«Հուսով եմ, որ տարածաշրջանում կայուն խաղաղության նոր էջ կբացվի», - X-ում գրել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալագերը՝ տեղեկացնելով, որ այցելել է Սյունիքի մարզ, ծանոթացել մարզի հարուստ մշակույթին ու պատմությանը:
«Ոգեշնչող է տեսնել տեղական իշխանությունների, քաղաքացիական հասարակության և ուսուցիչների կատարած կարևոր աշխատանքը: Հուսով եմ տարածաշրջանը կայուն խաղաղության և կայունության նոր էջ կթևակոխի», - գրել է դեսպանը։
Նա մեկ այլ գրառմամբ նշել է, որ հանդիպել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ, քննարկել մարզի զարգացման հարցեր։
«Խաղաղությունն ու անվտանգությունն առանցքային են այս դինամիկ տարածաշրջանի ներուժն իրացնելու համար, և ես վերահաստատեցի Միացյալ Թագավորության շարունակական աջակցությունը», - գրել է դեսպանը։
Ադրբեջանի արտգործնախարար Ջեհյուն Բայրամովն օրերս Անթալիայում դիվանագիտական ֆորումի շրջանակներում հայտարարեց՝ Բաքուն Սյունիքով անխոչընդոտ անցում է ուզում, որը ենթակա չէ փոփոխության՝ անկախ Հայաստանում իշխանության փոփոխությունից:
«Մեզ համար շատ կարևոր է, որ սա լինի անխոչընդոտ անցում՝ բոլոր անհրաժեշտ երաշխիքներով, որ այս իրավիճակն այլևս ենթակա չլինի փոփոխության և կախված չլինի Հայաստանում քաղաքական փոփոխություններից», - նշել էր Բայրամովը:
Հայկական կողմը բազմիցս հայտարարել է՝ միջանցքային տրամաբանությունը մերժում է: Պաշտոնական Երևանը Ադրբեջանին առաջարկում է տարածաշրջանի ապաշրջափակումն իրականացնել կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ»-ի հիման վրա՝ հարգելով երկրների ինքնիշխանությունն ու իրավազորությունը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էլ, մեկնաբանելով «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, ասել է, որ այն «գրոշի արժեք չունի, ինչի մասին տարբեր խողովակներով հայկական կողմին բազմիցս հասկացնել են տվել»։