Մատչելիության հղումներ

Ադրբեջանը պետք է կալանքի մեջ պահվող հայերի համար արդար դատաքննության իրավունք ապահովի․Անիտա Հիպեր


ԵՄ արտաքին և անվտանգության հարցերով խոսնակ Անիտա Հիպեր
ԵՄ արտաքին և անվտանգության հարցերով խոսնակ Անիտա Հիպեր

Ադրբեջանը կալանքի մեջ պահվող հայերի համար պետք է ապահովի արդար դատաքննության իրավունքը և բավարար պայմաններ՝ միջազգային պարտավորությունների համաձայն, «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ ասել է ԵՄ արտաքին և անվտանգության հարցերով խոսնակ Անիտա Հիպերը։

Հիպերը նշել է, որ տեղյակ են Հայաստանի կառավարությունն ու մի շարք իրավապաշտպան կազմակերպությունների մտահոգություններից, դրանք շատ լուրջ ենք ընդունում և ուշադիր հետևում են զարգացումներին։

«Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ և անաչառ կերպով հետաքննեն բոլոր մեղադրանքները վատ վերաբերմունքի վերաբերյալ և, եթե դրանք հաստատվեն, ապա պետք է պատասխանատվության ենթարկեն մեղավորներին», - ասել է ԵՄ արտաքին և անվտանգության հարցերով խոսնակը։

Ընդգծելով, որ Բաքվի ռազմական դատարանում ընթացող դատավարություններն առնչվում են Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և տևական խաղաղության հաստատման հարցին՝ Հիպերը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին հենվել արդեն իսկ ձեռք բերած հաջողությունների վրա և շարունակել առաջընթացը հարաբերությունների լիարժեք կարգավորման ուղղությամբ։

«Եվրամիությունը շարունակելու է աջակցել այս գործընթացին իր ողջ գործիքակազմով», - եզրափակել է ԵՄ արտաքին և անվտանգության հարցերով խոսնակը։

Ադրբեջանական բանտերում 23 հայ է պահվում, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից Արցախի վրա 2023-ին սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակման հետևանքով գերեվարված 16 անձինք։ Գերեվարվածների շարքում են արցախցի 8 պաշտոնյաները՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը:

Բաքուն Արցախի նախկին պաշտոնյաներին ծանր մեղադրանքներ է առաջադրել՝ ահաբեկչությունից մինչև ապօրինի զինված խմբավորումների կազմավորում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ վկայակոչելով հետախուզության տեղեկությունները, ասել էր, որ ադրբեջանցիներն արգելված հոգեմետ միջոցներով կարող են ցուցմունքներ կորզել հայերից՝ հետագայում Հայաստանի դեմ օգտագործելու համար:

Մարտի 13-ին ձայների գերակշիռ մեծամասնությամբ Եվրախորհրդարանը հրատապ կարգով բանաձև ընդունեց Բաքվում պահվող հայերի, այդ թվում՝ Արցախի նախկին ղեկավարության մասին, կոչ անելով Ադրբեջանին նրանց անհապաղ ու առանց նախապայմանների ազատ արձակել։

Երոպական խորհրդարանը պնդել էր՝ հայերի դեմ Բաքվի դատավարությունները շինծու են, նրանք ենթարկվում են նվաստացման ու կտտանքների։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG