Մատչելիության հղումներ

«Օտարերկրյա գործակալի» օրինագծի քննարկումը Վրաստանի խորհրդարանում ուղեկցվում է ցույցերով ու ծեծկռտուքով


Վրաստան - Ծեծկռտուքը Վրաստանի խորհրդարանում, Թբիլիսի, 15-ը ապրիլի, 2024թ.
Վրաստան - Ծեծկռտուքը Վրաստանի խորհրդարանում, Թբիլիսի, 15-ը ապրիլի, 2024թ.

Այսպես կոչված օտարերկրյա գործակալների մասին աղմկահարույց օրենքի նախագծի շուրջ քննարկումները Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովում այսօր մեկնարկեցին ընդդիմության բողոքի ցույցերի, Թբիլիսիի մերձավոր դաշնակիցների կոշտ քննադատության, պատգամավորների միջև ծեծկռտուքի ուղեկցությամբ:

Ընդդիմադիր պատգամավոր Ալեկո Էլիսաշվիլին վիճահարույց օրենքը խորհրդարան վերադարձրած իշխող մեծամասնության ղեկավար Մամուկա Մդինարաձեի դեմքին բռունքներով հարվածեց հենց ելույթի ժամանակ, ինչից հետո հետո քաշքշուկ սկսվեց, նիստն ընդհատվեց։ Ընդմիջմանը միջադեպը վերածվեց ավելի լայն ծեծկռտուքի պատգամավորների միջև արդեն միջանցքներում, ինչը հաճախ է տեղի ունենում Վրաստանի աղմկոտ խորհրդարանում:

«Նրանք մեզ քարշ են տալիս Ռուսաստան: Մենք կա՛մ վրացի ենք, կա՛մ ստրուկ։ Մենք չպետք է թույլ տանք ընդունել այդ օրենքը», - սկանդալից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարում էր Էլիսաշվիլին։

Ուղիղ մեկ տարի առաջ միջազգային հանրության ու երկրում բողոքի հուժկու ցույցերի ճնշման ներքո Վրաստանի իշխանությունը հրաժարվեց աղմկահարույց օրենսդրական նախաձեռնությունից: Այն շատերն են համեմատում ռուսաստանյան հայտնի օրենքի հետ, որը Պուտինի վարչակազմը որպես մահակ է օգտագործել լրագրողների, ակտիվիստների, իրավապաշտպանների դեմ։ Իշխող թիմի ներկայացուցիչները, մինչդեռ, հավաստիացնում են, թե իրենց նպատակը տարբեր է, միայն ցանկանում են ֆինանսական թափանցիկություն ապահովել ոչ-կառավարական ոլորտում՝ պարտավորեցնելու այն բոլոր հասարակական կազմակերպություններին ու լրատվամիջոցներին, որոնց ֆինանսավորման ավելի քան 20 տոկոսն օտարերկրյա ծագում ունի, տարեկան հայտարարագիր ներկայացնել, հակառակ դեպքում օրենքով սահմանել մոտ 10 հազար ամերիկյան դոլարին համարժեք տուգանք։

Օրենքի նախագծի նոր տարբերակում, ի տարբերություն նախորդի, «օտարերկրյա ազդեցության գործակալ» եզրույթը փոխարինվում է «օտար տերության շահերը հետապնդող կազմակերպություն» տերմինով:

Ընդդիմախոսների համոզմամբ, իշխող ուժի պատգամավորները օրենքն արտագրել են ռուսաստանյան տխրահռչակ օրենքից՝ ցանկանալով հաճոյանալ Կրեմլին, հետագայում էլ՝ Պուտինի ռեպրեսիվ վարչակազմի օրինակով անկախ ձայները լռեցնել ու ճնշել։

Խորհրդարանական մեծամասնության ղեկավար Մդինարաձեն, սակայն, այսօր ելույթներում պնդում էր՝ ինքն էլ է դեմ ռուսական օրենքներին, իրենց առաջարկածն, ասաց. ռուսական չէ. - «Ո՛չ ռուսական օրենքին։ Համաձայն եմ ձեզ հետ, Վրաստանում ռուսական օրենքներ չեն ընդունվում»:

«Եվրոպական էլ չէ», - անդրադառնալով օրինագծի շուրջ վեճերին՝ հայտարարել էր Թբիլիսիի մերձավոր դաշնակից Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ անցած օրերին տեղի ունեցած հանդիպմանը։

«Եվրամիությունում նմանօրինակ օրենսդրություն գոյություն չունի։ Կան քննարկումներ տարատեսակ ոլորտներում թափանցիկություն սահմանելու շուրջ, բայց սա բոլորովին այլ հայեցակարգ է», - ընդգծում էր Շոլցը:

Պաշտոնական Բեռլինը, մինչ այդ էլ՝ Բրյուսելը, բաց տեքստով նախազգուշացրել էին Վրաստանի իշխանություններին՝ օրենքի ընդունումն ու Եվրամիության առջև Թբիլիսիի ստանձնած պարտավորությունները հակասում են իրար, ինչի հետևանքով Վրաստանը կարող է կորցնել դաշինքին միանալու հնարավորությունը։

Արևմտյան գործընկերների մտահոգություններն ու քննադատությունները լսելու նպատակով այսօր վարչապետ Կոբախիձեն իր նստավայրում ընդունել էր Եվրամիության, Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների դեսպաններին՝ հանդես գալով ոչ պակաս սկանդալային առաջարկով։

Վրաստանի կառավարության ղեկավարը, որին թեև քաջ ծանոթ են արևմտյան դաշնակիցների դիրքորոշումները, այդուհանդերձ դեսպաններին առաջարկել է խնդրի շուրջ ուղիղ եթերում բանավիճել, ինչպես շեշտել է՝ հրապարակավ ներկայացնելու փաստարկները:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG