Տավուշի մարզի հարակից 4 գյուղերն Ադրբեջանին վերադարձնելու պատրաստակամություն հայտնած Հայաստանի իշխանությունը կասկածներ ունի՝ արդյոք Բաքուն պատրա՞ստ է սահմանազատման և սահմանագծման:
Վարչապետն ու նրա թիմակիցները Ադրբեջանի պահանջած գյուղերը վերադարձնելու հեռանկարը ներկայացնում են որպես սահմանազատման գործընթացի գործնական փուլի մեկնարկ: Շաբաթ օրն արդեն Արտաշատում կուսակիցների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը մտահոգություններն էր բարձրաձայնում՝ եթե Բաքվի իրական նպատակը սահմանների ճշգրտումն է, ապա պետք է հստակ ասի՝ որտեղ է սկսվում Հայաստանի տարածքը: Սա Փաշինյանը համարում է այս գործընթացում ֆունդամենտալ հարց:
«Եթե Ադրբեջանն ընդհանուր առմամբ ոչ թե լայնածավալ պատերազմի առիթ է փնտրում, այլ իսկապես ուզում է սահմանի ճշգրտման գնալ՝ դելիմիտացիայի և դեմարկացիայի, մենք դրան պատրաստ ենք, իսկ իմ ասած բանաձևի կիրառումը կամ չկիրառումը մեզ հնարավորություն կտա այս հարցում կոնկրետություններ մտցնել և հետևություններ անել», - ասել է վարչապետը:
Մարտի սկզբին սահմանազատման հանձնաժողովների նիստից հետո Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովի նախագահ Շահին Մուստաֆաևը ուղիղ հայտարարեց՝ Բաքուն Երևանից պահանջում է անհապաղ վերադարձնել Տավուշի մարզի ու Ղազախի շրջանի սահմանագծին գտնվող չորս գյուղերը:
Դրանից հետո վարչապետն ու կուսակիցները պնդում են՝ չվերադարձնելու այլընտրանքը պատերազմն է։
«Ադրբեջանը փորձում է գտնել կամ առնվազն մեր գնահատականն է այդպիսին, որ Ադրբեջանը փորձում է գտնել պատրվակներ, տարածաշրջանում նոր, լայնամասշտաբ պատերազմ մեկնարկելու համար: Մեր քաղաքական դիրքորոշումը, ուղերձն այն է, որ Հայաստանի Հանրապետությունն ընդհանրապես իր միջազգայնորեն ճանաչված, ինքնիշխան տարածքից դուրս որևէ հավակնություն չունի, ներառյալ նշված՝ Ադրբեջանի կողմից հիշատակվող գյուղերի տարածքների վրա», - ասել է Նիկոլ Փաշինյանը:
Մինչ օրս Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովները հրապարակային չեն հայտարարել, որ սահմանազատման սկզբունքները համաձայնեցված են և որ այդ գործընթացի համար հիմք կդառնա Ալմաթիի հռչակագիրն ու կոնկրետ թվականի քարտեզ:
Ինչպե՞ս են այս պայմաններում կողմերը մտնում սահմանազատման գործնական փուլ և արդյոք այս գյուղերի հնարավոր վերադարձով մեկնարկում է բուն գործընթացը։Սահմանազատման հանձնաժողովը ղեկավարող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից «Ազատության» այս հարցերին դեռ չեն պատասխանել։
Ըստ քաղաքագետի, Բաքուն առաջիկայում ևս քարտեզների հարցով դիրքորոշումը չի փոխի
Մինչ այդ Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյանը հիշեցնում է՝ Բաքվի տեսանկյունից գյուղերի վերադարձը սահմանազատման հետ որևէ կապ չունի:
«Այս փուլում Ադրբեջանը տարանջատել է այդ 4 գյուղերի հարցը սահմանազատման փաթեթի մյուս հարցերից ու Հայաստանի իշխանությունների այն ակնկալիքը, որ սա կարող է տեղի ունենալ քարտեզների համաձայնեցմանը զուգահեռ, իհարկե, անիրատեսական է», - ընդգծեց Գրիգորյանը:
Քաղաքագետի համոզմամբ՝ Բաքուն առաջիկայում ևս քարտեզների հարցով դիրքորոշումը չի փոխի: Բանակցային գործընթացում Ադրբեջանը երբևէ որևէ կոնկրետ քարտեզի կողմ չի արտահայտվել, իսկ Հայաստանի առաջարկը՝ առաջնորդվել Խորհրդային Միության վերջին քարտեզներով, մերժել է: Սահմանազատման փուլում 91 թվականի Ալմաթիի հռչակագրին հնարավոր հղումը, ըստ Տիգրան Գրիգորյանի, կլինի այն մինիմալը, որ հայկական կողմը կստանա:
«Կարելի է ասել, նույնիսկ դեմք փրկելու ինչ-որ միջոց է լինելու, որովհետև փաստացիորեն սահմանազատման գործընթաց սկսվելու է, Հայաստանը միակողմանի զիջումներ է կատարելու ու լինելու է այդ ինչ-որ լղոզված հղումը ինչ-որ հռչակագրի, այլ ոչ թե կոնկրետ քարտեզ: Եթե առնվազն կոնկրետ քարտեզի շուրջ համաձայնություն չլինի, կարելի է ասել, որ սահմանազատման գործընթացը ևս ընթանալու է այս միակողմանի զիջումների տրամաբանությամբ», - ասաց քաղաքագետը:
Ի դեպ, դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից, Բաքուն անգամ Ալմա-Աթիի հռչակագրին է դեմ: Արտգործնախարար Արարատ Միրզոյանը վերջերս թուրքական հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել էր՝ երբ Երևանը ցանկանում է խաղաղության պայմանագրում հղում կատարել այս փաստաթղթին, Ադրբեջանը տեքստից պարզապես հեռացնում է այն:
Ինչ վերաբերում է չորս գյուղերի վերադարձին, քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը վստահ է՝ դրանք ստանալուց հետո Բաքուն կա՛մ գործընթացը կձգձգի, կա՛մ կրկինի առաջ կշարժվի միակողմանի զիջումներ պարտադրելու տրամաբանությամբ՝ առանց Հայաստանի օկուպացված տարածքներից դուրս գալու: