Facebook սոցիալական ցանցն սկսել է արգելափակել Վրաստանում «օտարերկրյա գործակալների» մասին օրենքին աջակցող գրառումները, այս մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները։
Սոցցանցը մասնավորապես «կեղծ տեղեկատվություն» է որակել լայնորեն շրջանառվող մի տեղեկագիր, որն ակնարկում է, թե աղմկահարույց օրենքը ոչ թե ռուսական, այլ իբրև թե եվրոպական է։
«Արդար ընտրությունների և ժողովրդավարության միջազգային միություն» վրացական կազմակերպության ուսումնասիրության համաձայն՝ այդ տեղեկագրով կիսվել են հարյուրավոր մարդիկ, որոնց թվում են նաև օրենսդրական նախաձեռնության հեղինակ իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավորներ, քաղաքապետեր, մարզպետեր։
Կազմակերպությունը եզրահանգել է, որ այդ տեղեկագրի տարածումը համակարգված քարոզարշավի մաս է կազմում։