Մատչելիության հղումներ

«Սովորական է դարձել». Խոզնավարում անգիր են արել կրակոցների ժամերը


Լուսանկարը ԵՄ դիտորդական առաքելության էջից
Լուսանկարը ԵՄ դիտորդական առաքելության էջից

Սահմանամերձ դարձած Խոզնավարի (Սյունիքի մարզ) բնակիչներն արդեն անգիր գիտեն ժամերը, երբ գյուղին կպած ադրբեջանական դիրքերից կրակում են: Այս գիշերը ևս խաղաղ չի եղել, պատմեց խոզնավարցի Ռոման Գրիգորյանն ու նշեց՝ վնասներ այս պահին չեն արձանագրել, գուցե և հաջորդ օրերին դրանք ի հայտ գան:

«Սովորական է դարձել, նույն ձևի կրակում են էլի: {Այս գիշեր} ժամը 22:30, 00:30, 2:30, 4:30 տենց կրակում են», - ասաց նա, - «Մարդը կարող է պատահաբար ելնել տանիք, տեսնի՝ ընկած է փամփուշտը»:

Ապրիլի 19-ի լույս 20-ի գիշերն, ի տարբերություն այս գիշերվա, ծանր էր հատկապես Կարինե Հակոբջանյանի ընտանիքի համար: Ադրբեջանական կրակոցները վնասել են նրանց տան տանիքին տեղադրված ջրատաքացուցիչը:

7 հոգանոց ընտանիքի երեք երեխաները բարեբախտաբար քնած են եղել, ոչինչ չեն լսել, բայց տան տիկինն արթուն էր: «Ազատության» հետ զրույցում ասաց. «Եթե 2 մետր իջներ ներքև, սենյակին էր դիպչելու»:

Ընտանիքի կրած վնասին մոտիկից ծանոթացել են տարածքում դիտորդություն անող եվրոպացիները: Կարինե Հակոբջանյանը ցույց է տվել վնասված ու անպիտան դարձած ջրատաքացուցիչը:

Պաշտպանության նախարարությունն այս գիշերվա կրակոցների մասին պաշտոնական տեղեկատվություն չի տարածել: Անցած մեկ ամսում ռազմական գերատեսչությունը երեք անգամ է անդրադարձել ադրբեջանական կրակոցներին, ընդ որում՝ այն ժամանակ, երբ դրանք վնասել են որևէ շինություն, որոնցից մեկն էլ վնասված ջրատաքացուցիչի մասին էր: Մյուս դեպքերում կրակոցները համարվել են ոչ թիրախային: Ռազմական կառույցը հայկական կողմի ուղղությամբ կրակոցների մասին չհայտնեց նաև այն բանից հետո, երբ ադրբեջանական կողմն օրերս ուղիղ հայտարարեց՝ պատասխան կրակ է բացել Սյունիքում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Խոզնավարի մասին հաղորդագրություն տարածել է նաև հայ - ադրբեջանական սահմանին դիտորդություն անող Եվրամիության առաքելությունը՝ ենթադրելով, որ կրակոցներն ադրբեջանական կողմից են. «Խոզնավարում ԵՄ դիտորդական առաքելությունը նկատել է երկու կրակոցների հետևանքները, որոնք վնասել են քաղաքացիական ենթակառուցվածքը. [կրակոցները] հնարավոր է՝ արձակվել են տեղանքում առկա ադրբեջանական դիրքերից»:

Պատերազմի հավանականությունը որևիցե ձևով, քայլով չի ավելացվելու. ԱԺ նախագահ

Չնայած ադրբեջանական կրակոցները մեկ ամիս է չեն դադարում, խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը համարում է, որ պատերազմի հավանականությունը չի մեծացել ու մեծանալու, հայ-ադրբեջանական բանակցություններն էլ փակուղում չեն:

«Բանակցությունները փակուղում չեն հայտնվելու, և պատերազմի հավանականությունը որևիցե ձևով, որևիցե քայլով չի ավելացվելու», - ասաց նա:

Կողմերն ավելի քան մեկ ամիս առաջ են համաձայնեցրել խաղաղության պայմանագրի տեքստը, սակայն Բաքուն հրաժարվում է ստորագրել փաստաթուղթը, քանի դեռ չի փոխվել Հայաստանի Սահմանադրությունն, ու չի լուծարվել Մինսկի խումբը: Եթե Ադրբեջանը խաղաղություն հաստատելու նպատակ ունի, ինչո՞ւ է, այնուամենայնիվ, կրակում: Ալեն Սիմոնյանն ասում է. «Բացատրությունը նա է, որ մենք պետք է ամեն ինչ անենք, որ մեր օրակարգը, որը խաղաղությունն է, իրականություն դառնա: Թե այնտեղ կրակեցին, չկրակեցին, այո, դրանք բաներ են, որոնց մենք ուշադրություն ենք դարձնում, հետևություններ ենք անում, բայց մեր նպատակը արդեն ասացի»:

Արդյո՞ք մտավախություն չկա, որ, այնուամենայնիվ, կարող է էսկալացիա առաջանալ, ԱԺ նախագահը պատասխանեց. «Կարող է ոչ մի կրակոց չլինի, և էսկալացիա լինի, և դրանով չի պայմանավորված. կա հիմնական պրոցես, այդ հիմնական պրոցեսին հետևելով և այդ հիմնական պրոցեսը տանելով է, որ դու կանխում կամ կանխատեսում ես նման բաներ: Մինչև 2018 թվականը բավականին շատ կրակոցներ են եղել, բայց պատերազմ չի եղել: Մինչև 2018թ. բազմաթիվ մահեր են եղել սահմանին, բազմաթիվ կրակոցների հետևանքով, բայց այլ իրավիճակ է եղել: Հիմա ունենք իրավիճակ, երբ որ կա համաձայնեցված փաստաթուղթ»:

Կարճ զրույց են ունեցել Սիմոնյանն ու Գաֆարովան

Խորհրդարանի խոսնակը նաև պատմեց, որ օրերս կարճ զրույց է ունեցել իր ադրբեջանցի պաշտոնակցի հետ: Ալեն Սիմոնյանն ու Սահիբա Գաֆարովան մասնակցում էին ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովին:

«Իմ տպավորությամբ՝ ես կարծում եմ, որ որևէ փակուղու մասին չի կարելի խոսել, և ադրբեջանական կողմին է ձեռք տալիս, որ գործընթացը հնարավորինս արագ ավարտին հասցվի, որով մենք զբաղվում ենք՝ անկախ նրանից, եթե նույնիսկ մեկ կրակոց էլ չլիներ, այդ նույն տրամաբանությունը», - նշեց Ալեն Սիմոնյանը:

Վերջին մեկ ամսվա ընթացքում Հայաստանի պաշտպանության նախարարությունն Ադրբեջանի մեղադրանքներին ի պատասխան գրեթե ամեն օր հիշեցրել է հրադադարի խախտման հետաքննության համատեղ մեխանիզմ ստեղծելու՝ Երևանի առաջարկը, որին Բաքուն որևէ կերպ չի արձագանքում:


XS
SM
MD
LG