Բաքվի զինվորական դատարանում այսօր շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունը։ Այս մասին հաղորդում է APA գործակալությունը՝ տեղեկացնելով, որ այսօրվա դատական նիստի ընթացքում ցուցմունքներով է հանդես եկել Պաշտպանության բանակի գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը։
Ադրբեջանցի դատախազները նրան մասնավորաբար հարցեր են ուղղել Ղարաբաղյան պատերազմին Ժիրայր Սեֆիլյանի մասնակցության մասին։ Հարցին՝ արդյոք տեղյա՞կ էր, որ Սեֆիլյանը ծնվել է Բեյրութում, Մանուկյանը պատասխանել է՝ գիտեր միայն, որ նա ժամանել է Արևմտյան Հայաստանից և Հայաստանի քաղաքացի է։
Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունը Բաքվում շարունակվում է փակ դռների հետևում, միայն ադրբեջանական պետական ու պետության կողմից վերահսկվող լրատվամիջոցների ներկայությամբ։ Անկախ աղբյուրներից հնարավոր չէ ճշտել գերության մեջ դատվող հայերին վերագրվող հայտարարությունները:
Ադրբեջանական բանտերում 23 հայ է պահվում, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից Արցախի վրա 2023-ին սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակման հետևանքով գերեվարված 16 անձինք։ Գերեվարվածների շարքում են արցախցի 8 պաշտոնյաները՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը:
Բաքուն Արցախի նախկին պաշտոնյաներին ծանր մեղադրանքներ է առաջադրել՝ ահաբեկչությունից մինչև ապօրինի զինված խմբավորումների կազմավորում։