Բաքվի զինվորական դատարանում այսօր շարունակվել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դատավարությունը։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այսօրվա նիստում խոսել են տասից ավելի տուժողի կարգավիճակ ստացած անձինք։
Դատական հաջորդ նիստը նշանակվել է ապրիլի 1-ին։
Ռուբեն Վարդանյանը գերեվարվեց 2023-ի սեպտեմբերի 27-ին Լաչինի միջանցքի Հակարիի կամրջի անցակետից։ Բաքուն նրան մեղադրում է Ադրբեջանի դեմ պատերազմ ծրագրելու, նախապատրաստելու և իրագործելու, ահաբեկչության ֆինանսավորման, հանցավոր կազմակերպություն ստեղծելու, ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, տեղափոխելու, կտտանքներ իրականացնելու, մարդկանց տեղահանելու համար, ինչպես նաև արտերկրում ադրբեջանցի դիվանագետների դեմ ահաբեկչական գործողություններ ծրագրելու, կամ ինչպես Ադրբեջանի գլխավոր դատախազությունն է ձևակերպել` «Նեմեսիս 2» կազմակերպելու համար։
Ադրբեջանական բանտերում ընդհանուր 23 հայ է պահվում, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից Արցախի վրա 2023-ին սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակման հետևանքով գերեվարված16 անձինք։ Վարդանյանի հետ գերեվարվածների շարքում են նաև արցախցի յոթ նախկին պաշտոնյաները: Բաքուն նրանց ևս ծանր մեղադրանքներ է առաջադրել: