Մատչելիության հղումներ

Հայ-ռուսական հարաբերությունների փչացման մեղավորները ՌԴ-ում են. ՔՊ-ից հակադարձում են Լավրովին


Պաշտոնական Մոսկվան Երևանին ուղիղ մեղադրում է հայ-ռուսական հարաբերությունները գիտակցաբար փլուզելու համար:

Ռուսաստանի արտգործնախարարը «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում երեկ հայտարարել է, թե Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները լավատեսություն չեն ներշնչում: Իսկ դրա մեղավորն, ըստ Սերգեյ Լավրովի, Հայաստանի իշխանությունն է և նրա վարած քաղաքականությունը:

«Հայաստանի ղեկավարությունը, մտացածին պատրվակներով խեղաթյուրելով վերջին 3-3,5 տարիների պատմությունը, գիտակցաբար տանում է Ռուսաստանի հետ հարաբերությունների փլուզմանը», - նշել է Լավրովը:

Պաշտոնական Երևանը Մոսկվայից հնչած մեղադրանքներին և քննադատություններին դեռ չի արձագանքել: Մինչ այդ իշխող կուսակցության ներկայացուցիչն է հակադարձում՝ այդ հարաբերությունների փլուզման պատճառները Մոսկվայում են: Արսեն Թորոսյանին հյուսիսային դաշնակցի հռետորաբանությունը չի զարմացրել: Ասաց՝ առաջին անգամը չէ, որ ռուս պաշտոնյաները անում են հայտարարություններ, որոնք իրականության հետ կապ չունեն:

«Եթե մեր գործընկերները կարծում են, որ նման հայտարարություններով կարողանալու են հայ ժողովրդի մոտ իր տեսածի վերաբերյալ այլ կարծիք ձևավորել, նրանք չարաչար սխալվում են, դժբախտաբար: Ես բազմիցս վերջին շրջանում նշել եմ, որ եթե նույնիսկ հայ-ռուսական հարաբերությունները փչացել են կամ փչանում են, դրանց մեղավորները Երևանում չեն, հարգելի գործընկերներ, այլ Մոսկվայում են», - նշեց Թորոսյանը:

Ռազմավարական դաշնակիցներ համարվող Հայաստանն ու Ռուսաստանը տևական ժամանակ է՝ մեղադրանքներ են փոխանակում: Երևանի գնահատմամբ՝ Ռուսաստանը և ՀԱՊԿ-ը ձախողել են դաշնակցային պարտավորությունները, Մոսկվան հակառակի մասին է խոսում: Սերգեյ Լավրովի ասելով՝ հենց ՀԱՊԿ-ն է բազմիցս պաշտպանել Հայաստանի շահերը ծանր իրավիճակներում, բայց թե կոնկրետ ինչ իրավիճակներ նկատի ուներ, հարցազրույցում Լավրովն այդպես էլ չասաց։ Հիշատակեց միայն 2022-ի ադրբեջանական հարձակումից հետո հայ-ադրբեջանական սահման խաղաղապահ առաքելություն ուղարկելու ՀԱՊԿ-ի պատրաստակամության մասին, որից Հայաստանը հրաժարվել է, փոխարենն ընդունել ԵՄ դիտորդներին:

«Հիմա այնտեղ գնում են նաև զինծառայողներ Նորվեգիայից, Կանադայից և Միացյալ Նահանգներից՝ Եվրամիության առաքելությունը վերածելով Հյուսիսատլանտյան դաշինքի առաքելության», - ընդգծել է Լավրովը:

ՀԱՊԿ-ը 2022 թվականից ի վեր ոչ միայն քաղաքական գնահատական չի տվել հայկական տարածքների վրա ադրբեջանական հարձակումներին, այլ նաև հստակ չի ասել՝ որն է Հայաստանում իր պատասխանատվության գոտին: Հենց այս հիմնավորումներով են Երևանում մինչ օրս մերժում ՀԱՊԿ առաքելության տեղակայումը:

Լավրովն այս հարցերին, սակայն, չի անդրադարձել, փոխարենը կրկին խոսել է հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացն ավարտին հասցնելու Մոսկվայի պատրաստակամությունից այն դեպքում, երբ Եվրամիությունը և ՆԱՏՕ-ն, ըստ ռուսաստանցի դիվանագետի, այդ գործընթացը բարդացնող քայլեր են ձեռնարկում:

«Կներեք, բայց դուք ՀԱՊԿ-ի անդամ որպես և հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների ու այդ պայմանագրերի անդամ խաղաղարար գործառույթ չի, որ ստանձնել եք, այլ ստանձնել եք Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքը պաշտպանելու գործառույթ ու թող այդպիսի թոզ փչելու նման քաղաքականություն չվարեն մեր գործընկերները, որովհետև բոլորին ամեն ինչ շատ վաղուց պարզ է», - ասաց Արսեն Թորոսյանը:

Չնայած դժգոհություններին՝ Հայաստանը դեռ ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ է: Այս պահին միակ գործնական քայլն այն է, որ Երևանը որոշել է օգոստոսի 1-ից հրաժարվել է «Զվարթնոց»-ում ռուս սահմանապահների ծառայությունից:

Ի դեպ՝ այսօր Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունից պետական ՏԱՍՍ գործակալությանն ասել են, թե ռուս սահմանապահների ու 102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է: Մինչդեռ երկու օր առաջ Ազգային ժողովի նախագահը, որի թիմի օրոք ռուսները ծառայության անցան նաև հայ-ադրբեջանական սահմաններին, իր կասկածներն էր հայտնել:

«Ես շատ խիստ կասկած ունեմ, որ եթե Թուրքիան որոշի Հայաստանի Հանրապետության վրա հարձակվի, ռուս սահմանապահները կարողանալու են կամ գործելու են ու պաշտպանելու են: Ես շատ խիստ կասկածում եմ», - ընդգծել է Սիմոնյանը:

Ռուսաստանի դիվանագիտության ղեկավարն, ի դեպ, ծավալուն հարցազրույցում անդրադարձել է նաև Հայաստանի կառավարության ղեկավարի՝ ընդդիմադիր շրջանի նախաձեռնություններին: Հիշեցրել, թե ինչպես էր Նիկոլ Փաշինյանն այն ժամանակ քննադատում ՀԱՊԿ-ը, ԵԱՏՄ-ն, ավելին՝ նրա ղեկավարած «Ելք» դաշինքը հանդես էր գալիս ԵԱՏՄ-ն լքելու նախաձեռնությամբ: Մինչդեռ իշխանության գալուց հետո Փաշինյանը փոխել է մոտեցումներն այդ կառույցներին անդամակցելու վերաբերյալ: Այժմ հայկական քաղաքական դիսկուրսում տեղաշարժ է նկատվում ԵՄ-ի հետ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ, ինչն, ըստ Լավրովի, չի բխում հայ ժողովրդի շահերից:

Չնայած հռետորաբանության կոշտացմանը՝ իշխանական Արսեն Թորոսյանն ասում է՝ եթե ռուսական կողմը վերադառնա կառուցողական դաշտ և կատարի բոլոր դաշնակցային պարտականությունները, ապա հարաբերությունները զարգացնելու տեղ կա:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG