Մատչելիության հղումներ

Թեհրանն ու Վաշինգտոնը սկսում են աշխատել միջուկային նոր համաձայնագրի վրա


Իրանն ու Միացյալ Նահանգները պայմանավորվել են սկսել աշխատանքը միջուկային համաձայնագրի ուրվագծերի շուրջ, հայտարարել է Իրանի արտգործնախարարը՝ երեկ Հռոմում տեղի ունեցած բանակցություններից հետո։ Աբբաս Արաղչին պնդել է, թե չորս ժամ շարունակված, Օմանի միջնորդությամբ անցած «անուղղակի բանակցությունները եղել են օգտակար ու անցել կառուցողական մթնոլորտում»։

Վաշինգտոնի ներկայացուցիչը՝ նախագահ Թրամփի մերձավորարևելյան բանագնաց Սթիվ Ուիթքոֆը ևս դրական է գնահատել հանդիպումը, պնդելով, թե կողմերը «շատ լավ առաջընթաց» են գրանցել:

«Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ չորեքշաբթի Օմանում կսկսվեն փորձագիտական մակարդակով հանդիպումները: Փորձագետները հնարավորություն կունենան սկսել համաձայնագրի շրջանակի ձևավորումը»,-ասել է Արաղչին։ Այդ հանդիպումից օրեր անց՝ առաջիկա շաբաթ օրը, գլխավոր բանակցողները կրկին կհանդիպեն Օմանում՝ արդյունքները գնահատելու։

«Չենք կարող միանշանակ ասել, որ լավատես ենք: Չափից դուրս հոռետես լինելու պատճառ նույնպես չկա», ասել է Իրանի արտգործնախարարը՝ կրկնելով Իրանի Գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի խոսքերը:

Բանակցությունները սկսվել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Թեհրան ուղարկված նամակից հետո։ Առաջարկելով խնդիրը լուծել դիվանագիտական ճանապարհով՝ Սպիտակ տան ղեկավարը միաժամանակ պնդել է՝ եթե դիվանագիտությունը ձախողվի, Վաշինգտոնը պատրաստ է ռազմական գործողություններ սկսել: «Մենք չենք կարող թույլ տալ, որ Իրանի միջուկային զենք ունենա»,- ասել է նա։

XS
SM
MD
LG