Վրաստանի իշխող քաղաքական ուժը՝ «Վրացական երազանք» կուսակցությունը, կրկին շրջանառության մեջ է դրել «օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծը։ Այս մասին այսօր հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։
Նրա խոսքով՝ նախորդ տարի շրջանառության մեջ դրված և հետագայում շրջանառությունից հանված օրինագծի հետ միակ տարբերությունն այն է, որ «օտարերկրյա գործակալ» տերմինը փոխարինվել է «արտերկրում գործող ուժերի շահերը առաջ տանող կազմակերպություն» ձևակերպմամբ։
«Վրացական երազանքի» ներկայացուցիչները պնդում են, որ օրենքի ընդունումն անհրաժեշտ է, որպեսզի ապահովվի այն հասարակական կազմակերպությունների գործունեության թափանցիկությունը, որոնք՝ «ֆինանսավորում են ծայրահեղականությունն ու հեղափոխական գործընթացները»։