«Լուրեր են տարածվում, որ ես իբր նոյեմբերի 9-ի երեկոյան ես տենց մղվել եմ, որ ստորագրեմ, էդ տխրահռչակ թուղթը ստորագրեմ, էսպես ասած՝ Բարխուդարլու, Խրեմլու և այլն, էդ բոլոր փաթեթները միասին վերցրած, և Օնիկն ա ինձ հորդորել, զգուշացրել և թույլ չի տվել, որ ես էդ թուղթը էդ տարբերակով ստորագրեմ: Մինչդեռ իրականությունը ուղիղ հակառակն ա՝ ասել եմ՝ ձեռներս կկտրեմ, ինչ ուզում ա ըլնի, ես էդ վերսիայով էդ թուղթը չեմ ստորագրի»:
«Հիմի կարանք ստեղից դուրս գանք, գնանք ասենք՝ չէ, էն էլ չկա, էն էլ չկա, էն էլ չկա: Դա նշանակում ա, որ շաբաթվա վերջ պատերազմ ա սկսելու»:
Տավուշում հայկական վերահսկողության տակ գտնվող չորս ոչ անկլավային գյուղերի մասին վարչապետի հայտարարությունները երեք տարվա մեջ այսպես փոխվեցին։ Առաջինը Նիկոլ Փաշինյանն արել է 2021-ի ընտրարշավի ժամանակ՝ աչաջուրցիների հետ հանդիպմանը, երկրորդը՝ էլի Տավուշում՝ մի քանի օր առաջ, երբ հատվածական դելիմիտացիան այս մարզից սկսելու պատրաստակամություն հայտնեց ու գնաց տեղացիներին հանդիպելու։
Երբ «Ապագա կա» կարգախոսով կրկին իշխանության գալու պայքարի էր ելել, հերքում էր, թե 2020-ի նոյեմբերի 9-ին հրադադարի հայտարարությունը ստորագրելիս պատրաստ է եղել նաև այդ գյուղերն Ադրբեջանին հանձնել։ Հիմա, երբ Բաքուն դրանք անհապաղ վերադարձնելու պահանջ է դնում, ինքն է փաստարկում՝ դրանք Հայաստանի դե յուրե տարածքում չեն։
«Ի՞նչ զիջման մասին է խոսքը: Մեր դիրքորոշումը ի՞նչ ա՝ որ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության սահմանը 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի հիման վրա ինչ պայմանավորվել ա, պետք ա ենթարկվի սահմանազատման, ապա և՝ սահմանագծման: Ինչը մերն ա, մերն ա, ինչը մերը չի, մերը չի, և էս տրամաբանությամբ պետք ա առաջնորդվենք», - հայտարարեց վարչապետը Ազգային ժողովում այս շաբաթ կայացած հարցուպատասխանի ժամանակ:
Փաշինյանն օրերս ասում էր՝ ինքը որևէ ադրբեջանական գյուղի անուն չի հնչեցրել մինչև այն պահը, երբ դա ուրիշներն են արել։
2021-ի ընտրարշավին, սակայն, գոնե մեկի անունը նա բարձրաձայնել է՝ խոսելով Խեյրիմլիից. - «Էսպես ասած՝ Բարխուդարլու ու Խրեմլու և այլն, էդ բոլոր փաթեթները միասին վերցրած...»:
Ընդ որում, Փաշինյանի խոսքից դատելով, կարելի է եզրակացնել, որ Ադրբեջանը նոյեմբերի 9-ի փաստաթղթով թե՛ ոչ անկլավային, թե՛ անկլավային տարածքներն է ցանկացել ստանալ։
Ադրբեջանի հետ սահմանազատման հանձնաժողովը գլխավորող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից «Ազատությանը» փոխանցել էին Ադրբեջանի պահանջած գյուղերի անունները՝ Բաղանիս Այրում, Աշաղը (ներքին) Ոսկեպար, Խեյրիմլի, Կըզըլ Հաջիլի։
Իսկ հայկական ոչ անկլավային բնակավայրերի տարածքները 31-ն են, ըստ նույն աղբյուրի՝ դրանցից 9-ը՝ Տավուշում։
Ստանալով չորս գյուղերը՝ հետ կքաշվի՞ Ադրբեջանն այդ տարածքներից, ըստ վարչապետի՝ միաժամանակյա նահանջ չի լինի. - «Եթե մենք ստեղ գալիս ենք և հստակ կանգնում ենք մեր սահմանագծի վրա, Ադրբեջանը մնացած բոլոր տեղերում, որտեղ ինքը սահմանագծից առաջ ա, ինքը նահանջելո՞ւ ա միաժամանակ: Ես ձեզ ուղիղ ուզում եմ ասեմ՝ ոչ, չի նահանջելու: Էս իրադրության մեջ մեզ ավելի լավ ա մենք կանգնենք մեր սահմանագծին և լինենք պահանջողի դերում, որ մեր տարածքից պետք ա դուրս գաք, քան թե մենք կանգնած լինենք մեր սահմանագծից առաջ՝ իմանալով, որ նրանք դա որպես թիրախ օգտագործելու են»:
Ինչ էր խոստանում վարչապետը ոսկեպարցիներին 2021-ին, ինչ է ասում հիմա. - «Եթե նույնիսկ արվի մի բան, որը դուք ընկալեք ձեր դեմ, դա արտահայտում ա ձեր լավագույն շահը տվյալ իրավիճակում»:
Իսկ ի՞նչ քարտեզներ են Տավուշի հատվածի սահմանազատման հիմքում։ Երկու օր առաջ վարչապետ Փաշինյանն ասում էր՝ այս պահին քարտեզների վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնություն չկա։ Մոտ հինգ ամիս առաջ ասում էր՝ առանց քարտեզների համաձայնության գործընթացը չի կարող սկսվել.
«Եթե, օրինակ, կողմերից որևէ մեկը մյուսին պետք է վերադարձնի որևէ տարածք, ենթադրենք՝ հիմա զորքերը կանգնած են այս բնագծի վրա, որպեսզի որևէ հարց լուծվի էդ առումով, էդ բնագծից պետք է նահանջեն, ճի՞շտ ա: Հիմա պիտի նահանջեն՝ գնան ո՞ր բնագծի վրա կանգնեն: Դիրքորոշումը կողմերի որոշվում է ըստ քարտեզի: Այսինքն՝ եթե կա քարտեզ, կա կետ, նշանակում է՝ կա սահման»: