Մատչելիության հղումներ

Ռուբեն Վարդանյանը դադարեցրեց հացադուլը


«Հացադուլը ոչ միայն բողոքի, այլ անարդար դատավարության ու իրավիճակի վրա ուշադրություն հրավիրելու միջոց էր». Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը դադարեցնում է հացադուլը:

Ռուբեն Վարդանյանն ընտանիքի հետ հեռախոսազրույցի ընթացքում երկու ձայնային ուղերձ է փոխանցել. մեկը հրապարակվել է այսօր, մյուսը նա խնդրել է հրապարակել կիրակի: Նա նաև հայտնել է, որ հաջորդ անգամ կխոսի դատական եզրափակիչ նիստում, բայց միայն այն դեպքում, եթե այնտեղ լինեն միջազգային ներկայացուցիչներ:

Այսօրվա ձայնային ուղերձում նա մասնավորապես նշել է, որ իր հացադուլը ոչ միայն բողոքի, այլև անարդար դատավարության և ընդհանուր իրավիճակի վրա ուշադրության հրավիրելու միջոց էր:

«Հացադուլ հայտարարելու համար ես մի քանի նպատակ ունեի. Ցույց տալ, որ չկա իրական դատավարություն, այլ իրականացվում է ձևական դատ, ցույց տալ, որ այստեղ միայն ինձ չեն դատում, դատում են բոլոր հայերին և հենց պետությանը, ցույց տալ, թե ինչ գին պետք է վճարեին նրանք, ովքեր կցանկանային մնալ ու ապրել Արցախում, այլ չհեռանալ», - նշել է Ռուբեն Վարդանյանը:

Արցախի նախկին պետնախարարն ընդգծել է, որ վերջին դատական նիստը վառ օրինակ էր այն բանի, թե ինչ տեղի կունենար, եթե արցախցիները մնային իրենց տանը և ինչ գին կվճարեին դրա համար:

«Այդ նիստում Ստեփանակերտում ապրող երկու արցախահայ իմ դեմ ցուցմունք տվեցին՝ այդ թվում պնդելով տարբեր անհավանական բաներ: Ընդ որում, նրանք կյանքում ինձ չեն էլ տեսել, բացի այդ, նրանք իրենք էին գտնվում սարսափելի վիճակում, բայց այդուհանդերձ, հանդես եկան դատարանում, և ես նրանց շատ խղճացի», - նշել է Վարդանյանը:

Ռուբեն Վարդայնանը նշել է, որ «այսօր այստեղ ցուցմունք է տալիս Արցախի նախկին նախագահը, իսկ Արցախի լեգիտիմ նախագահը գտնվում է Հայաստանում, և դա, հավատացեք, մեծապես փոխում է իրավիճակն ու այն խոսքերի կշիռը, որոնք այստեղ ասվում են նախկին նախագահի կողմից»:

Նա նաև հավելել է, որ զարմացած է Հայաստանի ներկայիս ղեկավարության՝ «արցախցիների նկատմամբ ատելության խորությունից»:

«Արցախը կորցնելով՝ առաջիկա տարիներին մենք կկորցնենք նաև Հայաստանը, եթե արմատապես չփոխենք մեր վերաբերմունքն այնպիսի հասկացությունների նկատմամբ, թե ինչ է էլիտան, իշխանությունը, պետությունը և թե ով պետք է մեզ ղեկավարի: Վստահ եմ, որ մեր ժողովրդի մեջ մենք ունենք առողջ ուժեր և որ այս ծանր ճգնաժամը մենք հաղթահարելու ենք, ինչպես որ արել ենք բազմաթիվ անգամներ մեր պատմության ընթացքում և կարողանալու ենք ոչ միայն պարզապես ապրել, այլ՝ արժանապատիվ ապրել մեր հայրենիքում», - նաև հավելել է Վարդանյանը:

Ռուբեն Վարդանյանը գերեվարվեց 2023-ի սեպտեմբերի 27-ին Լաչինի միջանցքի Հակարիի կամրջի անցակետից։ Բաքուն նրան մեղադրում է Ադրբեջանի դեմ պատերազմ ծրագրելու, նախապատրաստելու և իրագործելու, ահաբեկչության ֆինանսավորման, հանցավոր կազմակերպություն ստեղծելու, ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, տեղափոխելու, կտտանքներ իրականացնելու, մարդկանց տեղահանելու համար, ինչպես նաև արտերկրում ադրբեջանցի դիվանագետների դեմ ահաբեկչական գործողություններ ծրագրելու, կամ ինչպես Ադրբեջանի գլխավոր դատախազությունն է ձևակերպել` «Նեմեսիս 2» կազմակերպելու համար։

Ադրբեջանական բանտերում ընդհանուր 23 հայ է պահվում, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից Արցախի վրա 2023-ին սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակման հետևանքով գերեվարված16 անձինք։ Վարդանյանի հետ գերեվարվածների շարքում են նաև արցախցի յոթ նախկին պաշտոնյաները: Բաքուն նրանց ևս ծանր մեղադրանքներ է առաջադրել:

XS
SM
MD
LG