Մատչելիության հղումներ

Մոսկվան չի կիրառում «Զանգեզուրի միջանցք» տերմինը, խոսքը երթուղու մասին է․ Զախարովա


Մոսկվան կոչ է անում Երևանին և Բաքվին առվելագույն զսպվածություն ցուցաբերել անկլավների չլուծված խնդիրների շուրջ և խուսափել ագրեսիվ հռետորաբանությունից։

Ըստ Մոսկվայի՝ բոլոր տարածքային վեճերը և փոխադարձ պահանջները պետք է լուծվեն բացառապես դիվանագիտական ճանապարհով։

Ռուսաստանի արտգործախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան երեկ ճեպազրույցի ժամանակ ընդգծել է՝ նման հարցերը, այդ թվում՝ անկլավների վերադարձն ու փոխանակումը, պետք է լուծվեն սահմանազատման երկկողմ հանձնաժողովների շրջանակներում, իսկ Մոսկվան պատրաստ է առավելագույն աջակցություն ցուցաբերել՝ հաշվի առնելով Ռուսաստանին հասանելի եզակի քարտեզագրական նյութերը։

Պաշտոնական Բաքուն Երևանից պահանջում է անհապաղ իրեն վերադարձնել Տավուշի մարզի ու Ղազախի շրջանի սահմանագծին գտնվող չորս գյուղերը։ Ադրբեջանի պահանջած 4 գյուղերը՝ Բաղանիս Այրումը, Աշաղը Ասքիփարան, Խեյրիմլին և Ղըզըլհաջիլին, ըստ Փաշինյանի, դե յուրե Հայաստանի տարածքում չեն՝ Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն։

Փաստացի, այդ գյուղերը 90-ականներից գտնվում են հայկական կողմի վերահսկողության տակ։ Դրանց մոտով են անցնում դեպի Վրաստան միջպետական ճանապարհը, Հայաստան մտնող գազամուղը։

Վարչապետն ուղիղ հայտարարում է՝ եթե անգամ հայկական զորքը Բաքվի պահանջած 4 գյուղերից հետ քաշվի սահմանագիծ, Ադրբեջանը հայկական 31 բնակավայրերի տարածքներից միաժամանակ չի նահանջելու։ Ընդդիմանալու վերջը, ըստ Փաշինյանի, մոտալուտ պատերազմը կլինի, իսկ պաշտոնական Երևանի քաղաքականությունը, վարչապետի խոսքով, պատերազմ թույլ չտալն է, «և սա է պատճառը, որ որոշել ենք, որ մենք պետք է գնանք այս հատվածներում ՀՀ սահմանի ճշգրտման»։

Դիտարկմանը, թե մի շարք փորձագետներ շարունակում են խոսել «Զանգեզուրի միջանցքի» հարցով Բաքվից եկեղ ռազմական գործողության սպառնալիքի մասին, Զախարովան նախ ուշադրություն է հրավիրել փաստին, որ Մոսկվան չի կիրառում «Զանգեզուրի միջանցք» տերմինը։

«Խոսքը Հայաստանի Սյունիքի մարզով Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի հետ կապող երթուղու մասին է», - ընդգծել է Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչը՝ շարունակելով․ - «Գոյություն ունի փոխզիջումների զարգացման լավ կայացած մեխանիզմ՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խումբ։ 2023 թվականի հունիսի 2-ին կայացած վերջին հանդիպման ժամանակ կողմերը մոտ էին տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական երթուղիների ապաշրջափակման համապարփակ փոխշահավետ որոշման ընդունմանը։ Մենք կոչ ենք անում մեր գործընկերներին ցուցաբերել քաղաքական կամք և վերսկսել փոխգործակցությունը ստեղծված եռակողմ ձևաչափերում, այդ թվում եռակողմ աշխատանքային խմբում»։

Անցած տարեվեջին Բաքուն հայտարարեց, թե «Զանգեզուրի միջանցք»-ը կորցրել է իր գրավչությունը»՝ նշելով՝ այդ ծրագիրը կարող է իրականացնել Իրանի հետ։ Սակայն, այս տարեսկզբից Ադրբեջանը հարցը կրկին օրակարգ է բերել՝ պնդելով, թե Հայաստանը պետք է Նախիջևանի հետ ճանապարհ տրամադրի՝ առանց մաքսային ու սահմանային վերահսկողության։

Պաշտոնական Երևանը «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը գնահատում է տարածքային նկրտում Հայաստանի նկատմամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG