Մատչելիության հղումներ

Վրաստանի խորհրդարանում սկսվել է «օտարերկրյա գործակալների» օրինագծի քննարկումը


Ոստիկանությունը հսկողություն է սահմանել Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ, Թբիլիսի, 15 ապրիլի, 2024թ.
Ոստիկանությունը հսկողություն է սահմանել Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ, Թբիլիսի, 15 ապրիլի, 2024թ.

Վրաստանի խորհրդարանը սկսել է քննարկել «օտարերկրյա գործակալների» մասին վիճահարույց օրինագիծը:

Նախ դրան անդրադառնում է խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովն, ինչից հետո փաստաթուղթն առաջին ընթերցմամբ կքննարկվի լիագումար նիստում։ Լսումներին մասնակցում է նաև Վրաստանի ընդդիմությունը։

Քննարկումների ընթացքում խորհրդարանի մոտ տեղի է ունենում բողոքի հանրահավաք, որին մասնակցում են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Մինչդեռ, խորհրդարանում հայտարարվել է անվտանգության «դեղին մակարդակ», որը ենթադրում է օրենսդիր մարմին կողմնակի անձանց մուտքի արգելք։ Այն չի տարածվում հեռուստաալիքների ներկայացուցիչների վրա։

Այս ամսվա սկզբին «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցությունը հայտարարել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը խորհրդարան կրկին ներկայացնելու որոշման մասին, ինչը լուրջ քննադատության է արժանացել Վրաստանի արևմտյան գործընկերների կողմից:

Մեկ տարի անց, երբ նմանատիպ նախաձեռնությունը հանգեցրել է զանգվածային բողոքի ցույցերի, իշխանությունները ստիպված հետ են վերցրել օրինագիծը:

Այժմ խորհրդարան ներկայացված փաստաթուղթը գրեթե չի տարբերվում 2023 թվականի օրինագծից, բացառությամբ «օտարերկրյա ազդեցության գործակալ» եզրույթի, որը փոխարինվել է «օտար տերության շահերը հետապնդող կազմակերպություն» հասկացությամբ:

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը չի ծառայի Վրաստանի եվրոպական նպատակներին: Այդ մասին սոցցանցում տեղադրած գրառման մեջ նշել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG