Մատչելիության հղումներ

Բրյուսելը քննադատում է «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի նախագիծը Վրաստանում կրկին շրջանառության մեջ դնելը


Եվրամիության դիվանագիտական գերատեսչության խոսնակ Պիտեր Ստանոն, արխիվ
Եվրամիության դիվանագիտական գերատեսչության խոսնակ Պիտեր Ստանոն, արխիվ

Բրյուսելը քննադատում է իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի նախագիծը կրկին շրջանառության մեջ դնելը։ Եվրամիության դիվանագիտական գերատեսչության խոսնակ Պիտեր Ստանոն հայտարարել է, որ օրինագիծն ընդունելու փորձերը լուրջ մտահոգություններ են առաջացնում։

Եվրամիության ներկայացուցիչը հիշեցրել է, որ Վրաստանի կառավարությունն ու իշխող կուսակցությունն անցյալ տարի հրապարակավ խոստացել էին «անվերապահորեն հետ կանչել» երկրում բողոքի ալիք հարուցած նախաձեռնությունը:

«ԵՄ-ն ափսոսում է, որ այդ հարցը կրկին քննարկվում է՝ չնայած 2023 թվականի մարտին տեղի ունեցած հանրային և միջազգային ուժեղ արձագանքին։ Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար բարենպաստ միջավայրի ստեղծումն ու պահպանումը և ԶԼՄ-ների ազատության ապահովումը ժողովրդավարության հիմքում են: Սա վճռորոշ է նաև ԵՄ-ին անդամակցելու գործընթացի համար»,- հայտարարել է ԵՄ-ի պաշտոնյան և պաշտոնական Թբիլիսիին հորդորել ընդունել և իրականացնել բարեփոխումներ, որոնք «համահունչ են Եվրամիությանն անդամակցելու հայտարարված նպատակին, որին աջակցում է Վրաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը»։

Աղմկահարույց օրենսդրական նախաձեռնությունը չեղարկելու պահանջով իշխանությանն են դիմել նաև շուրջ 200 վրացական հասարակական կազմակերպություններ, որոնք պնդում են, որ իշխող ուժի այդ նախաձեռնությունը «անհամատեղելի է պետական շահերի, մշակույթի և վրացական ավանդույթների հետ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG