Մատչելիության հղումներ

Վրաստանում շարունակվում են քննարկումները «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի շուրջ


Վիճահարույց օրինագծի քննարկումը Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերով հանձնաժողովում, 8-ը ապրիլի, 2024թ.
Վիճահարույց օրինագծի քննարկումը Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերով հանձնաժողովում, 8-ը ապրիլի, 2024թ.

Վրաստանի իշխող քաղաքական ուժի՝ «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչները երկուշաբթի օրը պաշտոնական շրջանառության մեջ դրեցին «Օտար պետությունների ազդեցության թափանցիկության», կամ ավելի պարզ ասած՝ «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը, կրկին չդադարող վեճերի և լեզվակռվի ուղեկցությամբ։

Վիճահարույց օրինագծի համաձայն՝ այն բոլոր հասարակական կազմակերպություններն ու լրատվամիջոցները, որոնց ֆինանսավորման ավելի քան 20 տոկոսն օտարերկրյա ծագում ունի, պետք է ամեն տարի հունվարին եկամուտների պաշտոնական հայտարարագիր ներկայացնեն։ Դա չանելու դեպքում նրանք ստիպված են լինելու 25 հազար լարի (մոտ 10 հազար ամերիկյան դոլար) տուգանք վճարել։

Այն պահին, երբ խորհրդարանում իշխանամետ պատգամավորները պաշտոնապես գրանցում էին վիճահարույց այս օրինագիծը, դրսում, տեղատարափ անձրևի տակ, մի քանի տասնյակ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ բողոքում էին, իրենց բնորոշմամբ՝ «ռուսական ծագում ունեցող» այս օրենքի դեմ։

Բողոքի ակցիայից մի քանի հարյուր մետր էլ այն կողմ՝ Վրաստանի կառավարության նստավայր հանդիսացող պետական գրասենյակի շենքում, վարչապետ Իրակլի Կոբախիձեն իր ենթականերին բացատրում էր, թե որն է այս օրենքի ընդունման անհրաժեշտությունը, և թե ինչու այս նախաձեռնությունը Մոսկվայի հետ որևէ առնչություն չունի։

«Այս օրինագծի քննադատներն իրենց գործողություններով կամա թե ակամա փորձում են ապացուցել, որ թափանցիկությունը ռուսական հատկություն է, իսկ թափանցիկության բացակայությունը՝ եվրոպական։ Բանն այն է, որ մեր նախաձեռնած օրինագիծը Ռուսաստանի հետ որևէ կապ չունի։ Այս նախաձեռնության իրական նպատակը հասարակական սեկտորի կազմակերպությունների ֆինանսական հաշվետվողականությունը թափանցիկ դարձնելն է», - հայտարարում էր Վրաստանի վարչապետը՝ պնդելով, որ երկրում գոյություն ունեցող և հիմնականում օտարերկրյա դրամաշնորհների հաշվին գործունեություն ծավալող կազմակերպությունները խուսափում են հարկերից։

«Մենք տեղեկություններ ենք հավաքագրել ամենամեծ ռեսուրսներ ունեցող և առավել ծայրահեղական դիրքորոշմամբ հայտնի յոթ հասարակական կազմակերպությունների մասին։ Պարզվել է, որ դրանք 2012 թվականից ի վեր հայտարարագրել են իրենց եկամուտների ընդամենը 18 տոկոսը», - հայտարարում էր վարչապետ Կոբախիձեն։

Բայց չնայած այն հանգամանքին, որ «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը խորհրդարանում բավարար թվով քվեներ հաստատ կհավաքի, միևնույն է, դրա կիրառման ապագան բավական մշուշոտ է։ Դա պարզ դարձավ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի աշխատակազմից հնչած հայտարարություններից։

«Եթե օրինագիծը բոլոր երեք ընթերցումներով հաստատվի խորհրդարանի կողմից, նախագահ Զուրաբիշվիլին կօգտվի Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորություններից և վետոյի կենթարկի այդ օրենքը», - հայտարարում էր Վրաստանի խորհրդարանում նախագահի լիազոր ներկայացուցիչ Գիորգի Մսխիլաձեն։

Սրան զուգահեռ, Վրաստանի խորհրդարանական ընդդիմությունը փորձեց հանդես գալ հակադիր, հայելային նախաձեռնությամբ` շրջանառության մեջ դնելով «Օկուպանտ պետության՝ Ռուսաստանի Դաշնության ազդեցությունից պաշտպանության մասին» վերնագրված օրինագիծը։ Դրա հեղինակների՝ նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի «Հանուն Վրաստանի» կուսակցության և անկախ պատգամավոր Թեոնա Ակուբարդիայի համոզմամբ՝ այս մի նախաձեռնությունը հնարավորություն կտա բացահայտել և չեզոքացնել Մոսկվայի ազդեցության գործակալներին։

Իշխող «Վրացական երազանք»-ը, սակայն, պնդում է, թե չի էլ պատրաստվում քննարկել ընդդիմադիրների այս նախաձեռնությունը։ Փոխարենն իշխանությունները յուրատեսակ «ձիով քայլ» արեցին։ Այն նույն օրը, երբ «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը պաշտոնական շրջանառության մեջ դրվեց, երկրի իշխանությունները չեղարկեցին Վրաստանի ամենառուսամետ քաղաքական ուժերից մեկի՝ սկանդալային համբավ ունեցող «Ալտ Ինֆո» կայքից ծնված «Պահպանողական շարժման» գրանցումը։ Հանրային ռեեստրի ազգային գործակալությունն այս որոշումը կայացրեց Վրաստանի Հակակոռուպցիոն բյուրոյի հայտի հիման վրա։

Գերատեսչությունը պնդում է, որ 2021 թվականին կուսակցության գրանցման ժամանակ մի շարք խախտումներ են թույլ տրվել։ Հակաազատական հայացքներով հայտնի այս ուժը, որի առաջնորդները, վրացական մի շարք աղբյուրների պնդմամբ, ուղղակի կապեր ունեն ոչ միայն Վրաց ուղղափառ եկեղեցու առավել պահպանողական հոգևորականների, այլև Մոսկվայի հետ, պատրաստվում էին մասնակցել աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրություններին։

Վրացական մամուլի գնահատմամբ, սակայն, այս քայլով «Վրացական երազանք»-ը միանգամից երկու խնդիր լուծեց՝ մի կողմից թույլ չտալով, որ առաջիկա ընտրությունների ընթացքում գաղափարական մոտավորապես նույն դաշտում գործող ուժն իրենից քվեներ խլի, մյուս կողմից էլ ցույց տալով, որ օտար ազդեցության գործակալ ասելով իրենք նկատի ունեն ոչ միայն արևմտյան դրամաշնորհներով սնվող կառույցներին, այլև ռուսական ազդեցության գործակալներին։

XS
SM
MD
LG