«Ինչպե՞ս է Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի օրոք՝ 2007 թվականին կանաչապատ տարածքը վաճառվել, երբ օրենքը դա արգելում է», - հարցնում են Նոր նորքի համայնքի ղեկավարի հետ հանդիպման եկած բնակիչները:
Նրանք ասում են՝ այս հունվարին տարածքից աղբ հեռացնող խմբից են իմացել, որ հողի սեփականատիրոջ հրահանգով տարածքը նախապատրաստում են բարձրահարկի շինարարությանը: Բնակիչները դուրս են եկել բողոքի, որ թույլ չտան:
Շուրջ 5000 քառակուսի մետր տարածքի միայն կենտրոնական հատվածը՝ 2200 քմ-ն է վաճառվել: Վերջին 18 տարիներին տեղում բարձրահարկ կառուցելու բոլոր փորձերը տապալվել են բնակիչների բողոքների պատճառով: Այսպես, վիճահարույց տարածքը 4-5 անգամ վերավաճառվել է: Վերջին գնորդը Սամվել Սահակյանն է, նրա հետ կապ հաստատել մեզ չհաջողվեց:
Նոր նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանն «Ազատությանն» ասաց՝ քաղաքային իշխանությունը կողմ է, որ տարածքը որպես կանաչ գոտի ծառայի բնակիչներին: «Իմ լիազորություններից դուրս է հողի փոփոխություն կատարել, սեփականաշնորհում չեղարկելը»,- ասաց նա ու միաժամանակ պնդեց, թե հարցը հօգուտ բնակիչների է լուծվելու:
«Խոսել եմ հողի սեփականատիրոջ հետ, խոսել եմ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ, այդ հարցը քննարկման փուլում է: Ես սեփականատիրոջն առաջարկել եմ մեր առաջարկները, սպասում եմ իր առաջարկներին, որից հետ կքննարկենք», - նշեց Տեր-Մարգարյանը:
Նոր նորքի 4-րդ զանգվածի վիճահարույց այդ տարածքի բնակիչներից է նաև քաղաքացիական ակտիվիստ Արթուր Չախոյանը: Ասաց՝ ոտքի են կանգնել, հատկապես այն բանից հետո, երբ նախորդ տարի տարածքում կենսունակ ծառեր են հատվել, դրանից հետո՝ «հանրային քննարկման հրավերներին ուշադիր լինելով տեսա, որ ամսի 21-ին հանրային քննարկում է լինելու, ժողովրդին իրազեկեցինք, գնացինք հանրային քննարկմանը մասնակցեցինք, այսպես ասած, պայքարեցինք և արդեն իսկ արձագանքները տեսնելով վարչական շրջանի ղեկավարի կողմից, շատ դրական արձագանքներ են ի շահ բնակչությունն ու համայնքին, սպասում ենք հետագա հարցի լուծմանը»:
Բնակիչները պնդում են՝ եթե հարցը չլուծվի ու այգին համայնքին չվերադարձվի ու չբարեկարգվի՝ իրենց ակցիաները մեծ թափ կհավաքեն:
Այս հարցով առաջին հանրային քննարկմանը ներկա է եղել նաև տարածքի սեփականատիրոջ ներկայացուցիչը, որն ասել է՝ հողի նշանակությունը թույլ է տալիս, որ այդտեղ բարձրահարկ կառուցվի, շինթույլտվություն ստանալու համար ոչ մի խոչընդոտ չունեն: Բնակիչներն էլ հարցնում են՝ ինչպե՞ս է օրենքը խախտվել, ինչո՞ւ մինչև հիմա իրավական ընթացք չի տրվել: Արթուր Չախոյանն «Ազատությանը» պատմեց՝ տեսել է նախագիծը, ըստ որի կառուցվող շենքը պետք է 18 հարկ ունենա ու 177 բնակարան:
Մինչ բնակիչները սպասում են վարչական շրջանի ղեկավարի ու քաղաքային իշխանության վերջնական որոշմանը, զուգահեռ նաև հիշեցնում են՝ այդ 2200 քմ տարածքում են հարակից առնվազն 8 շենքերի բնակիչները երկրաշարժերի ժամանակ տարհանվում:
«Դա մեր միակ ազատ տարածքն է, երեխաները խաղալու տեղ չունեն, թող այդ բարձրահարկերը ոչ բնակելի հատվածներում վեր խոյացնեն», - ասում են բնակիչները: