգել է՝ Չախոյանն ուղղակի կարծիք ու դժգոհություն է հայտնել՝ Երևանում հողազավթումների հետ կապված:
Չնայած Հակակոռուպցիոնի այս պատասխանին, քաղաքապետարանի հողի վերահսկողության վարչության պետի պաշտոնակատարը պատասխան նամակով հաստատել է՝ Չախոյանի նշած հասցեում իրականացված աշխատանքները քաղաքաշինական փաստաթղթեր չեն ունեցել, հետևաբար արձանագրություն են կազմել: Ի դեպ, այս նամակը Չախոյանը ստացել է քաղաքապետարանի պաշտոնյաների ձերբակալությունից մեկ օր առաջ: Նրանցից մեկը հենց այս վարչության պետի տեղակալն է:
«Եթե Երևանի քաղաքապետարանը արձանագրել է ապօրինությունը, ինչո՞ւ չի կանխել և ապամոնտաժման աշխատանքները չի արել, միայն արել է այն դեպքում, երբ որ ես եմ դիմում գրել՝ դիմում եմ վարչապետի աշխատակազմ, նոր գնում են քանդեն: Այսինքն՝ եթե ես չարձանագրեի, դիմում չգրեի, հետևողական չլինեի, դուրս է գալիս՝ Երևանի քաղաքապետարանից արձանագրություն կազմելուց հետո էդ ապօրինի շինությունը իր բուն նպատակին հասնելու էր, և Երևանի քաղաքապետարանը, Արամ Գյուլզադյանի ղեկավարած կառույցը, այսպես ասած, ծածկադմփոց է արել», - ընդգծեց ակտիվիստը:
Արթուր Չախոյանը, որ միշտ քննադատության թիրախում է պահում քաղաքային իշխանությանը, թերահավատ է, թե այս գործով ի վերջո կապացուցվի որևէ պաշտոնյայի վերագրվող արարք: Առայժմ հակված է կարծել, որ սա շոու է. - «Երբ որ ձերբակալություններ են տեղի ունենում, դա խոսում է նրա մասին, որ համակարգը գործում է: Բայց երբ որ տեսնում եք՝ ձերբակալություններ են տեղի ունենում, բայց ձերբակալություններից հետո ազատ են արձակում, էլ ինչի՞ մասին խոսք կարա գնա՝ միանշանակ էդ ամեն ինչը որակավորվում է որպես շոու, կամ էլ ինչ-որ ատկատներ ինչ-որ համապատասխան մարդկանց մոտ չի հասել, ու տենց վերևից ճնշում են»:
Այս գործով երեկ Հակակոռուպցիոնը յոթ հոգու էր ձերբակալել, չորսն արդեն կալանավորված են: Գործող երկու պաշտոնյաներից բացի, մյուս երկու կալանավորվածները քաղաքապետարանի նախկին աշխատակիցներ են՝ Ռոբերտ Դարբինյանը քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունն է ղեկավարել, իսկ Արամ Այվազյանը նրա տեղակալն էր:
Նախկին քննիչ Ռոբերտ Դարբինյանն էլ քաղաքապետարանի հողի վերահսկողության վարչության պետի պաշտոնը թողնելուց հետո զբաղվում է փաստաբանությամբ:
«Ազատությանը» դեռ չի հաջողվել կապ հաստատել կալանավորվածների փաստաբանների հետ՝ պարզելու՝ արդյոք ընդունում են նրանք իրենց առաջադրված մեղադրանքները: Փաստաբաններից մեկը միայն արձագանքեց, բայց հրաժարվեց հարցազրույցից: