Մատչելիության հղումներ

Ակտիվիստի պնդմամբ՝ իրեն ՀՀ քաղաքացիություն չեն շնորհում իր կոռուպցիոն բացահայտումների պատճառով


Ակտիվիստ Արթուր Չախոյանը, արխիվ
Ակտիվիստ Արթուր Չախոյանը, արխիվ

«Քաղաքացիություն ինձ չեն տրամադրում իմ կոռուպցիոն բացահայտումների համար»․ - քաղաքային իշխանության կոշտ քննադատներից մեկը՝ ՌԴ քաղաքացի Արթուր Չախոյանը, գրեթե կես տարի է չի կարողանում Հայաստանի քաղաքացիություն ստանալ:

«Օրենքը թույլ է տալիս, որ ես երկքաղաքացիություն ունենամ, օրենքով էլ շարժվել եմ, պատշաճ դիմել, բայց չկա պատասխան, ինչո՞ւ չեն տալիս», - դժգոհում է հայտնի ակտիվիստը՝ համարելով, որ իշխանությունն այսպիսով պատժում է իրեն: Անցած տարվա հոկտեմբերի 1-ին է դիմել Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար: Գրավոր բացատրություն ստանալու համար դիմել է գրեթե բոլոր մարմիններին, անգամ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, բայց դեռ չկա հիմնավորում։

«Իրենք պարտավոր էին, ըստ օրենքի, 90-օրյա ժամկետում ինձ կա՛մ պատասխան տային՝ մերժման, կա՛մ ինձ պետք է տրամադրեին Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Սակայն անցել է 163 օր, այսինքն՝ նշված ժամկետից անցել է 73 օր, 73 օր ուշացում է եղել, և իրենք նշում են, որ «մի քանի օր ենք ուշացել», - «Ազատության» հետ զրույցում ասաց ակտիվիստը։

Չախոյանը պնդում է՝ իր ծնողները Հայաստանի քաղաքացի են, իրենք հայ են, ինքն ուսում է ստացել Հայաստանում, զինվորական ծառայությունից չի խուսափել՝ ծառայել է Արցախում, և միայն դրանից հետո է հրաժարվել Հայաստանի քաղաքացիությունից ու ստացել ռուսական անձնագիր, այնտեղ շուրջ երկու տարի է ապրել ու վերադարձել հայրենիք:

Կասկածներ ունի, որ Ռուսաստանի քաղաքացիությունն է այս ձգձգումների պատճառը, թեև, ասաց, շատերին գիտի, որ ռուսական անձնագիր ունեն, բայց դա հայկականը ստանալուն չի խանգարել:

«2023 թվականի Երևան քաղաքի ավագանու ընտրությունների ժամանակ իմ ակտիվ գործունեության ընթացքում իշխանական թևից իմ անձնագրի պատճենը հրապարակեցին, այդ ժամանակ ես ինքս էի հանրայնացրել, որ ես Ռուսաստանի քաղաքացի եմ, այսինքն՝ հանրությունից գաղտնի ոչինչ չեմ պահել, այս իշխանությունը հրապարակեցին իմ անձնագիրը՝ թիրախավորելով, իբրև թե ես Ռուսաստանի շպիոն եմ, ու այդպես, ինչքան էլ կոպիտ հնչի, կեղտոտ քաղաքականություն են վարում», - պնդեց Չախոյանը։

«Ոչ մի միտում չկա», - արձագանքում է Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը: - «Անհիմն եմ համարում տվյալ պարագայում, որովհետև երբ որ կլինի Միգրացիայի և քաղաքացիության ծառայության եզրակացությունը և դրա հիման վրա նախագահի հրամանագիրը, կախված արդյունքից՝ նոր, կարծում եմ, կարելի է արդեն քննադատություն գեներացնել կամ մեկնաբանել իրավիճակը»։

Պաշտոնյան հիշեցնում է՝ Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար քաղաքացու դիմումները քննարկվում են դիմումի մուտքագրումից 90 աշխատանքային օրվա ընթացքում, այսինքն՝ չորսուկես ամիս: Ժամկետները, պնդում է, չեն խախտել, եթե անգամ կա խախտում, ապա՝ մի քանի օրերի: Չախոյանն էլ հակադարձում է՝ մի քանի օրը 70 օ՞րն է։

«Տարբեր հարցումներ են իրականացվում միջգերատեսչական համագործակցության ձևաչափով։ Երբեմն այդ հարցումների թիվը բավականին մեծ է լինում, և պետք է հավաքել բոլոր գործընկեր գերատեսչությունների դիրքորոշումները, տրամադրվող տվյալները, դրանք համադրել և ներմուծել։ Դրա արդյունքում երբեմն-երբեմն մենք 90-օրյա ժամկետը գերազանցում ենք, ինչը իհարկե վատ պրակտիկա է, և մենք վաղուց ենք արձանագրել, որ այս թղթային համագործակցությունն է այդ շեղումների պատճառը, և մյուս տարվանից պրոցեսը թվայնացված է լինելու, որպեսզի զերծ մնանք ուշացումներից», - աաց Նելլի Դավթյանը։

Պաշտոնյան հստակեցնում է՝ անձնագիր տրամադրելու համար սահմանված է 5-օրյա ժամկետ: «Բայց մենք գործ ունենք ոչ թե անձնագրի, այլ քաղաքացիության տրամադրման հետ: Հետևաբար՝ 90-օրյա ժամկետները գերազանցելու մասին խոսք չկա», - հավելեց նա։

«Ազատության» հարցին՝ Չախոյանին ե՞րբ կպատասխանեն, քաղաքացիություն կստանա՞, թե՞ ոչ, Դավթյանը պատասխանեց․ - «Պատասխանը այսօր կամ վաղը կլինի։ Ստանալու է ծանուցում՝ նախագահի հրամանագրի վերաբերյալ, կա՛մ քաղաքացիությունը շնորհված է լինելու, կա՛մ մերժված է լինելու»։ Նա ընդունեց, որ տվյալ պարագայում իսկապես մի քանի օրվա շեղում ունեն՝ «մոտավորապես 10 օրվա կամ գուցե մի փոքր ավել», և ներողություն խնդրեց ստեղծված իրավիճակի համար։

Մինչ Չախոյանը սպասում է Միգրացիոն ծառայության պատասխանին, մի այլ նամակ է ստացել, բայց՝ Քննչական կոմիտեից, ըստ որի՝ նա հարցաքննության է կանչվում որպես վկա: Հարուցված գործը առևտրային, հարկային, ծառայողական կամ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների ապօրինի հրապարակման հոդվածով է: Թե կոնկրետ ինչի մասին է խոսքը, Չախոյանն ասաց՝ գաղափար չունի:

Ակտիվիստը հայտնի է նրանով, որ իր դիտակետում է պահում քաղաքային իշխանության գործունեությունը, բարձրաձայնում տարբեր ենթադրյալ չարաշահումների ու խախտումների մասին:


XS
SM
MD
LG