Ադրբեջանական դիրքի դեմ դիմաց Բեքաբերի լողափն է, սեզոնին տարածքի բնակիչներից բացի վրաններով տուրիստներ էլ են գալիս, ասում է բերքաբերցի Արա Խուդավերդյանը, գալիս են ու երբեմն մոլորվում:
Ջողազի ջրամբարի մյուս ափը ադրբեջանցիների հսկողության տակ է և էլի հարյուրավոր հեկտարներ Բերքաբերի տարածքից։ Փայտասարն էլ հայկական է, Ադրբեջանի հսկողութան տակ։ Ոչ անկլավային, նախկինում ադրբեջանաբնակ չորս գյուղերից Ղզլհաջիլին էլ, որ Բաքուն պահանջում է, ջրամբարի տակ է, Բերքաբերին կպած․ այդ գյուղատեղին չեզոք գոտու կարգավիճակում է:
«Գյուղի ոչ մի տնից էդ գյուղը չի երևում, ձորի մեջ, սարերի հետևը գյուղ ա, չեզոք գոտում, որ թուրքը գա ապրի, մենք չենք տենալու, որ էնտեղ թուրք ա ապրում: Այսինքն՝ ստրատեգիական նշանակության ինչ-որ դիրքերի փոփոխություն չի լինելու էդ մասով», - ասաց Խուդավերդյանը:
Բերքաբերի վարչական ղեկավարը շեշտում է՝ ավելի քան 30 տարի սպասում են, որ իրենց հողերը Բաքուն վերադարձնի․ 610 բնակիչ ունեցող Բերքաբերում 80 հեկտարի հույսին են, 900 հեկտարն Ադրբեջանն իր ձեռքում է պահում, ավելին՝ Ղզլհաջիլին պահանջում առանց հայկական հողն ազատելու:
«Գյուղը անմիջական ադրբեջանական դիրքերից նշանառության տակ է, բայց այդ դիրքերի քանակը կավելանա և մի որոշակի հատվածից ավելի կմոտիկանան գյուղին: Իսկ եթե խոսքը գնում է խաղաղության մասին, միանշանակ բոլորը կողմ են դրան ու այդ ռիսկերն ավելի փոքրանում են: Եթե պատերազմական գործողություն լինի, իհարկե, ռիսկը մեծ է», - նշեց Տիգրան Հարությունյանը:
Արա Խուդավերդյանը դեռ 2017-ին է Ջողազի ափին այգի հիմնել ու ցուցանակ տեղադրել՝ «խաղաղության այգի»։ Չի կարծում, որ Ղզլհաջիլիի համար պետք է պատերազմել, բաց իրենց հողերը պիտի պահանջեն միշտ։
Մեկ այլ բերքաբերցի խաղաղության գործընթաց տալով ու չվերցնելով չի պատկերացնում. - «Սաղ տանք խաղաղության դիմաց, բա ի՞նչ ստանանք»:
Լեյլի տատիկի տան դարպասը մաղ է դարձել ադրբեջանական փամփուշտներից: 2015 թվականից հետո այս գյուղի ուղղությամբ ընդամենը երկու կրակոց է եղել, բայց տատիկն անհանգիստ է․ Ղզլհաջիլին ադրբեջանական դառնա, նրանք ավելի կմոտենան գյուղին:
Գյուղի 37 տարվա աշխարհագրության ուսուցիչը 90-ականներին մասնակցել է այս կողմերում սահմանի գծման աշխատանքներին։ Պնդում է՝ Բերքաբերի կողքի ադրբեջանական գյուղը մի կողմ՝ մյուս երեքի փոխանցումն է խնդիր դառնալու։
Բերքաբերում ոչ պակաս սպասողական վիճակ է, սահմանազատման գծերը կօգնե՞ն խաղաղությանը, թե՞ ճիշտ հակառակը։
Գրիշա Մանթաշյանի այգին ջրամբարի ափին է, արդեն գործի է անցել։ Իջևան-Բերքաբեր գծից դուրս բերված ավտոբուսն էլ նրա ամառային հանգստի կացարանն է:
Այգին կպած է լողափին, օրերը տաքանան, էքստրիմ հանգստի սիրահարները ափ կգան։ Գրիշա Մանթաշյանն ուզում է տույաներով սահմանազատել իր այգու և լողափի տարածքը, այդպես սիրուն է, ասում է ՝ ինչպես աղջիկները, որ լողում են, դողում են։