Մատչելիության հղումներ

Ելման կետը, որտեղից սահմանը պետք է ուրվագծվի, ճիշտ է Տավուշից սկսելը. Ալեն Սիմոնյան


Ելման կետը, որտեղից սահմանը պետք է ուրվագծվի, մեր կարծիքով և արդեն ակնհայտ է, ճիշտ է Տավուշից սկսելը, որովհետև այնտեղ վիճելի մասերը ավելի քիչ են, լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Նրա խոսքով, սակայն, Հայաստանի տարածքի որևէ մաս սակարկման չի ենթարկվելու։

«Ամենապարզ օրինակը՝ արդեն 2 տարի է՝ միջանցքի մասին է խոսքը գնում, բա ինչո՞ւ զիջման չգնացինք, որովհետև դա ակնհայտ է, դա մեր իրավասության գոտում է։ Բայց որ ինչ-որ տեղից քարտեզագրումը պետք է սկսվի, դա ակնհայտ է», - նշեց նա։

«Տավուշի մարզով սկսելը մեզ համար էլ է ընդունելի։ Մնացած մասով վեճ կա», - հավելեց իշխանության ներկայացուցիչը։

Հայաստանի ուզածը սահմանի կետ ստանալն է, ասաց նա՝ շարունակելով, որ այն տեղերում, որտեղ Ադրբեջանն է առաջ, բնականաբար, ադրբեջանական զորքերը պետք է հայելային ձևով հետ քաշվեն. - «Որտեղ Հայաստանն է առաջ, Հայաստանը պետք է ետ քաշվի»:

Պաշտոնական Բաքուն Երևանից պահանջում է անհապաղ իրեն վերադարձնել Տավուշի մարզի ու Ղազախի շրջանի սահմանագծին գտնվող չորս գյուղերը։

Տավուշի գյուղերի բնակիչների հետ հանդիպումների ժամանակ Հայաստանի վարչապետն ասել է՝ ՀՀ-ի քաղաքականությունն է պատերազմ թույլ չտալ։ Նա խոսել էր Տավուշի մարզի հայկական գյուղերի՝ Ոսկեպարի, Բաղանիսի, Կիրանցի և Բերքաբերի դիմաց գտնվող սահմանը որպես մեկ ամբողջական կտոր սահմանազատելու մասին։

Ալեն Սիմոնյանն այսօր նաև չբացառեց, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Ֆոն դեր Լայեն-Բլինքեն հանդիպումից առաջ Բաքուն իր հայտարարությամբ հնարավոր սադրանքի համար հող է նախապատրաստում։

«Չեմ պատրաստվում ու անշնորհակալ գործ է ընդհանրապես Ադրբեջանի գործողությունների հետ կապված միանշանակ ինչ-որ մեկնաբանություններ տալ կամ միանշանակ որևիցե այո կամ ոչ ասել», - պատասխանելով «Ազատության» հարցին՝ ասաց խորհրդարանի նախագահը։

Բաքուն «կողմնակալ, երկակի ստանդարտների վրա հիմնված» է որակել Հայաստանի վարչապետի, Միացյալ Նահանգների պետքարտուղարի ու Եվրոպական հանձնաժողովի նախագահի Բրյուսելում կայանալիք հանդիպումը։

Ալեն Սիմոնյանը այդ հանդիպման օրակարգի մասին մանրամասներ չասաց։

XS
SM
MD
LG