«Ստի որ կանգնում ես հեռախոսդ միացնում, ասում ա սա Ադրբեջանի տարածք ա». - ոսկեպարցի Ֆեդյայի 50 տարի առաջ կառուցած տնից մի քանի ոտնաչափ հեռու հարևան պետությունն է։ Նոր սահմանազատման դեպքում տան բակը՝ խորդանոցի, հացի փռի ու մուտքի դարպասների հետ, կարող է Ադրբեջանին անցնել։ Իր տնկած հոնենիները խորհրդային տարիների սահմանագծին են։
«Էն փուռը, էս սարայի էն կոմերը, հոնըքերը էն նախկին գրանիցումն ա տնկած», - «Ազատությանն» ասաց Ֆեդյան, կինը հավելեց. - «Հոնի ծառերը ընկնում ա իրանց տարածքը»:
Դեռ 70-ականներին ադրբեջանցի սովխոզի նախագահը Ֆեդյայի ընտանքին անձամբ է թույլատրել տան առջևով անցնող գյուղական ճանապարհը մի քիչ հեռացնել իրենցից, որ մանկահասակ երեխաները բակում խաղ անեն, ճանապարհից էլ քիչ հեռու լինեն։ Պատմում է, որ դրա համար անգամ տրակտոր է հատկացրել. - «Էն ժամանակ Ադրբեջան-Հայաստան չկար, սաղ Սովետական Միությունն էր, ոչ մի բան էլ չկար: Ես գնացի, էդ սովխոզի դիրեկտորն էլ մեզ մոտիկ էր՝ իմ օղորմածիկ հոր հետ մոտիկ էր»:
Այժմ Տավուշից սկսվող հնարավոր սահմանազատման մասին պաշտոնական հայտարարություններից հետո մոլորվել են՝ Հայաստանից Ադրբեջան քայլերն են հաշվում ու արյունալի պատերազմից հետո դրկիցների հետ համատեղություն չեն պատկերացնում. - «Ստեղից էն կողմ Ադրբեջանի տարածք ա»:
Ոսկեպարի այս նրբանցքում ութ ընտանիք է ապրում, ոմանք՝ տան սեփականության վկայականով, մյուսներն՝ առանց սեփականությունը հաստատող փաստաթղթի։
Փողոցի վերևում Ֆեդյայի հարևաններն են, որ իրենց տունն ավելի ուշ՝ 90-ականներին են կառուցել, երբ արդեն Ոսկեպարին հարակից Աշաղը Ասկիպարայից ադրբեջանցիները հեռացել էին, ու տարածքը Հայաստանի վերահսկողության տակ էր անցել։ Ամուսիններ Արտեմին ու Սիրվարդին տեղի իշխանությունները բանավոր թույլատրել են, տունն ու տարածքը չափագրել, հասցե տվել, գազ, հոսանք ու ջուր հասցրել, բայց՝ առանց կադաստրի վկայականի։
«Իրանք էկել են չափել-ձևել, վի կացել գնացել, էլ ոչ մի բան: Վկայական՝ գնացինք, ասեց՝ ըլում չի: Պատճառը, եսիմ, ասում ա՝ Ադրբեջանի տարածք ա, պատճառն էտ ա, էլ ուրիշ բան չկա: Շատ ենք դիմել՝ Երևան էլ ենք դիմել, Նոյեմբերյան էլ ենք դիմել, ամենակարևորը Նոյեմբերյանն ա, գնացել եմ ես դիմել, ասել ա՝ հնարավոր չի», - պատմեց Արտեմը:
Տունը կառուցելուց տարիներ անց՝ վերջերս վերանորոգել են, բարեկարգել։ Որդիների ամուսնանալու ժամանակն է, բայց ամբողջ կյանքի ստեղծածից զրկվելու վտանգի տակ են։
«Ռեմոնտ արի, որ իմ էրեխեքին պսակեմ կամ մի բան անեմ, էլի, հոմ հլե սե չենք մնալու: Ասինք՝ լավը կլնի: Էն էլ տներս սկսել ենք, արդեն պրծնելու վրա էր՝ էկան ժողով արին խառնեցին իրար», - պատմեց Սիրվարդը:
Օրերս գյուղ այցելած վարչապետ Նիկոլ Փաշինյանին էլ էին հասցրել իրենց մտահոգությունը, պնդել՝ չեն զիջի՝ վտանգավոր է ոչ միայն սահմանի ութ ընտանիքների, այլև՝ ամբողջ Ոսկեպարի ու հարակից գյուղերի համար։ Երկրի ղեկավարը պատասխանել էր՝ «ձեր իսկ օգտին ենք անում, որ պատերազմ չլինի»։ Հավաստիացրել՝ կորցրած տների դիմաց Կառավարությունը պատրաստ է փոխհատուցել։
«Երբ որ խոսում ենք տների մասին, եթե Հայաստանի Հանրապետության տարածքում չի, ժողովուրդ ջան, Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք ա ասի՝ «հարգելի՛ քաղաքացի, մի տուն ա, թե իրեք տուն ա, թե հինգ տուն ա, էս տունը, ինչքա՞ն պետք ա քեզ փոխհատուցենք, որ դու Ոսկեպար գյուղում ուրիշ տեղ՝ գանք մենք տուն կառուցենք, փողը տանք՝ դուք կառուցեք»: Էն տները, որոնք սահմանին էնքան մոտ են, որ մարդը կասի՝ «գիտե՞ս ինչ, ես չեմ ուզում էս տանը ապրեմ, ես չեմ ապրելու էս տանը, կասենք՝ շատ լավ», - հայտարարել էր Փաշինյանը:
Մինչդեռ տների դիմաց փոխհատուցելու Կառավարության խոստումները ոսկեպարցիներին չեն սփոփում։ Ասում են՝ ոչ մի դեպքում չեն հեռանա իրենց տներից։
«Ի՞նչ [փոխհատուցում]` փո՞ղ: Չեմ ուզում: Ես ստեղից բացի ոչ մի տեղ չեմ գնա մնամ: Կարամ գնամ, բայց դա ինձ չի սազում», - ասաց Ֆեդյան:
«Ոնչ ստիան դուս տենք գալ, ոնչ էլ էնա: Ես մեր գեղումն ապրել եմ, մեր գեղումն էլ ապրիլ տեմ», - հավելեց Արտեմը:
Ոսկեպարցիները ստորագրահավաք են սկսել՝ իրենց իրավունքների հարցը միջազգային կառույցներին հասցնելու հույսով։ Ահազանգում են՝ եթե զինված ադրբեջանցիները գյուղ իջնեն, կյանքն այստեղ անհնար կդառնա։