Վիճահարույց օրենքի վերադարձ կամ քաղաքական դեժավյու․այսպես են Թբիլիսիում բնութագրում իշխող «Վրացական երազանք» կուսակցության՝ այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը կրկին շրջանառության մեջ դնելու նախաձեռնությունը։
Արտերկրից ֆինանսավորվող հասարակական կազմակերպությունների հատուկ ռեեստր ստեղծելու և դրանց ֆինանսական հաշվետվողականությունը խստացնելու մտադրության մասին նախօրեին հայտարարեց իշխող կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։
«Խորհրդարանական մեծամասնությունը, կուսակցության քաղաքական խորհրդի հետ քննարկումներից հետո, որոշել է կրկին շրջանառության մեջ դնել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը։ Օրինագիծը Վրաստանի խորհրդարանի օրակարգում կընդգրկվի գրեթե առանց փոփոխությունների։ Նախորդ տարի շրջանառության մեջ դրված փաստաթղթից միակ տարբերությունն այն է լինելու, որ «օտարերկրյա ազդեցության գործակալ» տերմինի փոխարեն կիրառվելու է «օտար պետության շահերը ներկայացնող կազմակերպություն» ձևակերպումը», - հայտարարում էր Մդինարաձեն։
2023 թվականի գարնանը այս նույն օրենքն ընդունելու՝ «Վրացական երազանքի» փորձը բախվեց հանրային լուրջ դժգոհությունների և եվրոպական կառույցների կոշտ քննադատությանը։ Մի քանի օր շարունակված փողոցային բախումներից հետո իշխող կուսակցություն ստիպված էր շրջանառությունից հանել այս օրինագիծը։ Այժմ, սակայն, արդեն ԵՄ թեկնածու պետության կարգավիճակ ստացած Վրաստանի իշխանությունները որոշել են վերակենդանացնել այս թեման։ Ընդդիմության համոզմամբ՝ «Վրացական երազանքը» դա անում է պաշտոնական Մոսկվային հաճոյանալու համար։
«Սա ռուսական օրենք է», - խորհրդարանում հայտարարում էր ընդդիմադիր «Քաղաքացիներ» կուսակցության առաջնորդ Ալեքո Էլիսաշվիլին՝ մեծ լեզվակռվի մեջ մտնելով իշխող ուժի անդամների հետ։
Վրացական խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին այս միջադեպից հետո նույնիսկ ստիպված էր զգուշացնել՝ այն բոլոր ընդդիմադիրները, որոնք խորհրդարանի ամբիոնից կօգտագործեն «ռուսական օրենք» բառակապակցությունը, անմիջապես կզրկվեն խոսքի իրավունքից։
Ռուսաստանից հերքում են, թե որևէ առնչություն ունեն այս նախաձեռնությանը
Ռուսաստանի իշխանությունները ևս հերքում են, թե որևէ առնչություն ունեն Վրաստանի իշխող կուսակցության այս նախաձեռնությանը։
«Մենք տեսնում ենք, թե ինչ սուր կերպով է արձագանքում վրացական ընդդիմությունն այս ծրագրերին։ Կարծում եմ, որ նրանց պետք է ավելի ակտիվորեն բացատրել՝ որքան աբսուրդային են այն պնդումները, թե սա ռուսական նախագիծ է։ Ի վերջո, արտաքին ազդեցության գործակալների դեմ պայքարի այս մեխանիզմն առաջինը հորինել է Միացյալ Նահանգները», - այսօր հայտարարում էր Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։
Պաշտոնական Թբիլիսին ևս պնդում է՝ այս օրենքն ընդունելով իրենք ոչ թե ռուսական, այլ արևմտյան փորձից են ելնում։ Վարչապետ Իրակլի Կոբախիձեի համոզմամբ, օրինակ, այս փաստաթուղթը շրջանառության մեջ դնելով, իշխող քաղաքական ուժը իրականում հետևում է այն պահանջներին, որ ներկայացնում է Եվրոպական միությունը։
«Վրաստանի կառավարությունն արդեն իսկ թափանցիկության եվրոպական չափանիշներ է սահմանել։ Այժմ եկել է ոչ կառավարական կազմակերպությունների և նրանց դոնորների եվրոպականացման ժամանակը», - նշված էր Վրաստանի վարչապետի գրասենյակի՝ երեկ երեկոյան տարածած հայտարարության մեջ։
Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, սակայն, տրամագծորեն հակառակ տեսակետն ունի։
«Վրացական երազանքը» հստակորեն «ոչ» է ասում Եվրոպային այն բոլոր հարցերում, որոնք զետեղված են Եվրահանձնաժողովի կողմից առաջ քաշված պայմաններում։ Վրաստանին թեկնածու պետության կարգավիճակի շնորհումը յուրատեսակ ավանս էր Եվրոպայի կողմից։ Այսօր, սակայն, իշխանությունները զբաղված են եվրաինտեգրման գործընթացը սաբոտաժի ենթարկելով», - հայտարարում է Վրաստանի նախագահը։
Վրաստանում գործով ՀԿ-ները հանդես են եկել օրինագիծը անհապաղ շրջանառությունից հանելու կոչով
Վիճահարույց օրինագիծը անհապաղ շրջանառությունից հանելու կոչով այսօր հանդես են եկել նաև Վրաստանում գործող շուրջ 200 հասարակական կազմակերպություններ։
«Իշխանությունների այս քայլը վնաս է հասցնում Վրաստանի, երկրի յուրաքանչյուր քաղաքացու բարի համբավին։ Այս օրինագծի կրկնակի քննարկումը հակասում է Վրաստանի եվրաինտեգրման գործընթացի ողջ տրամաբանությանը։ Նման օրենքի հաստատումն ի վերջո կարող է հանգեցնել Վրաստանի բնակչության պատմական նպատակի՝ ԵՄ անդամակցության տապալմանը», - նշված է Արևելյան գործընկերության Վրաստանի ազգային պլատֆորմի այսօր տարածած հայտարարության մեջ։
Արդյո՞ք քաղաքական դաշտում երեկվանից նկատվող այս լարվածությունը կտեղափոխվի Թբիլիսիի փողոցներ, ինչպես մեկ տարի առաջ էր՝ պարզ կդառնա առաջիկա ժամերին։
Մի շարք հասարակական կազմակերպություններ կոչ են արել «օտարերկրյա գործակալաների» մասին օրենքը շրջանառությունից հանելու պահանջով բողոքի ակցիաներ սկսել Վրաստանի մայրաքաղաքում։ Դրանցից առաջինը կմեկնարկի այսօր՝ ուշ երեկոյան խորհրդարանի շենքի առջև, այն նույն վայրում, որտեղ մեկ տարի առաջ մի քանի օր շարունակ բախվում էին ցուցարարներն ու ոստիկանությունը։