Մատչելիության հղումներ

Իրանն ու ԱՄՆ-ը անուղղակի բանակցում են ու ուղղակի սպառնում իրար. Թեման միջուկային է


Ի՞նչ են բանակցում իրար թշնամի համարող ԱՄՆ-ը և Իրանը ու արդյոք սպառնալիքներից բացի նաև ռումբեր կուղարկե՞ն միմյանց ուղղությամբ:

Միջուկային համաձայնագրի շուրջ Իրանի ու ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցություններն ապրիլի սկզբին են մեկնարկել, դրանից օրեր առաջ շուրջ 12 հազար կմ հեռավորություն ունեցող այս երկրները միմյանց ռազմական հարվածներով էին սպառնում:

Եկեք հասկանանք՝ ով-ումից, ինչ ու ինչքան է ուզում այս պատմության մեջ:

Իրանն ու Ամերիկան որպես «հարազատ թշնամիներ»

Վաշինգտոնն ու Թեհրանը, եղել է ժամանակ, որ նույնիսկ՝ համեմատաբար կայուն հարաբերությունների տասնամյակ են ունեցել. նախորդ դարի կեսերին էր դա, երբ Միացյալ Նահանգներն Իրանին միջուկային ռեակտոր ու ուրան տվեց՝ միջուկային էներգիայի քաղաքացիական օգտագործման համար՝ «Ատոմներ հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում:

Իրանա-ամերիկյան հարաբերությունները կտրուկ լարվեցին ու սրվեցին Իրանում հեղափոխությունից՝ 1979-ից հետո. այս երկու երկրները ավելի քանի 40 տարվա հակառակորդներ են:

1979 թվական. Հենց հեղափոխության տարում Թեհրանում Միացյալ նահանգների դեսպանատան վրա հարձակում եղավ ու 52 աշխատողները մեկ տարուց ավելի՝ 444 օր պատանդ մնացին: Այս դեպքից հետո Վաշինգտոնն ու Թեհրանը խզեցին դիվանագիտական կապերը:

1980-1988թթ. Միացյալ Նահանգները Իրան-Իրաք պատերազմում Բաղդադին էր աջակցում:

1983 թվական. ԱՄՆ-ը մեղադրեց Իրանի աջակցությունը վայելող «Հեզբոլա»-ին Լիբանանում 241 ամերիկացի զինվորականի մահվան պատճառ դարձած հարձակման մեջ: Վաշինգտոնը Իրանին ներառեց «ահաբեկչությունը հովանավորող պետությունների» ցուցակում:

1988 թվական. ԱՄՆ ռազմածովային ուժերը իրանական քաղաքացիական ինքնաթիռ խոցեցին. 290 զոհ:

1990-ականներ. Պատժամիջոցներ Թեհրանի դեմ: Դիվանագետների մեջ անուղղակի շփումներ ու վերջ:

2002 թվական. ԱՄՆ-ը Իրանը, Հյուսիսային Կորեան ու Իրաքը կոչեց «Չարի առանցք»: Այն ժամանակվա նախագահ Ջորջ Բուշը պնդում էր՝ այս եռյակը զանգվածային ոչնչացման զենք կարող է ունենալ ու ահաբեկիչների ձեռքը տալ:

Այս հակամարտության մեջ կարմիր թելի պես հենց այս թեման է անցնում՝ Իրանը միջուկային զենք չպետք է ունենա:

Ինչո՞ւ է սա պայթյունավտանգ

Միջուկային զենքի թեման նոր չէ, որ պայթյունավտանգ է դառնում: Տասնամյակներով աշխարհը ու հատկապես ԱՄՆ-ը փորձում են զսպել Իրանի այս նկրտումները:

Եվ 2015-ին պատմական մի բան եղավ. Իրանը ու վեց գերտերություններ՝ Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Չինաստանը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան համաձայնության հասան Իրանի միջուկային ծրագրի շուրջ։

Պարզ ասած՝ այս համաձայնագրով՝ աշխարհը հսկելու էր, որ Իրանն ուրան չհարստացնի այնքան, որ միջուկային զենք ստանա, փոխարենը Թեհրանը ստանալու էր միլիարդավոր դոլարների պատժամիջոցների մեղմացում:

Ի՞նչ եղավ այս պատմական համաձայնությանը: Դոնալդ Թրամփը, որ այսօր ուզում է բանակցել միջուկային նոր համաձայնության շուրջ, սրանից 7 տարի առաջ՝ իր առաջին նախագահության օրոք, հայտարարեց պայմանագրից միակողմանիորեն դուրս գալու և Իրանի նկատմամբ սահմանված, բայց սառեցված պատժամիջոցները «նոր թափով վերականգնելու» մասին:

Թրամփի այս քայլը քննադատվեց Արևմուտքում ու Ռուսաստանում, շատ չանցած Իրանում ուրանն արդեն Արևմուտքի համար մտահոգիչ չափով էր հարստացվում: 2023-ին միջազգային կառույցներն արձանագրեցին՝ Թերանը մոտ է միջուկային զենք ունենալուն:

Ինչո՞վ է վտանգավոր միջուկային զենք ունեցող Իրանը

Բանակցող երկրները մտավախություն ունեն՝ եթե Իրանը միջուկային պետություն դառնա, այս տարածաշրջանը շատ արագ կվերածվի ռազմական գործողությունների թատերաբեմի:

Կասկածներ կան, որ օրինակ՝ Իսրայելը կարող է նախահարձակ գործողություններ սկսել Իրանի ենթադրյալ միջուկային օբյեկտների դեմ (ինչպես դա արել է Սիրիայում ու Իրաքում): Իրանի միջուկային զենքը կարող է գրգռել նաև Սաուդիան Արաբիայի ախորժակը:

Մյուս կողմից, ենթադրություններ կան, թե Իրանի դեմ հնարավոր հարձակման դեպքում կակտիվանա նաև «Հեզբոլա»-ն:

Բայց այս ընթացքում Իրանը շարունակում է պնդել, որ չունի միջուկային զենք ու այն ստեղծելու մտադրություն, ուրանն էլ հարստացնում է միայն քաղաքացիական նպատակներով: ԱՄՆ-ում, սրան շարունակում են չհավատալ ու պահանջում են գրել թղթի վրա: Կողմերի միջև անուղղակի բանակցությունները դեռ շոշափելի արդյունք չեն տվել։ Հայտնի է, որ մինչ այդ Իրանի Գերագույն հոգևոր առաջնորդը հրահանգել էր բանակը բարձր պատրաստվածության վիճակի բերել:


XS
SM
MD
LG