Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի զինծառայողները պահանջել են Ռուբեն Վարդանյանի նկատմամբ ամենախիստ պատիժը սահմանել

Լրացված

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, արխիվ
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, արխիվ

Մեկ տասնյակից ավելի ադրբեջանցի զինծառայողներ երեկ ցուցմունք են տվել Բաքվի ռազմական դատարանում՝ պահանջելով Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ ամենախիստ պատիժը սահմանել:

Անկախ լրագրողների և միջազգային կառույցների բացակայությամբ ընթացող դատավարության մասին կարճ հաղորդագրություն է տվել պետական «Ազերթաջ» գործակալությունը՝ տեղեկացնելով, թե ցուցմունք են տվել զինծառայության ընթացքում տուժածները:

Ֆարիդ Մամեդովը, Սամիր Մելիքովը, Սաֆա Մամեդվը և մյուսներն ասել են, թե «զինվորական ծառայության ընթացքում Հայաստանի կողմից օկուպացված տարածքներում՝ Քելբաջարում և Խոջալուում, Հայաստանի կողմից իրականացված ռազմական սադրանքի արդյունքում տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել տարբեր զինատեսակներից արձակված կրակոցներից, ձեռքի նռնակներից»:

Նրանք նաև նշել են, թե Ռուբեն Վարդանյանին ճանաչում են մամուլից և սոցիալական ցանցերից և պահանջել, որպեսզի Բաքվի ռազմական դատարանը նրա նկատմամբ ամենախիստ պատիժը սահմանի:

Արցախի նախկին պետնախարարը շարունակում է ցուցմունք չտալ: Հաջորդ դատական նիստը նշանակվել է ապրիլի 1-ին:

ԵՄ-ը կոչ է անում Ադրբեջանին հետաքննել Բաքվում պահվող հայերի նկատմամբ վատ վերաբերմունքի մասին մեղադրանքները

Բաքվում ռազմական դատարանում հայերի դատավարությանը զուգահեռ Եվրամիությունը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին հետաքննել նրանց նկատմամբ վատ վերաբերմունքի մասին մեղադրանքները, իսկ հաստատվելու դեպքում պատասխանատվության ենթարկել մեղավորներին:

ԵՄ արտաքին և անվտանգության հարցերով խոսնակ Անիտա Հիպերը «Արմենպրես»-ին փոխանցել է, որ «տեղյակ են Հայաստանի կառավարության ու մի շարք իրավապաշտպան կազմակերպությունների մտահոգություններին։

«Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ և անաչառ կերպով հետաքննեն բոլոր մեղադրանքները վատ վերաբերմունքի վերաբերյալ: Մենք այս մտահոգությունները շատ լուրջ ենք ընդունում և ուշադիր հետևում ենք զարգացումներին», - ասել է Անիտա Հիպերը:

Այն, որ Բաքվում պահվող հայ ռազմագերիները խոշտանգումների և դաժան վերաբերմունքի են արժանանում, բարձրաձայնում են ոչ միայն իրավապաշտպանները: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությունից հոգեներգործուն միջոցներով ցուցմունքներ կորզելու և դրանք Հայաստանի դեմ օգտագործելու մասին:

Դեռ անցած տարի Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի փաստաբանն ու ընտանիքը ահազանգեցին խոշտանգումներին մասին, թե ինչպես էին Բաքվի բանտում հացադուլի մեջ գտնվող Ռոբեն Վարդանյանին զրկել խմելու ջրից, քնելու հնարավորությունից, մենախցում լույսը վառած պահել 24 ժամ, ստիպել երկար ժամանակ ոտքի վրա կանգնած մնալ և այլն։

Ռուբեն Վարդանյանն, ում Բաքուն մեղադրում է տասնյակ հանցագործությունների, այդ թվում՝ Ադրբեջանի դեմ պատերազմ իրագործելու, ահաբեկչության ֆինանսավորման, անգամ արտերկրում ադրբեջանցի դիվանագետների սպանությունները ծրագրելու մեջ, հնարավորության դեպքում բարձրաձայնում է իր նկատմամբ ապօրինությունների ու կեղծ դատավարության մասին:

Եվրամիության արտաքին և անվտանգության հարցերով խոսնակ Անիտա Հիպերը շեշտել է՝ կարևոր է, որպեսզի ենթադրյալ ռազմական հանցագործությունները և այլ իրավախախտումները հետաքննվեն թափանցիկ կերպով։

«Ադրբեջանը կալանքի մեջ պահվող հայերի համար պետք է ապահովի արդար դատաքննության իրավունքը և բավարար պայմաններ՝ համաձայն իր միջազգային պարտավորությունների», - նշել է նա:

Եվրախորհրդարանը, մարտի 13-ին, ձայների գերակշիռ մեծամասնությամբ հրատապ կարգով բանաձև ընդունեց Բաքվում պահվող հայերի մասին, կոչ անելով Ադրբեջանին նրանց անհապաղ ու առանց նախապայմանների ազատ արձակել։ Բանաձևը նաև կոչ է անում Բաքվում հավատարմագրված եվրոպացի դեսպաններին, ինչպես նաև Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ հանձնակատարին ներկա լինել և հետևել հայերի դատավարություններին։ Եվրոպական խորհրդարանը պնդել էր՝ հայերի դեմ Բաքվի դատավարությունները շինծու են, նրանք ենթարկվում են նվաստացման ու կտտանքների։


Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG